«Ձեզ չի մտահոգո՞ւմ քաղաքաշինական, կառուցապատման այն պատկերը, որն ունենք Երեւանում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարցրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Ավինյանն ի պատասխան ասաց․ «Շատ դեպքերում շենքերը, որոնք կառուցվում են, եւ մենք տեսնում ենք, դրանց շինթույլտվությունը կարող է տրված լինել տարիներ առաջ։ Մենք ունենք շինթույլտվություններ՝ 2010-ականների սկզբին տրված, նույնիսկ՝ 2000-ականների վերջին»։
Ավինյանն ասաց, որ ինստիտուցիոնալ նոր կանոններ են սկսել ներդնել քաղաքաշինության ոլորտում։ «Մասնավորապես, Փարիզի Լիոնի օրինակով իրականացնում ենք որոշակի քառակուսի մետր կառուցվող տարածքի համար կոնկրետ ծառատեսակների քանակի ու տեսակների ֆիքսում։ Եվ այսպիսի կանոններն են, որ ավելի ու ավելի կանոնակարգում են շինարարության ոլորտը»,- ասաց նա։
Ավինյանի խոսքով՝ շինարարության մեջ փոշին կլանող ցանցերի կիրառման հարցում պատգամավորների աջակցության կարիքը կա։ «Մի անգամ եկել ենք ձեզ մոտ, ասել են՝ եկեք տուգանքն ավելացնենք։ 60 հազար դրամ էր տուգանքը, թե 70 հազար։ Էդ ցանցերը դնելը կարող է մի 7 մլն լինի կամ 10 մլն դրամ։ Պարոն Նազարյան, դուք տուգանքը կմուծե՞ք, թե՞ 10 մլն կծախսեք եւ ցանցերը կդնեք»,- հավելեց Ավինյանը։
Կարդացեք նաև
Տիգրան Ավինյանը նաեւ ասաց, որ մի քանի բենզալցակայաններ պետք է քանդվեն Երեւանում, իսկ 2023 եւ 2024 թվականներին 20-ից ավելի բենզալցակայաններ քանդվել են արդեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ