Հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երեւանում եւ Գյումրիում կկայանա SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը, որի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական եւ վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի հետաքրքիր վայրերում։
«Սա հիանալի առիթ է, որպեսզի խոսենք ոչ միայն ժամանակակից պարի, այլեւ մեր երկրում պարարվեստի մասին ընդհանրապես»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով պարային ամառային փառատոնին։
SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի փառատոնի միջազգային պրոդյուսեր Հայկ Վարդանյանն ասաց, որ փառատոնի միջազգային ներգրավվածությունը տարեցտարի ընդլայնվում է․«Ավանդական, եվրոպական մասնակցությանը նախորդ տարի ամերիկյան թեւն էր միացել, այս տարի էլ հասել ենք Հեռավոր Արեւելք։ Միանգամից հնարավորություն ունեցանք Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի պարուսույցների ներգրավել փառատոնին»։
Նա տեղեկացրեց, որ Սանկտ-Պետերբուրգի «Կաննոն դանս» պարային ընկերությունը ներկայանալու է հարավկորեացի պարուսույց Սուջոն Կիմի «Պարադոքս» ներկայացմամբ։ Հավելեց, որ ճապոնացի հայտնի պարուսույց Կացուրա Կանն արդեն Երեւանում է եւ իր աշխատարաններն է անցկացնում։
Կարդացեք նաև
«Մենք ձգտում ենք նրան, որ հայկական ժամանակակից պարն ունենա իր դիմագիծը, եւ հանդիսատեսի համար պարզ լինի, թե այդ պարը որտեղից է գալիս»,-ընդգծեց փառատոնի միջազգային պրոդյուսերը։
Նշվեց, որ փառատոնի մեկ օրը կնվիրվի հայկական պարադիտման ծրագրին, որի շրջանակում կներկայացվեն հայ պարուսույցների եւ ժամանակակից պարային ընկերությունների լավագույն բեմադրությունները՝ պարուսույցների, արվեստի փորձագետների քննարկմամբ եւ գնահատմամբ:
Հավելենք, որ փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, կազմակերպիչներն են՝ Սարեր» մշակութային ՀԿ-ն, Open Look ժամանակակից պարի միջազգային փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը եւ Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ