«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական նիստից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ մասնավորապես նշեց, որ «անդրադարձել են ներքաղաքական հարցերին»։
Այն հարցին, թե արդյո՞ք Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացման պահանջը ներքաղաքական հարց է, Արայիկ Հարությունյանը կարճ պատասխանեց՝ «մասամբ այո»։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում նշել էր, որ ստեղծվում է Գարեգին Բ-ին հեռացնելու համակարգող խորհուրդ։ Փաշինյանը նաեւ տեղեկացրել էր, որ ցանկացողները կարող են գրել իր էլեկտրոնային փոստին։
Արդյո՞ք վարչապետն արդեն նամակներ ստացել է՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ առաջիկա օրերին հայտարարություն կլինի այն մասին, թե այդ գործընթացն ինչ ընթացք է ունենալու»։
Կարդացեք նաև
Այն դիտարկմանը, թե այս գործընթացն ընդդիմադիրները քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ են որակում, Հարությունյանը նշեց․
«Գլուխները պատին են տալիս նման հայտարարություններ անողները, երբ խոսում են քաղաքացիական պատերազմ հրահրելու մասին։ Նրանք 2020 թվականի պատերազմից հետո անընդհատ ուզել են քաղաքացիական պատերազմ հրահրել, իրենց փորձերը ձախողվել են։ Քաղաքական ուժեղ ապտակներ են ստացել եւ նստել իրենց տեղը։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ»։