Վիճակագրական տվյալները վկայում են, որ գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել, բացառությամբ տնային թռչունների և ձիերի։ Հետաքրքրական է, որ այծերի գլխաքանակը աճել է 4,1 անգամ, ինչը պայմանավորված է հիմնականում Սյունիքի և Վայոց ձորի տարածաշրջաններում իրականացվող ծրագրերով։ Սակայն այս աճը դեռևս չի փոխհատուցում ամբողջ համակարգում արձանագրված ընդհանուր անկումը և չի ապահովում բավարար հենարան ընդհանուր շուկայի կայունության համար։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը վերջին մեկ տարում նվազել է 3,6 տոկոսով, կովերինը՝ 4,9 տոկոսով, խոզերինը՝ 1,8 տոկոսով, ոչխարներինը՝ 3,2 տոկոսով, այծերինը՝ 11,6 տոկոսով, իսկ տնային թռչուններինը՝ 7,4 տոկոսով։ Ձիերի գլխաքանակն, ի հակադրություն այս միտումների, աճել է 9,3 տոկոսով։ Այս թվերը ցույց են տալիս, որ թե՛ կաթնատու, թե՛ մսատու կենդանիների պահպանումը Հայաստանում շարունակում է դժվարանալ։ Իսկ խոշոր եղջերավոր անասունների և կովերի թվի նվազումը անմիջականորեն ազդում է կաթնամթերքի արտադրության վրա, ինչն արդեն իսկ շուկայում արտահայտվում է կաթի պակասով և դրա փոխարինման փորձերով։
Միևնույն ժամանակ, նկատելի է, որ փոքր անհատական տնտեսությունները աստիճանաբար դուրս են մղվում շուկայից, իսկ ոլորտում աճում է խոշոր առևտրային ընկերությունների ազդեցությունը։ Տնային տնտեսություններում գրանցված այս անկման ֆոնին որոշակի աճ է արձանագրվել առևտրային կազմակերպությունների կողմից պահվող անասունների գլխաքանակում։ Խոշոր եղջերավոր անասունների թիվն այս հատվածում աճել է 36,3 տոկոսով, կովերինը՝ 18,8 տոկոսով, իսկ տնային թռչուններինը՝ 12,8 տոկոսով։
Այս միտումը հղի է լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներով, որոնցից գլխավորը շուկայի օլիգոպոլացման և գների աճի վտանգն է։ Առևտրային ընկերությունների ձեռքում անասնապահության ոլորտի կենտրոնացումը ստեղծում է օլիգոպոլ պայմանավորվածությունների վտանգ։ Բնական է, որ մրցակցության բացակայության պայմաններում խոշոր ընկերությունները կսկսեն թելադրել այն գները, որոնք իրենց են ձեռնտու, այլ ոչ թե սպառողին։ Այսինքն, շուկան կարող է վերահսկվել սահմանափակ թվով տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք, ի տարբերություն փոքր ֆերմերների, կարող են ճկունորեն կարգավորել գները՝ անկախ առաջարկի և պահանջարկի բնական շարժումներից։
Անասնապահության ոլորտի ներկայացուցիչները ընդգծում են, որ այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկը պետության անտարբերությունն է։ Հայաստանը չունի հստակ պետական ռազմավարություն կաթնատու և մսատու կենդանատեսակների բուծման ուղղությամբ, բացակայում են համապարփակ ծրագրեր՝ հարմարեցված տեղական բնակլիմայական պայմաններին։ Արդյունքում տարիների ընթացքում տեղական անասունների ցեղատեսակներն աստիճանաբար դեգրադացվել են, կաթնատվությունն ու մսատվությունը՝ նվազել։ Այս բացը փորձում են լրացնել ներկրված գենետիկ նյութերով, սակայն դրանք հաճախ համարժեք չեն տեղական պայմաններին ու առանձնահատկություններին, ինչի հետևանքով ֆերմերները կանգնում են նոր ռիսկերի և լրացուցիչ ծախսերի առաջ։
Իսկ կաթնամթերքի շուկայում առաջ եկած իրավիճակը հանգեցնում է նրան, որ արտադրողները ստիպված են կաթի պակասը լրացնել կաթի փոշու կամ այլ փոխարինիչների միջոցով, որոնք կարող են հավելյալ խնդիրներ ստեղծել մարդկանց առողջության համար։ Մյուս կողմից էլ՝ որակական ցածր հատկանիշներ ունեցող էժան կաթի փոշու ներմուծումը հարվածում է տեղական կաթնարտադրողներին, որոնք որակյալ մթերք են ապահովում։
Ինչ վերաբերում է խոզաբուծության ոլորտին, ապա արձանագրված իրավիճակն ունի իր առանձնահատկությունները։ Մեր երկրում խոզաբուծությունը զարգացնելու խնդիրն այդպես էլ մնում է չլուծված։ Եվ Հայաստանը մեծ քանակությամբ կենդանի խոզ և պաղեցված խոզի միս է ներկրում, հիմնականում՝ Ռուսաստանից։ Այս միսը հաճախ վաճառվում է որպես տեղական արտադրանք, ինչի արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում դիմակայել ցածր գնային մրցակցությանը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի անասնապահության ոլորտում առկա համակարգային խնդիրները պահանջում են պետական ռազմավարական մոտեցում։
Սրան պետք է ավելացնել նաև սննդի անվտանգության հետ կապված վտանգները։ Տեղական արտադրության շարունակական կրճատումը նշանակում է, որ արտակարգ իրավիճակներում Հայաստանը կունենա սննդամթերքի նվազ ինքնաբավության մակարդակ, ինչը կարող է լրջագույն մարտահրավեր դառնալ։
ԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։