Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ եկեղեցու հոգևորականները, որ իրենց թույլ են տալիս ամեն ինչում խառնվել, դա թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չէ՞»․ Հայկ Ղալումյան

Հունիս 11,2025 15:26

«Էդ եկեղեցու հոգևորականները, որ իրենց թույլ են տալիս ամեն ինչում խառնվել, դա թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չէ՞»,- հարցին՝ ընդունելի՞ է այն բառապաշարը, որով իշխանության ներկայացուցիչները խոսում են եկեղեցականների և եկեղեցու մասին, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Նաև հավելեց․ «Թող էդ եկեղեցականները մտածեն, որ հայ ժողովրդի մեծ մասն աղոթում և մոմ է վառում այն եկեղեցիներում, որտեղ սպասավոր չկա, թող դրա մասին մտածեն։ Մեր երկրի վարչապետի քաղաքականությանն ամբողջությամբ կողմ եմ՝ հարյուր տոկոսով»։

Նա պնդեց՝ կատարվողը եկեղեցու դեմ չի ուղղված․ «Կոնկրետ վարչապետի կողմից հնչել է հարցադրում, որին տևական ժամանակ պատասխան չի եղել։ Վեհափառի դեմ չի ուղղված այս ամենը, ուղղված է այն մարդու դեմ, որը խախտել է կուսակրոնության ուխտը»։

Տավուշի մարզպետն ասաց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդի կողմից Տավուշի մարզում կրակոցներ չեն եղել։ Սահմանազատման գործընթացից էլ տեղեկություն չունի. այս պահին գործընթաց չկա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Կիրանցի պատն ինչո՞ւ ճաքեց, Հայկ Ղալումյանը պատասխանեց․ «Հիմնականում այդ գործընթացներն իրականացվել են կարճ ժամանակահատվածում, որը պարզ է՝ իր հետևանքներն ունենալու էր։ Չեմ գտնում, որ մեծ աղետ է։ Վերականգվող հարց է»։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի այն բնութագրումը, թե մեր եկեղեցիները «չուլանացված են» և արդյոք այդպիսի եկեղեցիներ տեսե՞լ է, Հայկ Ղալումյանը պատասխանեց․ «Միանշանակ, եթե եկեղեցին սպասավոր չունի»։ Լրագրողների հարցին՝ ո՞ր եկեղեցին է, Հայկ Ղալումյանն այսպես արձագանքեց․ «Էդ սադրիչ հարցերով ի՞նչ եք ուզում։ Չեմ պատասխանում»։ Լրագրողներն ասացին, որ չեն հավատում նրա ասածին, Հայկ Ղալումյանն ասաց․ «Չեք հավատում, մի հավատացեք»։ Նաև ասացին՝ կարո՞ղ եք լրագրողների համար կազմակերպել այցելություն, գնան, տեսնեն այդ եկեղեցիները, Տավուշի մարզպետը նշեց․ «Իմ ասելիքն այդ մասով ասացի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30