Հայաստանում ներդրվում է վերականգնողական բուժման նոր և աննախադեպ մոդել
«Զինվորի տանը» նոր մասնաշենք է բացվել: Այն կառուցվել է ոչ միայն եղած հնարավորություններն ընդլայնելու, բուժառուների սպասարկման ծավալը մեծացնելու, այլև Հայաստանում վերականգնողական բուժման աննախադեպ մոդել կիրառելու նպատակով: Այս մասնաշենքը «Զինվորի տանը» հնարավորություն կտա իրականացնել կարևոր ծրագրեր: Դրանց շնորհիվ առավել արժանապատիվ պայմաններում ավելի մեծ թվով զինհաշմանդամներ միաժամանակ կկարողանան բուժում ստանալ:
Նոր մասնաշենքում պատրաստ է քայլքի լաբորատորիայի դահլիճը: Բուժառուների հետազոտումն իրականացվելու է նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչը թույլ է տալու 2D ձևաչափով տեսնել, ժամանակին ու առավել հստակ բացահայտել և գնահատել հնարավոր խնդիրները: Այս լաբորատորիան հնարավորություն է տալու հստակ գնահատել քայլքի բոլոր փուլերը և առավել թիրախային բուժել պրոթեզավորված, օրթեզավորված կամ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց: Այս ձևաչափով, օրինակ, պրոթեզավորված մարդու քայլքի ժամանակ գնահատվելու է, թե քայլքը որ փուլում է առավել տուժած կամ որ մկանախումբն է տուժած, և բուժումն այս պարագայում անհամեմատ ավելի արդյունավետ է լինելու: Սա բարձրացնելու է վերականգնողական բուժման արդյունավետությունը:
Viva-ի աջակցությամբ կառուցված նոր մասնաշենքում հնարավոր կլինի իրականացնել նաև սոցիալ-կենցաղային ռեաբիլիտացիա՝ «Կյանքի սենյակ» ծրագրով: Հայաստանում վերականգնողական բուժման այս մոդելն անգնահատելի արդյունք է ապահովելու՝ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու հարցում:
Կարդացեք նաև
Վերականգնողական բուժմանը զուգահեռ՝ առանձնացված գոտիները ծառայելու են այնպիսի հմտությունների ձեռքբերմանը, որոնք կարևոր են կենցաղում անհրաժեշտ գործողությունները միայնակ հաղթահարելու համար, մասնավորապես՝ ինչպե՞ս օգտվել խոհանոցից, երբ հանգամանքների բերումով մարդը ստիպված է դա անել մեկ ձեռքով, ինչպե՞ս ինքնուրույն լոգանք ընդունել կամ սայլակից տեղափոխվել հարմարեցված ավտոմեքենա: Իրավիճակները շատ են և տարբեր, լուծումը՝ վերականգնողական բուժման նոր մոդելի կիրառումը:
««Զինվորի տան» կողքին լինելը կարևոր առաքելություն է Viva-ի համար: Այս կառույցի հետ մեր ճանապարհն սկսել ենք չորս տարի առաջ՝ գիտակցելով իրականացվող ծրագրերի անհրաժեշտությունը: Գործընկերության արդյունքում մեզ հաջողվել է բուժառու երիտասարդների հայացքում տեսնել ոտքի կանգնելու կամքն ու հավատը: Պատասխանատու մոտեցումն ու երկարաժամկետ արդյունք ապահովելու ձգտումը նպաստել են, որ Viva-ն ստանձնի նաև այս շենքի կառուցման առաքելությունը: Ասել, որ այսօր այստեղ նոր մասնաշենք է բացվում, նշանակում է ոչինչ չասել: Սա ոչ թե ուղղակի տարածք է, այլ մեծ նպատակների իրականացման կենտրոն, որտեղ իրենց անհավանական նվիրումն ու ջանքերն են գործադրելու բուժաշխատողները: Հենց այստեղ՝ այս պատերի ներսում են միավորվելու «Զինվորի տան» մյուս գործընկերները, հովանավորներն ու աջակիցները՝ վերականգնողական բուժման նոր և աննախադեպ մոդել ներդնելու համար: Թող այս տարածքն իրական «Կյանքի սենյակ» լինի բուժառուների համար», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Նոր կառուցված մասնաշենքի մեկ հարկում գործելու է հարմարավետ, ընդարձակ ճաշարան: Բուժառու զինվորները հնարավորություն են ունենալու տեղում պատրաստված թարմ կերակուրներով սնվել օրական երեք անգամ:
Ի դեպ, այստեղ բուժառու կարող են լինել նաև քաղաքացիական անձինք (օրինակ՝ կաթվածից (ինսուլտից), վթարից հետո), բայց վճարովի հիմունքներով: Այդտեղից ստացված ամբողջ շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը:
«Viva ընկերության աջակցությամբ «Զինվորի տան» նոր մասնաշենքի կառուցումը մեզ հնարավորություն կտա իրականացնել ծրագրեր, որոնք վաղուց պլանավորում էինք, և այդ ծրագրերի համար նույնպես ունենք պատրաստակամ գործընկերներ, պարզապես այդքան տարածք և շենքային հնարավորություններ այլևս չունեինք: Հիմա արդեն կկարողանանք կյանքի կոչել քայլքի լաբորատորիայի մեր ծրագիրը, կիրականացնենք սոցիալ-կենցաղային վերականգնողական բուժումը և տղաներին կապահովենք առավել հարմարավետ, մեծ ու լուսավոր ճաշարանով, որտեղ օրը 3 անգամ պետք է սնվեն: Եթե այս նոր մասնաշենքը մեր գործընկեր Viva-ի աջակցությամբ չկառուցվեր, այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել»,-ասել է «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը:
«Այս մասնաշենքը մի նոր հնարավորություն է թե զինվորական հաշմանդամների, թե քաղաքացիական անձանց համար: Ինչպես գիտեք, հարյուրավոր, հազարավոր զինհաշմանդամներ «Զինվորի տանը» պետպատվերով բուժում են ստանում: Սակայն այս շենքի կառուցմամբ նրանք առավել հաճախ կկարողանան ստանալ այդ բուժումը, ստիպված չեն լինի հերթի սպասել: Այս պարագայում ոչ միայն զինհաշմանդամները, այլև ավելի շատ քաղաքացիական անձինք կկարողանան մեզ մոտ բուժում ստանալ: Իսկ քաղաքացիների բուժումից ստացված ողջ շահույթը, ինչպես գիտեք, ամբողջությամբ ուղղվում է զինհաշմանդամների խնդիրների լուծմանը», – ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Կարևոր նշանակության նոր մասնաշենքի կառուցման ամբողջ աշխատանքներն իրականացվել են հեռահաղորդակցության առաջատար օպերատորի՝ Viva–ի աջակցությամբ: Այդ նպատակով ընկերությունը նվիրաբերել է 159 մլն դրամ:
Շենքի ներքին հարդարման աշխատանքների մի մասը և նշված ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ գույքը, սարքավորումները ձեռք են բերվելու այլ գործընկերների աջակցությամբ: