Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը գրում է.
«Հոգու աչքերով» տեսնող Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը, կապված «Համակարգող խումբ» ստեղծելու վերաբերյալ, ակնհայտ աղանդավորական, կամ ավելի մեղմ ասած ոչ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդի» գիտակցություն ունեցող մեկի գրառում էր։
«Համակարգող խմբում» ընդգրկվելու համար, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է ստուգեն կամ «հոգու աչքերով տեսնեն» անդամակցող ցանկացողն արդյոք ա) իր ամբողջ հոգով հավատո՞ւմ է մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, բ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահե՞լ է Մեծ պահքը, գ) ամեն օր աղոթո՞ւմ է։
Եթե մեկը Եկեղեցին քանդողների խմբում ընդգրկվելու համար պիտի գա քեզ մոտ՝ ցույց տալու համար իր հավատքը, դա արդեն իսկ խոսում է հավատքի բացակայության մասին։
Կարդացեք նաև
Մարդն Աստծուն հավատում, աղոթում և պահք է պահում ոչ թե ինչ-որ մեկին ցույց տալու, կամ Եկեղեցու վրա հարձակվելու այցեքարտ ունենալու համար, այլ, առաջին հերթին, իր հոգու փրկության համար, Աստծու հետ իր կենդանի հարաբերությունը ձևավորելու համար։ Իսկ հավատքի, մանավանդ «ամբողջ հոգով» հավատքի չափը, ի սրտե և անկեղծ արված աղոթքը իմանալու համար առնվազն պետք է Աստված լինել։ Իսկ իրենց Աստծու տեղը դնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր կա՛մ ընդհանրապես չեն հավատում Աստծուն, կամ շեղված են ճշմարիտ հավատքից։
Եվ ամենակարևորը, ըստ Աստվածաշնչի՝ «Հավատն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2:17), իսկ Նիկոլ Փաշինյանի գործերը խոսում են հավատքի, թե՞ հավատքի բացակայության մասին, թողնում եմ ընթերցողի եզրակացությանը․․․․