«Հրապարակը» զրուցել է «Տոնոյան բժշկական կենտրոնի» ղեկավար, դաշնակցական Տարոն Տոնոյանի հետ:
– Երկրում բազմաթիվ խնդիրներ կան, ամենաակտուալ թեման եկեղեցու դեմ սկսված իշխանական գրոհն է, իսկ խորհրդարանական ընդդիմությունը հանրությանը ոչ թե պայքարի է կոչում, այլ ինչ-որ անընկալելի թեմաներ է քննարկում, օրինակ` իմպիչմենտի մասին: Իսկ հանրությունը, հատկապես ընդդիմադիրներին քվե տված քաղաքացիները, ակնկալում են, որ նրանք պայքարի դուրս կգան եւ կառաջնորդեն իրենց: Որպես դաշնակցական` ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, ՀՅԴ-ն չի՞ փորձել վիճաբանող կողմերին` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերին հաշտեցնել, ընդհանուր հայտարարի բերել:
– ՀՅԴ-ն ազգային ազատագրական պայքարի, երկիրը ճգնաժամից հանելու միակ ճանապարհը տեսել է ամբողջ ընդդիմադիր դաշտի համախմբմամբ: Մենք այդպես ենք կարծել եւ առաջնորդվել ենք այդ գաղափարով` Հայրենիքի փրկության շարժման, Դիմադրության շարժման եւ բոլոր ընդդիմադիր շարժումների ժամանակ: Այս պահի դրությամբ մենք հասկանում ենք, որ միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելով չէ, որ հաղթահարելու ենք մարտահրավերները, դրանից հետո էլ պետք է կարողանանք իրավիճակից դուրս գալ, իսկ առանց միասնականության, մանր-մունր հարցերի շուրջ իրար հետ վիճելով, հաստատ, տանուլ ենք տալու երկիրը եւ հաջողության չենք հասնելու: Մինչեւ վերջին շրջանը մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի առճակատումն ավելի չխորանա, կարմիր գծերը չհատվեն նորովի, չգիտեմ, թե որքան է դա մեզ հաջողվել, սակայն արել ենք դա: «Հայաստան» ֆրակցիան արել է հայտարարություն, Դաշնակցության բյուրոն է հայտարարություն արել, մենք կարծում ենք, որ այս պահի դրությամբ ռեալ չէ իմպիչմենտով հասնել հաջողությունների, բայց գուցե կան հարցեր, որոնց մենք չենք տիրապետում, մյուս թեւը տիրապետում է: Ամեն դեպքում, «Հայաստան» ֆրակցիայի պատգամավորները տվել են իրենց համաձայնությունը եւ իմպիչմենտին միանալու են, բայց, միեւնույն ժամանակ, մեր ժողովրդին պետք է անընդհատ զգոն պահենք: Մեր հիմնական խնդիրը երկրի անվտանգության հարցն է, անվիճելի փաստ է, որ եկեղեցին պետության հենասյուներից է: 1700 տարվա եկեղեցին իր պատմությամբ արդեն իսկ ապացուցել է մեզ դա: Բարձրացնում են կուսակրոնության հարցեր, իբրեւ թե առաջնորդվում են դրանով, բայց սա ո՛չ կուսակրոնության հարց է, ո՛չ էլ անգամ անձերի հարց է, այստեղ խնդիրը Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող հրահանգներն են, որոնք պարտաճանաչ կատարում է թուրք-ադրբեջանական զինվորը, այդ դավաճանը: Հուսանք՝ այս ընթացքում շատ բաներ ջրի երես կբարձրանան: Տա Աստված, որ իմպիչմենտով կարողանանք ազատվել չարիքից: Մենք միայն ուրախ կլինենք, մեզնից հասնում է աջակցել, մենք աջակցում ենք:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: