2025 թվականի հունիսի 11-ին Լիլիթ Աղեկյանն իր փաստաբան Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ, ներկայացել է ՀՀ Շիրակի մարզի քննչական կոմիտեի քննչական վարչություն՝ մասնակցելու քննիչ Միքայել Ավետիսյանի նախաձեռնած ինչ-որ ապացուցողական գործողություններին։ Հիշեցնենք, որ վերը նշվածի մասին, Լիլիթ Աղեկյանի մայրիկին նախօրեին՝ հունիսի 10-ին, տեղեկացվել էր իր բնակարան եկած երեք ոստիկանների միջոցով։
Լիլիթ Աղեկյանն ու իր փաստաբանը ժամանել են քննչական վարչություն նախանշված ժամին՝ 09:30-ին։ Ընդունարանի միջոցով քննիչին տեղեկացվել է նրանց ժամանման մասին։ Սակայն քննիչը, իմանալով, որ փաստաբանը Զարուհի Փոստանջյանն է, հայտնել է, որ վերջինս պետք է սպասի, քանի որ հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը շուտով կմիանա նրան և միայն այդ դեպքում Աղեկյանը կկարողանա մասնակցել քննիչի կողմից նախաձեռնված գործողությանը։
Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը տեղ է հասել ուշացումով և հայտնել, որ ինքն է իրականացնելու Լիլիթ Աղեկյանի պաշտպանությունը։ Հարցին՝ արդյո՞ք ծանոթ է գործի նյութերին, պաշտպանը պատասխանել է, որ դեռ ծանոթ չէ և պատրաստվում է այդ պահին ուսումնասիրել։ Նշենք, որ այդ պահին քննիչի նշանակած ժամանակից արդեն անցել էր առնվազն 5 րոպե։
Լիլիթ Աղեկյանը հրաժարվել է հանրային պաշտպանի պաշտպանությունից և քննիչին գրավոր դիմումով տեղեկացրել այդ մասին։ Ավելի ուշ պարզվել է, որ հանրային պաշտպանի ներգրավումը նախապես համակարգվել է հենց քննիչ Միքայել Ավետիսյանի կողմից, որը զանգահարել է նրան հունիսի 10-ին՝ երեկոյան ժամի։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Լիլիթ Աղեկյանին նույն գործի շրջանակում քննիչի կողմից ծանուցումը ուղարկվել է ոստիկանության երեք աշխատակիցների միջոցով: Այսինքն, քննիչ Ավետիսյանն ունենալով բավարար մեկ ամիս ժամանակ կալանքի տակ գտնվող Լիլիթ Աղեկյանի հետ ոչ մի քննչական գործողություն չէր իրականացրել, մինչդեռ Լիլիթ Աղեկյանին կալանքից ազատելուց հետո անմիջապես անցել է նրան ոչ իրավաչափ անհանգստացնելու գործին:
Հայտնում ենք, որ Լիլիթ Աղեկյանը ջանասիրաբար հավաքում և փաստաթղթավորում է իր նկատմամբ իրականացված ոտնձգությունների վերաբերյալ տվյալները՝ նախաձեռնելով դրանց հեղինակներին իրավական կարգով պատասխանատվության ենթարկելու գործընթացը։
Տեղեկացնում ենք, որ պատասխանատվության կանչելու համար Լիլիթ Աղեկյանը երեկ 10.06.2025 թվականին գործարկել է Դատարանում հայցի հարուցում ընդդեմ` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի: Պահանջելով Արթուր Պողոսյանի հեղինակությամբ և ստորագրությամբ փոստային առաքանու (նամակի) փոխանցման միջոցով Լիլիթ Աղեկյանին և էլեկտրոնային փոստով փոխանցելու միջոցով «Առավոտ» (հասցե՝ [email protected]), «Հրապարակ» (հասցե` [email protected]), «Հայելի ակումբ (հասցե`[email protected]) լրատվամիջոցներին տրամադրել հայտարարության տեքստ, որը պետք է ունենա հետևյալ բովանդակությունը՝ «Ես՝ Արթուր Պողոսյանս 2025 թվականի մայիս 12-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից տարածել եմ հայտարարություն Լիլիթ Աղեկյանի մասին, հայտնում եմ, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ես զրպարտել եմ տիկին Լիլիթ Աղեկյանին և խախտել եմ նրա անմեղության կանխավարկածը, որի համար զղջում եմ և ներողություն խնդրում տիկին Լիլիթ Աղեկյանից»:
Լիլիթ Աղեկյանը հարուցված հայցով նաև պահաջել է Արթուր Պողոսյանից հօգուտ իրեն բռնագանձել հինգ հարյուր հազար ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում և հինգ հարյուր հազար ՀՀ դրամ՝ անմեղության կանխավարկածը խախտելու համար հատուցում:
Լիլիթ Աղեկյանի փաստաբան՝ Զարուհի Փոստանջյան