Վերջերս մի քանի անգամ հանդիպեցի «ժողովրդատյաց» կամ «ժողովրդին ատող» արտահայտությունների, որոնք շատ են սիրում օգտագործել հատկապես մեր իշխանավորները: Կա «ժողովուրդ»՝ իրականում անորոշ, հեղհեղուկ հասկացություն, այդ համատեքստում իշխանավորները նկատի ունեն ոչ այն է՝ էթնոսը, ոչ այն է՝ ազգը, ոչ այն է՝ ՀՀ քաղաքացիներին: Եվ կա «ժողովրդին սիրող», «ժողովրդի մասին մտածող» եւ «ժողովրդին ծառայող» մի արտակարգ անձնավորություն: Մատով ցույց չտանք, բայց դա Նիկոլ Փաշինյանն է:
Այդպիսով, «ժողովուրդը», ՔՊ-ականների մատուցմամբ, մի նիկոլապաշտ զանգված է, որը հասկանում է, թե ինչ է «իրական Հայաստանը» եւ որքան նորաձեւ է կրթվելը: Մնացածը, թեեւ նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ անգամ էթնիկ հայեր են, «ժողովուրդ» չեն. նրանք «նախկիններ» են, «ղարաբաղցիներ» են, «ռուսամետներ» են եւ «ժողովրդի համակրանքին չարժանացող» կաթողիկոսի պաշտպաններ: «Ընդամենը 1500-2000 մարդ կար «Զվարթնոց» օդանավակայանում», – ասում է ՔՊ-ականներից մեկը՝ նկատի ունենալով նախորդ օրը կաթողիկոսին դիմավորողներին: Ենթադրենք, 200 մարդ կար՝ նրանք «ժողովո՞ւրդ» են, թե՞ «ժողովուրդ» չեն:
«Ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի վարչապետ»: Ո՛չ, դա Ազգային ժողովն է որոշում: Իսկ ովքեր պետք է լինեն Ազգային ժողովում, դա նույնպես «ժողովուրդը» չի որոշում: Դա ձայների համամասնությամբ որոշում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրությունների օրը գնում են ընտրական տեղամաս: «Հայ ժողովուրդը պետք է որոշի, թե ով կլինի Ամենայն հայոց կաթողիկոս»: Ո՛չ, դա որոշում է Ազգային եկեղեցական ժողովը: Այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ ընտրություններ կազմակերպել աշխարհի մի քանի տասնյակ երկրներում, որտեղ ապրում են հայ ժողովրդի ներկայացուցիչները, կատարյալ անհեթեթություն է:
…«Գիտեք ինչ, պրոֆեսոր, ձեզ պետք է ձերբակալել», – ասում է Շվոնդերի դաստիարակած հեղափոխական աղջիկը Բուլգակովի «Շան սիրտը» վեպում: «Իսկ ինչի՞ համար», – հետաքրքրվում է պրոֆեսոր Պրեոբրաժենսկին: «Դուք ատում եք պրոլետարիատը», – հպարտորեն բացականչում է աղջիկը: «Այո, ես չեմ սիրում պրոլետարիատին», – տխուր համաձայնում է Ֆիլիպ Ֆիլիպովիչը:
Կարդացեք նաև
ՔՊ-ականների «ժողովուրդը» նման է շվոնդերականների «պրոլետարիատին»: Երկուսն էլ դատարկ, մարդկային բաղադրիչից զուրկ հասկացություններ են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայ Ժողովուրդը, միմիայն տուեալ պահի մը ապրող, ողջ ու կենդանի, այս աշխարհին մէջ կարճատեւ գոյութիւն մը ունեցող ու անցնող, հայերի հաւաքականութիւնը չէ:
Հայ Ժողովուրդին մաս կը կազմեն այն անհամար հայերը, որոնք անցեալ օրերու, տարիներու, տասնամեակների, դարերի եւ հազարամեակներու ընթացքին ապրած են:
Հետեւաբար, ՔՊ-ն չի ճանչնար իսկ Հայ Ժողովուրդը: Ոչ իսկ տարրական չափով:
Ալ ուր մնաց՝ Հայ Ազգը:
Մ. Հայդուկ Շամլեան