Լրահոս
Օրվա լրահոսը

Թերևս մտածելով, որ իրենց հաջողվել է Եկեղեցուն թուլացնել, արդեն պետական մակարդակով ընթացք տրվեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ-2» գործողությանը

Հունիս 12,2025 12:50

Փաստորեն վարչապետն ու իր սակավաթիվ կամակատարները դեռևս դուրս չեն եկել 2018 թվականի, այսպես կոչված, հեղափոխական էյֆորիայից։ Դիրքավորվելով իբրև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ՝ նրանք ուղիղ հարված են հասցնում հենց նույն Եկեղեցուն։ Շատ վերլուծաբաններ ու քաղաքացիներ արդարացիորեն ենթադրում են, որ արտաքին ուժերի ուղղորդմամբ է տեղի ունենում ՔՊ կուսակցության այս հակաեկեղեցական արշավը, հիմնավորելով որոշ օտար աղբյուրների և ՀՀ իշխանությունների կողմից արված հայտարարությունների հռետորաբանությամբ ու ժամանակագրական կապով։

Իրականում այս պայքարը, կարծում եմ, սկսվեց ոչ թե Փաշազադեի հակահայկական հայտարարություններից հետո, այլ շատ վաղուց է սկսվել։ Այն, ինչ կատարվում է կարելի է անվանել «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ – 2» շարժում։ Այս յոթ տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները փոքր ու մեծ հարվածներ են հասցրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և համարժեք պատասխաններ չեն ստացել հասարակության կողմից։ Հարվածները հասցվել են օրենսդրական մակարդակով և խորհրդարանական ընդդիմության խրոխտ, բայց անարդյունք դիմադրողականության ներքո։ Հասարակական կազմակերպությունների և անհատների կողմից միշտ եղել են կոչեր ընդվզելու և թույլ չտալու ապազգային ու հակաեկեղեցական օրենքների ընդունմանը, սակայն հայտնի պատճառներով դրանք տեղի չեն ունեցել և ահա, թերևս մտածելով, որ իրենց հաջողվել է Եկեղեցուն թուլացնել, արդեն պետական մակարդակով ընթացք տրվեց, ինչպես ասացի, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ – 2» գործողությանը։

2018 թվականին մեկնարկած «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» շարժման հայտնի դեմքերը նույնպես սկսել են աստիճանաբար հիշեցնել իրենց գոյության մասին։ Այլ խոսքով, այնպես չէ, որ Փաշիեւան հրամայեց Փաշիզադեին, Փաշիզադեն ուղղորդեց Փաշինյանին, Փաշինյանն էլ սկսեց իր արշավը։ Այս հակաքրիստոնեական, հակաեկեղեցական, հակապետական ու ազգակործան ծրագիրն, ըստ իս, նախագծված է դեռևս 2018 թվականից էլ առաջ, իսկ գործող անձանց, դեռևս անհայտ ուժերը, ի դեպ, այդ ուժերը կարող են ունենալ նաև հայկական ծագում, նախապատրաստել են տարիներով։ Թշնամին լեզվից ճարտար է, նենգ, խորամանկ ու երեսուն արծաթը գրպանում։

Այլ խոսքով գործ ունենք ազգային անվտանգության տեսակետից բավականին վտանգավոր գործընթացի հետ, գործ ունենք ներքին թշնամու հետ, որը օր օրի նոր մարտահրավերներ է առաջացնում։ Այսօր, ավելի քան երբևէ ազգային ուժերի համախմբվածության անհրաժեշտություն կա։ Պետք է պատրաստ լինենք դիմադրելու ցանկացած հակաեկեղեցական, այսինքն` հակահայկական շարժմանը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Լուսանկարում՝ 2018-ին Վեհարանը գրաված «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման անդամները: Շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանն ավելի ուշ նշանակվեց Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30