Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուռն» պայքար՝ Փաշինյանին չհեռացնելու գործում

Հունիս 11,2025 12:00

Սկիզբը` այստեղ:

«Միշտ էլ կրակում են…», ի՞նչ եք խառնվել իրար

Մայիսի 28-ին, խաղաղության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերից 24 ժամ չանցած, մայիսի 29-ին, հայտնի դարձավ, որ Սյունիքի Խոզնավար գյուղը դարձյալ ադրբեջանական կրակի տակ է հայտնվել: Պաշտպանության նախարարությունը հաղորդեց՝ գիշերը գյուղում բնակելի տուն է վնասվել: Գերատեսչությունը նաեւ վնասված լուսամուտի լուսանկարներն էր հրապարակել:

Պաշտոնական Երեւանը Բաքվին դարձյալ հորդորել է հետաքննել բնակելի տան գնդակոծումն ու հանդես գալ հրապարակային պարզաբանումներով: Բաքվի արձագանքը չուշացավ. հերքեցին՝ պնդելով, թե իրենք քաղաքացիական անձանց ու օբյեկտների վրա երբեք չեն կրակում:

Տեղի բնակիչները նշում են` «միշտ էլ կրակում են էլի, ամեն օր էլ կրակում են»: Խոզնավարի ու հարեւան Խնածախի բնակիչներն ամեն գիշեր վերսկսվող ադրբեջանական կրակոցների մասին ահազանգում են արդեն ավելի քան երկու ամիս: Երեւանը դրանց մասին պաշտոնապես հաղորդում է միայն այն դեպքերում, երբ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվում: Նկատենք, որ գիշերային կրակոցները սկսվեցին մարտին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց կարճ ժամանակ անց:

Ու մինչ իշխանությունները խաղաղության մասին են խոսում եւ հայտարարում, թե պատերազմ չի լինելու, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժման վտանգին էր անդրադարձել, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է:

Պատահական կրակոցնե՞ր են սրանք… Հայաստանի իշխանությունները դրա պատճառները, եթե որոշեն ներկայացնել, ապա խորքային վերլուծություններ ու եզրակացություններ չեն անելու: Մեղքը կարելի է բարդել հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա ու անցնել: Հասարակական հնչեղության պատճառով, թերեւս, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը միայն հայտնեց, որ Հայաստանն Ադրբեջանից պարզաբանում է ուզել Խոզնավարի ուղղությամբ կրակոցների առնչությամբ, սակայն Ադրբեջանը հրաժարվել է, թե դա իրենք են արել:

Կրակոցների ֆոնին Ադրբեջանի զինված ուժերում դարձյալ վարժանքներ են անցկացվել, նաեւ` համազարկային կրակի «Սմերչ» համակարգերի կիրառմամբ: Ադրբեջանում գրեթե ամեն ամիս զորավարժություններ են անցկացվում, վերջերս նաեւ` Թուրքիայի ու Իրանի հետ համատեղ: Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կրկին զորավարժություններ կանցկացնեն հունիսի 12-ից 19-ը Նախիջեւանում:

Կրակոցներն անշուշտ մտահոգիչ են, այդ կրակոցները քննելու պատրաստակամություն կա մեր կողմից, ինչ-որ դրվագով, կարող ենք ասել, նաեւ, կարծես թե, ադրբեջանական կողմից: Այդ ուղղությամբ այս պահին աշխատանքներ արվում են, անցյալ շաբաթ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել պայմանագիրն, ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա, խորհրդարանում 2024թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անցյալ շաբաթ նշել է ՀՀ ԱԳ նախարարը: «Ինչո՞ւ են կրակում, չեմ կարող ասել, բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ ստեղծենք միասնական, համատեղ հետաքննող մեխանիզմ, որի արդյունքում էլ կարելի է պարզել՝ հրամա՞ն են կատարում այդ զինվորները, ինքնուրույն գործողությո՞ւն են արել»,- միամտորեն հարցեր է հնչեցրել Միրզոյանը:

Փոխադարձ խայթոցներ` խորհրդարանական ընդդիմադիրների շարքերում

Իսկ ինչո՞վ են զբաղված հայաստանյան ընդդիմադիրները, բացի` համացանցում ամենօրյա ռեժիմով «ստատուսագրությունը», «ուղիղ եթերներ» միանալը, լավագույն դեպքում` մամուլի ակումբներ շտապելը` շաբաթը մի քանի անգամ: Գործնականում ոչնչով:

Այժմ իրավիճակ է փոխվել: Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ավելի քան մեկամսյա ակտիվ քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականն իր 4 անդամներից եւ երկու անկուսակցականներից բաղկացած «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկեց թեկնածու առաջադրել: Ժամեր անց «Պատիվ ունեմը» հրապարակեց թեկնածուի անունը` Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է: «Պատիվ ունեմ»-ից պնդում են՝ Համբարձումյանն անցած տարիներին եղել է իշխանության քաղաքական ճնշումների թիրախում, բայց չեն կարողացել Մասիսի քաղաքապետին հանել խաղից: Այդ քայլը ողջունողները վստահեցնում են, որ Դավիթ Համբարձումյանը «մինչեւ վերջ կռիվ տվող» տեսակ է, «հաղթող» տեսակ է:

Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց սկսելու հարցում, ինչպես երեւում է, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ ընդդիմադիրների շարքում: Երկրորդ ու երրորդ նախագահները, նրանց թիմերը փոխադարձ մեղադրանքներ են վերջերս փոխանակել ու շարունակում են փոխանակել նաեւ հիմա:

Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմն» ունի ընդամենը 6 պատգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստանը»՝ 28: Ստացվում է՝ երկու ընդդիմադիր խմբակցություններին հարկավոր է ունենալ նաեւ Փաշինյանի թիմակիցների քվեն: Հնարավոր «առնետավազքի» հավանականությունը մի կողմ թողած՝ արդեն իսկ նկատելի է, որ նույնիսկ այս հարցում երկու ընդդիմադիր խմբակցությունները ինչ-որ տարաձայնություններ ունեն:

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունից չէին շտապում արձագանքել: Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՀՀԿ-ի թեկնածուի անձի հետ խնդիր չէր տեսնում, սակայն նշել էր, թե դիրքորոշում ավելի ուշ կհայտնեն: Ապա հայտնեցին, որ «Հայաստան» խմբակցությունը կաջակցի վարչապետին անվստահություն հայտնելու «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությանը: «Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար»,- նշել էր Սեյրան Օհանյանը։ Նա նաեւ հավելել էր, թե մնացյալ հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ պատրաստ են հավելյալ քննարկման: «Հայաստան» խմբակցությունից նաեւ նշել էին՝ իրենք քվեները կապահովեն առանց նախապայմանների:

Այնուհետեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությանը ծանոթանալուց հետո ինքը զանգահարել է նրան՝ ճշտելու համար՝ ի՞նչ քննարկումների մասին է խոսքը, եւ պայմանավորվելու դրանք սկսելու մասին: «Սեյրան Օհանյանն ասաց՝ օր եւ ժամ կասի, թե երբ ենք մենք հանդիպելու այդ քննարկումները սկսելու համար: Այնպես որ, մենք հիմա սպասում ենք, որ մեզ քննարկումների ստույգ օր ու ժամ ասեն»,- ասել էր Հայկ Մամիջանյանը:

Իմպիչմենտի գործընթացը նախաձեռնողներն արդեն հրապարակային հայտարարում են, որ գործընթացը բարդանում է, որովհետեւ դրան դեմ է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի նպատակը 2026-ի ընտրություններին մասնակցելը, թիրախում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատելն է ու այդպես մի քանի մանդատ նոր խորհրդարանում ունենալն է: Այլ կերպ ասած` Քոչարյանը Փաշինյանին հեռացնելու նպատակ չունի, չի էլ ունեցել, ու քաղաքական «պայքարում» նրանց երկուսի գոյությունը միմյանց օդ ու ջրի պես անհրաժեշտ է:

Սա իրական քաղաքական պայքա՞ր է, թե՞ հասարակությանը ինչ-որ բան ապացուցելու հստակ պրոյեկտ… «Տեսա՞ք, որ ընդդիմադիրները չեն ցանկանում հեռացնել Փաշինյանին…», «ահա՛, թե ովքեր են պահում Փաշինյանի իշխանությունը…» կոնտեքստում մեղադրանքներից, իրավամբ, շահելու է բացառապես Փաշինյանի իշխանությունը: Դրա արդյունքում հասարակությունն էլ ավելի է հիասթափվելու, բացարձակ որեւէ ուժի ու անհատի հետ որեւէ հույս չի կապելու ու մնալու է անհաղորդ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը   որեւէ ակտիվություն ցուցաբերելու հարցում:

Իսկ քաղաքական թեժ ամառն արդեն իսկ գործողության մեջ է: Գլխավոր դատախազը դիմել է Ազգային ժողովին՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: Գլխավոր դատախազը երկու առանձին ծավալուն միջնորդություններում պնդում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սեւան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը եւ առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, ապա հայտարարագրում թաքցրել այդ սեփականությունը: Երկրորդ միջնորդությունում նշվում է, որ Արծվիկ Մինասյանը, լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Սեյրան Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը էական վնաս պատճառելով: Դատախազի դիմումում կալանքի միջնորդություն չկա: ԱԺ-ից փոխանցել են՝ դատախազի միջնորդագրերը կքննարկվեն առաջիկա քառօրյային, որը մեկնարկում է հունիսի 17-ին։

Ու մինչ ընդդիմադիր դաշտում իմպիչմենտի թեմայի շուրջ միմյանց խայթում են, բուռն «պայքարում» միմյանց դեմ, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ազդարարեց, որ խորհրդարանի հաջորդ ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի` հունիսի 7-ին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30