«Մենք անընդհատ տեսնում ենք ակնհայտ իրավունքի չարաշահում: Քանիցս դատավորը դիտողություն է անում, որ կարիք չկա կարդալու բողոքները՝ մենք այդ բողոքները կարդացել ենք, կարիք չկա ցուցմունքներին հղումներ կատարելու, դուք կոնկրետ ձեր դիտողություններն արեք, բայց ոչ մի դիտողություն չի արվում: Ակնհայտ նկատում ենք, որ պաշտպանը փորձում է այդպիսով անընդհատ ժամանակ ձգձգել: Ավելին ասեմ, դատարանը անընդհատ պնդում է՝ հետաձգեք ձեր մյուս նիստերը, կարեւորություն տվեք այս գործին: Սակայն տեսնում ենք, որ մյուս կողմից դա չկա, չի արվում: Այսինքն, նրանք անընդհատ փորձում են հետաձգել՝ պատճառաբանելով, որ այլ գործեր ունեն:
Ինչպես տեսաք, այսօր նաեւ մեր պաշտպանը կալանքի նիստ ուներ: Գնաց կալանքի նիստին մասնակցելու: Եվ մենք համաձայնեցինք, որ առանց մեր պաշտպանի էլ համաձայն ենք նիստը շարունակել: Այստեղ ակնհայտ է իրավունքի չարաշահումը: Պարզապես, չենք հասկանում, թե ինչու դատարանը չի կանխում դա, սանկցիա չի կիրառում»,-վերաքննիչ դատարանում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի կամ Ցորի զորամասի գործով դատական նիստից հետո Aravot.am-ի հետ զրույցում տուժողների անունից ասաց Անահիտ Մանասյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ նպատակով կարող է մեղադրվող կողմը փորձել նիստերը հետաձգել, տիկին Մանասյանը պատասխանեց. «Փորձում են անընդհատ նիստերը հետաձգելով ժամանակ շահել, որպեսզի վաղեմության ժամկետով այս գործն ավարտվի: Սույն թվականի հոկտեմբերի 12-ը մեր երեխաների զոհվելու օրն է եւ այդ օրը լրանում է վաղեմության ժամկետը ընդդեմ Ջալալ Հարությունյանի:
Կարդացեք նաև
Պարբերաբար, նրանք փորձում են նույն ոճով մեղադրանքի սլաքն ուղղել այլ սպաների ուղղությամբ, սակայն մենք քանիցս զգուշացրել ենք, տեղեկացրել ենք, որ դեռ նախաքննությունը շարունակվում է եւ այսքանով գործը դեռ չի ավարտվել: Չի եղել որեւէ հրաման, որ գործը համարում ենք փակված: Նրանք պարբերաբար փորձում են այդպես խուսանավել, անընդհատ խոսել այլոց մեղավորությունների մասին եւ որեւէ կերպ շարունակաբար, թեկուզ դատարանը հարցեր է տալիս եւ անընդհատ ուղղում է, որ մենք գործը քննում ենք սույն մեղադրանքի շրջանակում, այնուամենայնիվ, պաշտպանը, կարծես, փորձի դա շրջանցել: Թե ինչու դատարանը չի կիրառում սանկցիա, ես չգիտեմ»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ