«Հրապարակ»-ի զրուցակիցը ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն է:
– Տպավորություն է, որ Փաշինյանի նպատակն էլ հենց այդ կոնֆլիկտը թեժացնելն է, անգամ՝ քաղաքացիական բախումներ հրահրելը: Նա կոչ է անում համախմբվել ու, ինչպես ինքն է ասում՝ Վեհարանն ազատել:
– Ինքն իր մեջ արդեն հակասությունների այն աստիճանին է հասել, որ ամեն առիթով կոնֆլիկտի է դրդում, հավանաբար, ենթադրում է, որ եթե կոնֆլիկտներ լինեն, կօգտագործի ճնշող մեքենան եւ իր իշխանությունն ավելի ամուր կդարձնի: Տգիտության շղթա է, որից Հայաստանը երբեք չի կարող շահած դուրս գալ: Ցավով եմ ասում, բայց, հավանաբար, կրթության ու դաստիարակության պակասն է խոսում կոնկրետ այդ անձի եւ նրա շրջապատի մեջ: Իսկապես, չեմ ուզում խոսել, որովհետեւ արժանի չեն ինչ-որ վերաբերմունքի, ու կարծում եմ՝ պետք է արտահայտվեն պատկան մարմինները՝ ՄԻՊ-ը, դատախազությունը։ Անպայման պետք է արյուն թափվի, նո՞ր արձագանքեն։
– Պարոն Ասատրյան, այս օրերին առաջին նախագահն էլ հայտնվեց Փաշինյանի թիրախում: Փաշինյանը, որը 2008-ին Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամն էր, իսկ 2012-ին պատգամավոր դարձավ ՀԱԿ-ի ցուցակով, հայտարարեց, թե Լեւոն-Տեր Պետրոսյանն է Հայաստանում ընտրակեղծարարության պրակտիկայի հիմնադիրը, այն բանից հետո, երբ նախագահն այցելեց Մայր Աթոռ ու սատարում հայտնեց եկեղեցուն:
Կարդացեք նաև
– Ցավում եմ, որ այսօրվա իշխողները մեր պատմության նորագույն շրջանից միայն դա են քաղել՝ մոռանալով, որ ընդհանրապես անցումը տոտալիտար համակարգից ժողովրդավարականի հենց այդ շրջանում է իրականացվել։ Իսկ եթե խոսենք ընտրակարգի մասին՝ մեր երկրում տարիների ընթացքում ինչ-որ բան հաջողվել է, ինչ-որ բան չի հաջողվել, նստեք՝ խորացեք, օրինական ընտրությունները դարձրեք մեր կյանքի մասը, փարատեք ամեն ընտրությունից առաջ մեր հասարակության մեջ իշխող այն մտայնությունը, թե այս անգամ ինչպիսի կեղծարարության է գնալու իշխանությունը:
– Փաշինյանն էլ այդ թիմի անդամ էր, ստացվում է, որ ինքն է՞լ է այդ երեւույթի մասնակիցը եղել, ինչից խոսում է:
– Թիմի անդամ է եղել ավելի ուշ: Գիտե՞ք, ես զայրանում եմ, էլի, մարդիկ կան, որ եղել են թիմի անդամ: Դուք թիմի մեջ եք եղել, ամեն ինչ կարող էիք անել հանուն նրա, որ ընտրություններն ավելի օրինական լինեին: Տարիներ են անցել, եւ անցյալի վրա այդ ցեխ լցնելը երբեք եւ ոչ մի խմբի լավ տեղ չի տարել, ապագան այդպես չի կառուցվում։ Մարդիկ եթե անցյալից միայն վատն են տեսնում, չեն կարող քիչ թե շատ նորմալ ապագա կառուցել: Այո, եղել են բազմաթիվ բացեր ու պրոբլեմներ, սակայն շտկեք, լուծեք: Չի կարելի, ըստ իրավիճակի՝ մե՛կ գովերգել, մե՛կ փնովել: Սրանք իշխանությանը ոչ սազական դրսեւորումներ են, էդպիսի իշխանություն չի կարող լինել, հաստատ՝ էդպիսի իշխանությունն ապագա չի կարող ունենալ: Անցյալի հետ այդպես չի կարելի խոսել, անցյալի հանդեպ պետք է լինել նրբանկատ:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: