Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա աշխարհագրական էական հեռավորությունը որոշակի սահմանափակումներ է ստեղծում երկու երկրների տնտեսական հարաբերությունների համար։ Այդուհանդերձ, Ճապոնիան աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Այս մասին «Օրբելի» կենտրոնին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական։
Դեսպանը մասնավորապես նշել է․
«Ճապոնիան Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական համագործակցության (APEC) անդամ է և նրա հիմնական առևտրային գործընկերներն են Չինաստանը, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Հարավային Կորեան և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) երկրները, որոնք կազմում են ընդհանուրի 65%-ը, մինչդեռ ԵՄ երկրները միասին՝ ընդամենը 10%-ը։
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, ցանկանում եմ ընդգծել, որ Ճապոնիան աջակցում է ՀՀ վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Ճապոնիայի տեսանկյունից, Հայաստանի գլխավոր աշխարհաքաղաքական առավելություններից է նրա ռազմավարական դիրքը՝ Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում։
Սա հատկապես արդիական է այժմ, երբ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո Ճապոնիան կիրառեց տնտեսական պատժամիջոցներ։ Դրա հետևանքով մենք այլևս չենք կարողանում որոշակի տրանսպորտային երթուղիների համար օգտագործել Ռուսաստանի տարածքը։
Նույն կերպ, Սուեզի ջրանցքի և Կարմիր ծովի մերձակայքում անվտանգային ռիսկերն էլ ազդել են ավանդական ծովային փոխադրումների վրա։ Այս ամենը գնալով կարևոր է դարձնում Միջին միջանցքը կամ Արևելք – Արևմուտք միջանցքը։
Օրինակ՝ միայն մի քանի ամիս առաջ Չինաստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով ու Վրաստանով անցնող տարանցիկ ուղիով Toyota ընկերության պահեստամասեր ուղարկվեցին Ճապոնիայից Թուրքիայում գտնվող Toyota-ի նոր գործարան։
Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացվի, կարծում եմ, որ Հայաստանը ներուժ կունենա ամրապնդելու իր տնտեսական կապերը ոչ միայն Թուրքիայի, այլև ԵՄ-ի և անգամ Ճապոնիայի հետ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: