Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսենք։ Պատրաստ ենք օժանդակել»․ Իշխան Սաղաթելյանը՝ իմպիչմենտի մասին

Հունիս 11,2025 15:46

«Ժամկետների իմաստով վերջնական հստակություն չկա։ Հայտարարությունը, որը Հայկ Մամիջանյանն արեց, սա էլ է հետաքրքիր տարբերակ։ Սա ենթադրում է, որ ոչ թե պետք է կենտրոնանալ «Հայաստան» խմբակցության վրա եւ փորձել հարցն այլ ուղղությամբ տանել, այլ խնդիրն ուրիշ տեղ է․ պետք է ջանքերը համատեղել, անհրաժեշտ ստորագրություններն ունենալ եւ գործընթացը տանել առաջ։ Եթե բոլորի հասկացողությունը սա է, մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ քայլել, եթե հասկացողությունը կլինի այլ եւ կփորձեն սլաքներն ուղղել այլ․․․ մենք էլ համապատասխան կարձագանքենք»,- «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ իմպիչմենտի գործընթացի հարցով մոտ 1,5 ժամ տեւած բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նեղսրտելով, որ լրագրողները պաշտոնականացրել են երկու ընդդիմադիր խմբակցությունների անդամների զրույցը․ «Հինգ տարի է՝ բանակցում ենք, միասին տասնյակ գործընթացներ են գեներացրել, իրականացրել»։

«Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, գրասենյակում դրված։ Երբ իմպիչմենտի գործընթացը սկսվի, այդ ստորագրությունները պատրաստ են եւ այդ ձեւաթուղթը կփոխանցվի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների ստորագրությունները 34-ն են, իրենց պակասում է եւս երկու ստորագրություն։

Լրագրողի դիտարկմանը՝ կարծես Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցի շուրջ կա համաձայնություն, բայց միաժամանակ նաեւ չկա, քանի որ ՀՀԿ-ն առաջարկում է անվստահության գործընթաց սկսել խորհրդարանում, զուգահեռ էլ փողոցում գործընթացներ գեներացնել, «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է հակառակը՝ փողոցից գործընթացը բերել խորհրդարան եւ հարցին՝ երկու խմբակցությունների ներկայացուցիչների զրույցն ինչի՞ համար էր, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ խոսել են մի շարք հարցերի մասին եւ ժամկետների մասով, եւ անհրաժեշտ ստորագրությունների։

Պատասխաններից գո՞հ են, թե՞ ոչ, Իշխան Սաղաթելյանը չի ասում, միայն արձանագրում է երկու խմբակցությունների հակընդդեմ տեսակետները։ Ամեն դեպքում, փողոցի եւ խորհրդարանում գործընթացները, ըստ նրա, փոխկապակցված պետք է լինեն։

Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտարարեց՝ այս պահին կա իմպիչմենտի մասին հայտարարություն, որպեսզի գործընթացը սկսվի՝ այդ երկու ստորագրությունն է անհրաժեշտ։

Հարցին՝ «Հայաստան» դաշինքին հնարավո՞ր է, որ կաշկանդում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը իմպիչմենտի գործընթացին, որն ասել էր, թե պրագմատիկ մարդ է եւ չի մտնի ի սկզբանե մեռելածին այդ գործընթացի մեջ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ կոնկրետ խորհրդարանական ուժ՝ ՀՀԿ-ն, ստանձնել է այս գործընթացի քաղաքական պատասխանատվությունը, ինչը 15 օր առաջ այդպես չէր եւ առաջադրել է թեկնածու, ինչը ողջունելի է։ Իսկ խմբակցության կարծիքը ձեւավորվում է խմբակցությունում քննարկումների արդյունքում՝ հստակ ծրագրի շրջանակներում։

ՀՀԿ-ի առաջարկած ծրագրի վերաբերյալ ինքն իր անհատական կարծիքը ունի, իր գործընկերներին փոխանցել է. այս ձեւաչափով դեռ նպատակահարմար չի համարում այն բարձրաձայնել։

Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ փողոցային պայքարի բեռը ՀՀԿ-ի վրա չեն թողնելու․ պայքարել են, պայքարելու են․ «Սկսենք։ Պատրաստ ենք օժանդակել։ Իրենք կարեւորեցին, որ այս պահին բլանկի վրա ունենանք 34 ստորագրություն, մենք բացատրեցինք մեր գործընկերներին, իրար հասկացանք»։

Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ տարընկալումներ չկան, «Հայաստան» դաշինքն էլ պատրաստ է պատեհ պահին իր 28 ստորագրություններով միանալ գործընթացին․ այժմ տարածքներում կազմակերպություններն են ուժեղացվում, որպեսզի այս իշխանության դեմ պայքարը հուժկու լինի։ Ամեն ինչ, ըստ նրա, կախված է լինելու նաեւ նրանից, թե եկեղեցու դեմ պայքարն ինչ ծավալով կգնա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30