Կառավարությունը փոփոխություն ու լրացումներ է կատարել Քրեական դատավարության օրենսգրքում, նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
«Նախագծով առաջարկվում է սահմանել ընդհանուր կարգավորում, ըստ որի՝ քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես կանոն կքննվեն գրավոր ընթացակարգերով։ Այսինքն՝ ըստ էության ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով միայն որոշակի բացառիկ դեպքեր՝ դրանից շեղվելու համար»,- ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ըստ նախարարի՝ քրեական դատավարությունում գրավոր ընթացակարգը նորություն չէ, այժմ էլ կան որոշ վարույթներ, որոնք քննվում են գրավոր ընթացակարգով։ Եվ նախագծով այդ վարույթների ցանկին ավելանում է նաեւ վերաքննության վարույթն ամբողջությամբ։ Սրբուհի Գալյանի խոսքով՝ բացառություն են լինելու միայն այն դեպքերը, երբ կողմերի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննությունն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով կամ, երբ Վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու կամ ապացույցներ հետազոտելու՝ կողմերի միջնորդությունը։
Ըստ նախարարի՝ ենթադրվում է, որ սա հանգեցնելու է դատարանի ծանրաբեռնվածության թեթեւացմանը եւ բողոքների՝ ավելի արդյունավետ քննությանը։ Սահմանվում է բողոքների քննության վեցամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ 4 ամիս ժամկետով։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ