Մինչ Նիկոլ Փաշինյանն իր չունեցած ողջ ներուժն ի սպաս է դրել Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար գեներացնելու գործին ու չդադարող ստատուսներով մրցում է Ալլահշուքյուր Փաշազադեի հետ այդ հարցում, նրա կեղծ բարեկամներ Էրդողանն ու Ալիեւը, ինչպես ասում են, պարապ չեն մնում։ Կրկին թուրք-ադրբեջանական տանդեմը զինված ուժերն է վարժեցնում ու կրկին մեր քթի տակ՝ Նախիջեւանում, ու միանգամից երկու զորավարժությամբ։
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն ասում է՝ Բաքուն ու Անկարան տարեկան երկու տասնյակից ավելի զորավարժություններ են իրականացնում՝ տարբեր տեսակի ստորաբաժանումների ու զինատեսակների ներգրավմամբ։ Նախիջեւանը, ինչպես նշում է մասնագետը, առանձնահատուկ տեղ ունի՝ որպես զորավարժությունների անցկացման տարածք։ «Նախիջեւանն ունի ռազմավարական կարեւորություն, եթե սրան գումարենք նաեւ վերջին ամիսներին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի՝ Նախիջեւանին հարակից արեւմտյան սահմանի երկայնքով անօդաչու հետախուզական սարքերի պարբերական թռիչքները, ապա առնվազն կարող ենք ենթադրություն անել, որ Թուրքիայում հետաքրքրված են Նախիջեւան-Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա սահմանային գոտով։ Այս ֆոնին Հայաստանում տեղի ունեցողը, մեղմ ասած, առնվազն չի բխում Հայաստանի անվտանգային շահերից։ Բավական է միայն բերել այն փաստը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի զինվելու եւ զորավարժությունների ֆոնին հայկական կողմը որեւէ հիմնարար քայլ այս հինգ տարիների ընթացքում չի արել, եւ դա ամբողջությամբ ու փաստացի կոտրում է իշխանությունների այն պնդումը, թե մենք զինվում ենք։ Նույնիսկ եթե, իսկապես, մենք նոր զինատեսակներ ենք գնում, դրանց կիրառման էֆեկտիվությունն առանց զորավարժությունների շատ ավելի ցածր է լինելու»,- «Հրապարակ»-ին ասում է Վարուժան Գեղամյանը։
Հայաստանի իշխանությունների վարած անհամարժեք քաղաքականության վերջին դրսեւորումը՝ հարձակումը եկեղեցու վրա, մեր զրուցակիցը նախեւառաջ ազգային հերթական ինստիտուտը թուլացնելու եւ չեզոքացնելու տեսանկյունից է դիտարկում եւ ընդգծում է, որ դա, անշուշտ, նաեւ քարոզչական նպատակներին է ծառայում։
«Դա հանրային մոբիլիզացիայի փորձ է, որ մարդիկ նոր արքետիպային թշնամի ունենան եւ դրա շուրջը համախմբվեն, ինչը, բնականաբար, նաեւ հանրային օրակարգից շեղելու նպատակ ունի, այս պարագայում՝ Հայաստանի սահմանների, Սյունիքի շուրջ տեղի ունեցողից, որն ուղեկցվում է թե՛ կրակոցներով, թե՛ Ադրբեջանի ռազմական օդանավերի թռիչքներով։ Գրեթե շաբաթ չկա, որ Իսրայելից ու Թուրքիայից ռազմական ապրանքներ չտեղափոխվեն Ադրբեջան։ Այս ամենը նպաստում է, որ հանրությունը չկարողանա կենտրոնանալ այս կարեւոր թեմայի վրա»,- ասում է մեր զրուցակիցը։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: