Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես վստահ եմ, որ Առուշ Առուշանյանը ՔՊ-ից չէ, և չեմ կարծում, որ ընդհանրապես քննարկվել է նման հարց։ Եվ ոչ միայն Առուշ Առուշանյանը»․ Ռոբերտ Ղուկասյան

Հունիս 11,2025 12:56

«Սյունեցիների շրջանում դժվար թե խուճապ տարածվի այս ձևով։ Թե բուն նպատակը որն է, դժվար կպատասխանեմ։ Այն, որ այդ կրակոցները գիշերային ժամերին լսելի են, այդպես է։ Նպատակները կարող են տարբեր լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ադրբեջանի կողմից կրակոցների նպատակը խուճապ տարածե՞լն է։

Հարցին՝ այս կրակոցների ֆոնին մարդիկ ինչպե՞ս հավատան, որ խաղաղություն կլինի, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց․ «Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Ցերեկային ժամերին ընդհանրապես կրակոցներ չեն լսվում, հատուկ գիշերային ժամերին են դրանք լինում»։

Սյունիքի մարզպետը նաև հայտարարեց՝ հերքում եմ, որ մարդիկ ուզում են լքել Սյունիքը։

Լրագրողները խնդրեցին մանրամասներ ներկայացնել վերջերս Արավուսում մոլորված երիտասարդների հետ կատարվածի մասին։ Նա նշեց․ «Երբ այդ լուրը տարածվեց, ինքս չէի ուզում որևէ բան ասել, քանի որ չէի տիրապետում մանրամասներին, ինչ էլ ասեի՝ չէր լինի հարյուր տոկոսանոց տեղեկատվություն։ Այս պահին իմ ունեցած տեղեկություններով՝ իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ՝ ավելի շատ սպասել են մութն ընկնի, նոր վերադառնան»։

Լրագրողների դիտարկմանը՝ ԱԱԾ-ն հակասո՞ւմ է ինքն իրեն՝ մի հաղորդագրությամբ նշել էր, որ երիտասարդները մոլորվել ու հայտնվել են Ադրբեջանի տարածքում, մյուս հաղորդագրությամբ հերքել էր դա, Ռոբերտ Ղուկասյանն այսպես արձագանքեց․ «ԱԱԾ-ն նախ այդ հատվածում ծառայություն չի իրականացնում։ Ցավոք, հիմնականում այսպիսի դեպքերը լինում են նման հատվածներում։ Տարբեր մարդիկ լուրեր հայտնում, բայց ամբողջական տեղեկատվության հիմքի վրա դա վարկած էր, որը հետո հերքվեց»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր համար ընդունելի՞ է այն, որ այս օրերին իշխանությունները օրակարգային են դարձրել Վեհափառից ազատվելու հարցը, Ռոբերտ Ղուկասյանը խուսափեց պատասխանել ու նշեց․ «Որպես հայ մարդ կցանկանայի՝ այնպիսի իրավիճակ լիներ, որ ընդհանրապես այսպիսի դրվագներ չլինեին։ Կա հարցադրում, ինչ-որ մի փուլում կլինի պատասխան, որը կլուծվի ի շահ հայ ժողովրդի։ Ինձ համար ընդունելի է միայն այն, ինչ մեր ազգային ու պետական շահերից է բխում, որ ժողովրդի կամքով լինի»։

Հարցին՝ ինչպե՞ս կարողացաք, ի՞նչ տեխնոլոգիա կիրառեցիք Սյունիքի՝ ընդդիմադիր համայնքապետերին համախմբելու Ձեր և Նիկոլ Փաշինյանի շուրջ, Սյունիքի մարզպետն այսպես պատասխանեց․ «Իրականությունն այն է, որ ցանկացած համայնքի ղեկավարի մտահոգում է իր համայնքի խնդիրները։ Բնականաբար, չի կարող համայնքը կառավարության հետ չհամագործակցել, հետևաբար կառավարության հետ համատեղ կան բազմաթիվ աշխատանքներ։ Այդ տեխնոլոգիայի անվանումն աշխատանքն է։ Անկախ նրանից՝ ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, այդ աշխատանքները պետք է իրականացվեն։ Ուղղակի պետք է անկեղծ աշխատել»։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի՝ ՔՊ-ի հետ համագործակցելու հարցերի առիթով էլ Ռոբերտ Ղուկասյանն ասաց․ «Ես վստահ եմ, որ Առուշ Առուշանյանը ՔՊ-ից չէ, և չեմ կարծում, որ ընդհանրապես քննարկվել է նման հարց։ Եվ ոչ միայն Առուշ Առուշանյանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Առուշ Առուշանյան» դաշինք ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30