Գրականության ինստիտուտում հունիսի 3-ին Շապին Գարահիսարի՝ 110-ամյա հերոսամարտի կապակցությամբ կազմակերպվել էր մեծ միջոցառում, որում Արամ Հայկազի «Շապին Գարահիսար ու իր հերոսամարտը» գրքի (կազմող եւ ծանօթագրող՝ բանասիրական գիտ. դոկտոր Մարգարիտ Մամիկոնի Խաչատրեան) մասին ներկայացվել է Հայկական հանրագիտարան. հրատարակչության, գլխավոր խմբագիր-տնօրեն (1999-ից) Հովհաննես Այվազյանի խոսքը:
Ներկայացնում ենք մի հատված Հովհաննես Այվազյանի գրախոսությունից:
«Ցավոք, մեզանում վաղուց արդեն նման հիշարժան իրադարձություններ են դարձել արեւմտահայության տարբեր հատվածների ինքնապաշտպանական մարտերը, որոնք հիմնականում ավարտվել են ցավալի պարտությամբ, բայց ոգու եւ կամքի հաղթանակով: Դրանցից են Զեյթունի (1915-16), Վանի (1915 ապրiլ-մայիս), Շապին Գարահիսարի (հունիսի 3-29), Մուշի (հունիս-հուլիս), Սասունի (մարտ-օգոստոս), Մուսա լեռան (օգոստոս-սեպտեմբեր), Ուրֆայի եւ Տրապիզոնի (սեպտեմբեր-հոկտեմբեր) եւ այլ ինքնապաշտպանական մարտեր:
Ահա դրանցից մեկի՝ Շապին Գարահիսարի ինքնապաշտպանությանն է նվիրված այդ կռիվներին մասնակից, սփյուռքահայ հայտնի գրող Արամ Հայկազի «Շապին Գարահիսար ու իր հերասամարտը» գիրքը, որը լույս է տեսել 1957-ին, վերահրատարակվել 2023-ին՝ մեր լավ բարեկամ, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանի ջանասիրությամբ:
Կարդացեք նաև
Գիրքը Շապին Գարահիսարի հերոսամարտի օրերին նահատակված հերոսների մի իսկական հուշարձան է, իսկ փրկված ու աշխարհով մեկ սփռված շապինգարահիսարցիների համար՝ անկոտրելի կամքի դրսեւորման դյուզազներգություն: Ահա այդ մասին է գրքի առաջաբան-երկու խոսքը. «Մելանով ու արցունքով գրուեցաւ ուշացած այս հատորը: Ջանացինք զայն ընել հնարաւոր չափով լման ու անկողմնակալ: Փառքը չբաժնեցինք կուսակցութեանց եւ անհատներու միջեւ, որովհետեւ այդ բանը դէմ պիտի ըլլար Անանց կամքին, ոգիին, սկզբունքներուն:
Թուրքն իսկ, երբ կը ջարդէր մեզ, խտրութիւն չդրաւ մեր միջեւ, չհարցուց մեր Հնչակեան կամ Դաշնակցական ըլլալը: Հայ էինք, ու այդ բաւեր, որ կացինը թափով իջնէր մեր արմատին:
Ուրիշ ճշդում մըն ալ:
Թող չկարծուի, թէ Շապին Գարահիսարի հերոսամարտը պատահմունքի արդիւնք էր, չէ, այդպես չէր, ոչ ալ ծրագրուած էր՝ իբր անկախութեան պայքար կամ պետութիունը ներսն պայթեցնելու փորձ, այլ պարզապէս խառնուածքով ըմբոստ մարդոց կողմէ ինքնապաշտպանութեան սրբազան իրաւունքին կիրարկումն էր տխմար ու անօրէն պետութեան մը դէմ: Գարահիսարցիք գալիք սեւ օրը նախատեսած էին (թեւ ոչ իր ամբողջ տեւողութեամբ եւ ահավորութեամբ) եւ պատրաստուած՝ պատահականութեանց դէմ: Ահա, թէ ինչու, երբ եկաւ պահը, մատերը բլթակին վրայ էին:
Ու եթէ իրենց սրբազան խոյանքը յաղթանակով չպակուեցավ, մեղքը իրենցը չէր: Պարտուեցանք: Իջաւ սեւ վարագոյրը:
Մեր պատմութեան մեջ պարտութեանց փառքեր շատ կան:
Հատ մըն ալ Գարահիսարինը: Փառք պարտուածներուն» (Արամ Հայկազ, 1 Յունուար, 1957):
Արամ Հայկազն այս գիրքը ձեռնարկելիս 1956թ.-ին դիմել է աշխարհի տարբեր ծայրերում ապաստանած գարահիսարցիներին եւ խնդրել նրանց հիշողությունները հերոսամարտի մասին, պատմությունն առավել ամբողջական դարձնելու նպատակով, ու շատերից ստացել պատասխաններ:
…Արամ Հայկազը «Սարսափելի գիշեր» է վերնագրել հունիսի 2-ի (երկուշաբթի) գիշերը, երբ կեսօրից հետո ոստիկաններն ու սվինավորները շրջափակել են շուկան, որտեղ 300-ից ավելի հայեր խանութներ ունեին, ձերբակալել ու բանտարկել են բոլորին: Բանտից ազատված թուրք կամավորներից, Քել Հասան անունով մի հանցագործի ղեկավարությամբ խմբեր էին պտտվում հայկական թաղերով ու ահաբեկում բնակիչներին, եթե բանակից փախած դասալիքները չհանձնվեն, տունն են վնասելու, կամ տնեցիներից մեկին կալանավորելու են: Գտնվել են տաս-տասներկու հոգի, որ հանձնվել են, տարել են մի սրճարան, իրենց քեֆի դհոլ-զուռնայի տակ լլկել:
Այդ ամբողջ գիշեր լամպեր չվառվեցին հայկական թաղերում, անընդմեջ լսվում էին տարբեր դռների թակոցներ՝ «Դուռը բացեք» գոռոցով, որոնց հետեւում էին լաց ու կոծ, ողբ ու կական:
Հաջորդ առավոտյան հայերը ձեռնարկել են թուրքերի ու հույների թաղերի հետ սահմանակից փողոցներն ու տներն ամրացնելու, պաշտպանական հարմարություններ սարքելու գործը, պատուհանների գոգերին դրել են ավազով լցված պարկեր, դռներն ամրացրել: Բոլորը հասկանում էին, որ դարերով ճնշված ու պոռթկալու հնարավորությունից զրկված վրեժի ժամը հասել է: Հասկանում էին նաեւ, որ կռիվը պետության դեմ է ու օրհասական պիտի լինի (Ա.Հ.):
…Մարգարիտա Խաչատրյանը նախ մի խոսուն ամփոփիչ վերջաբան է գրել «Արամ Հայկազի «Շապին Գարահիսար ու իր հերոսամարտը» գրքին. «Պատմության մեջ մեր չսերտած դասերից եւս մեկը» 240 -ից ավելի ծանոթագրություններով ու բառարաններով, հարստացրել է հրատարակությունը, որը քաջատեղյակ մարդու քրտնաջան աշխատանքի արդյունք է: Այդ գրքերից բացի, Մարգարիտան հրատարակել է նաեւ «Արամ Հայկազ. նամակներ» (2009), «Արամ Հայկազ. Մոռացված էջեր», գրքի 7 հատորները, «Ապրող ծառ մը» պատմվածքների ընտրանին:
Փառք ու պատիվ եւ խորին շնորհակալություն մեր լավ բարեկամին:
Այն հարցին, թե ինչու հայերը ոչխարի պես կոտորվեցին այդ տարիներին, Արամ Հայկազի պատասխանը հետեւյալն է. «Որովհետեւ նախ չէին սպասում, որ այս անգամ թուրքի կացինը ուղղվելու էր հայերի արմատին: Հայերն անցյալի փորձից գիտեին, որ 20-25 տարին մեկ իրենց հալածանքներ, նաեւ կոտորածներ էին կազմակերպվում իշխանությունների թողտվությամբ՝ հիմնականում թալանի նպատակով, որոնք սակայն հրամաններով դադարեցվում էին: 1915-ին, սակայն, հայությունը չկռահեց թուրքերի հայաջինջ քաղաքականության բուն նպատակը, որ կացինն այս անգամ ուղղվելու է իրենց արմատին: Հակառակ դեպքում, ամբողջ երկրով մեկ կարելի էր սկսել կազմակերպված հրդեհներ, որի դեմ, իմ կարծիքով, թուրքերն առնել չէին կարողանա: Որովհետեւ նրանց հետ պատահած հրդեհները հանգցնողները միշտ հայերն են եղել, իրենք նման դեպքերում շփոթվում ու անօգնական խառնվում էին իրար:
Կենսագրություններ. գրքի այս բաժնում հեղինակն առանձնացրել է շատերին՝ հերոսամարտի կազմակերպիչ մարմնի անդամներին, քաղաքի առանձին «հեղափոխականների», ուսուցիչների, մտավորականների, նաեւ հանրահայտ գարահիսարցիներ Զորավար Անդրանիկին ու ճարտարապետ Թորոս Թորամանյանին: Բոլորի մասին խոսել հնարավոր չէ, իհարկե, սակայն ոմանց էլ շրջանցել չի կարելի: Վերջիններից են մասնավորապես՝ Վռամշապուհ արքեպս. Քիպարեանը, բնիկ շապինգարահիսարցի, սովորել է Մուշեղյան վարժարանում, որտեղ նաեւ Անդրանիկն է սովորել: Նպաստել է Գարահիսարում Հնչակյան կուսակցության հիմնադրմանը: Ծնունդով Նազարեթը Վռամշապուհ է կնքվել քահանա ձեռնադրվելիս: Նա է կատարել Զորավար Անդրանիկի հեղափոխական կյանքի նվիրման ուխտը՝ իր քահանայական խաչով: Նա է Անդրանիկի հոգու մեջ հեղափոխականի կայծը դրել, Սբ Սարգսի սարի կախ-կախ ուռենու տակ ճռճռացող աղբյուրի մոտ, որը սրբավայր էր, եւ իր խաչով նրան՝ որպես հայ ազգային ազատագրության Սբ դատին նվիրվող զինվորի: Տարիներ անց այդ նույն խաչով է Վռամշապուհ վարդապետը Փարիզի հայոց եկեղեցում պսակել Անդրանիկին, իսկ մի քանի տարի հետո նույն խաչով կատարել է նաեւ նրա թաղման արարողությունը Պեր Լաշեզ գերեզմանատանը:
Նրա այդ խաչն այսօր պահվում է Փարիզի ազգային թանգարանի՝ Քիպարեւանի անձնական իրերի ապակե դարակում…»:
«Առավոտ» օրաթերթ
11.06.2025