«Ես ՔՊ վարչության անդամ չեմ, կոռեկտ չեմ համարում վարչության նիստից ինչ-որ բան մանրամասնել»,- հարցին՝ Կաթողիկոսի փոփոխության իրենց նախաձեռնության առնչությամբ ի՞նչ է երեկ քննարկվել ՔՊ վարչության նիստում, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Լրագրողների փաստմանը՝ հանրության մեծ զանգված գնացել էր «Զվարթնոց» օդանավակայան՝ Վեհափառին դիմավորելու, Դավիթ Խուդաթյանն այսպես արձագանքեց․ «Հանրության մեջ կա որոշակի հատված, որը կարող է գնալ և ցանկություն է հայտնել գնալ «Զվարթնոց» օդանավակայան դիմավորելու։ Դրա հետ կապված մեկնաբանություն չունեմ։ Ի՞նչ նկատի ունեք՝ մեծ զանգված ասելով։ Եթե քաղաքական ողջ ընդդիմադիր դաշտը կոչ է անում մարդկանց գնալ օդանավակայան և դիմավորել, ու դրանից հետո ընդամենը 1500-2000 քաղաքացի է այնտեղ լինում, մեկնաբանությունը թողնում եմ ձեզ»։
Հարցին՝ թվերը որտեղի՞ց գիտեք, Դավիթ Խուդաթյանն այսպես պատասխանեց․ «Ցանկացած մարդ, որը երբևէ եղել է «Զվարթնոց» օդանավակայանի այդ հատվածում, պատկերացնում է, որ այդ հատվածում ավել մարդ տեղավորել հնարավոր չէ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի հայտարարությունը կաթողիկոսական նոր ընտրությունների հետ կապված որքանո՞վ է տեղավորվում օրինականության մեջ, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Վարչապետը հայտարարել է, որ ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը որոշակի գործողություններ կիրականացնի, և այդ աշխատանքը բացառապես լինելու է ՀՀ սահմանադրության ու գործող օրենքների շրջանակներում։ Խնդրում եմ այդ մասով կասկած չունենաք։ Ընդհանուր առմամբ մեր բոլոր գործողությունները, որոնք վերջին յոթ տարիներին եղել են, եղել են ՀՀ գործող օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում։ Ինքս բացառում եմ, որ մենք գնանք օրենքներին, Սահմանադրությանը, նաև բարոյականությանը հակառակ»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ օրինակ՝ ինչպե՞ս են որոշելու այդ խմբի անդամների բարեվարքությունը, ո՞նց են պարզելու, որ այդ մարդն ամեն օր աղոթում է և այլն, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Հասկանալի է, որ որոշակի բաներ բարոյականության և անձի ազնվությանն են թողնելու։ Նույն ամեն օր աղոթելու հանգամանքը․ մենք վստահ ենք, որ մյուս այլ բաների մասով ստուգման մեխանիզմներ կան։ Այնտեղ, որտեղ հնարավոր է ստուգում իրականացնել, կիրականացվի։ Այնտեղ, որտեղ պիտի թողնվի մարդու ազնվությանը, պիտի թողնվի մարդու ազնվությանը։ Ես հաշտ չեմ այն կարգի ու ավանդույթի խախտման հետ, որը տեղի է ունեցել վերջին տարիներին՝ օրինակ՝ կուսակրոնության խախտումը և ոչ միայն։ Ինձ մոտ տպավորություն է, որ քրիստոնյաներից շատերը հաշտ են սրա հետ, և այդ՝ հաշտ լինելը ինձ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ