«Կառավարությունը միլիարդների բյուջետային աջակցության վարկեր է վերցնում՝ ի հավելումն ծրագրային վարկերի, եւ դա հիմնավորում է կապիտալ շինարարության անհրաժեշտությամբ։ Ուզում եմ ուղղակի նշեք՝ մենք մեր սեփական փողերից ինչքա՞ն ենք դնում կապիտալ շինարարության վրա»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ՏԿե նախարար Դավիթ Խուդաթյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Խուդաթյանն ի պատասխան ասաց, որ, օրինակ, որպես սուբվենցիա համայնքներին հատկացված 31,8 մլրդ դրամը բյուջեից է, առանց վարկի ներգրավման։ «Այսօր իմ թվարկած ծրագրերի 90 եւ ավելի տոկոսը, որոնք կապիտալ բնույթի են եղել, ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից՝ առանց վարկերի ներգրավման»,- ասաց նախարարը։
Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի աղբավայրերի հարցին․ «Այո, շատ լավ է, նոր մեքենաներ են, աղբահավաքները նոր արտահագուստով են։ Տեսանելի ինքը գեղեցիկ է, բայց խորքային պրոբլեմը չի լուծվում, ոնց որ սատկած ձկան վրա օդիկալոն փչես, որ հոտը չերեւա։ Վերջիվերջո այն երկու ծրագրերը, որոնք սկսել էիք, ո՞ւր ենք հասել»։
Կարդացեք նաև
Դավիթ Խուդաթյանն ասաց, որ Հայաստանում եւս 3-4 նոր աղբավայր է անհրաժեշտ լինելու։ Այս պահին ուսումնասիրություն է իրականացվում դրանց տեղաբաշխման հարցով։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ