Կառավարության այսօրվա նիստից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարի՝ ՔՊ թեկնածուն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է։
«Պարոն Մեխակյանը լավագույն թեկնածուն է Վաղարշապատի համար, հենց նույն այն տրամաբանության մեջ, որ ինքը թերեւս միակ մարդն է, որը կառավարման պրոցեսին որպես ղեկավար մասնակցել է եւ Խոյ համայնքում՝ որպես համայնքի ղեկավար, եւ Վաղարշապատում՝ որպես համայնքի ղեկավարի տեղակալ։ Քաջատեղյակ է համայնքի խնդիրներին՝ նաեւ որպես Արմավիրի մարզպետ։ Եվ ես կարծում եմ,որ էջմիածնեցիներն ավելի լավ ընտրություն չունեն, քան պարոն Մեխակյանը»,- ասաց նա։
Խուդաթյանը նշեց, որ ՔՊ վարչությունը որոշել է, որ Մեխակյանն է գլխավորելու իրենց նախընտրական ցուցակը։ Ըստ նախարարի՝ Վաղարշապատ համայնքի խոշորացումը կլինի նախքան ընտրությունները, իսկ համայնքի ղեկավարի ընտրությունները նախատեսվում է իրականացնել մինչեւ տարվա վերջ։ Միավորման արդյունքում Վաղարշապատն ու Խոյ համայնքները դառնալու են մեկ համայնք։
ՏԿԵ նախարարը նաեւ ասաց, որ մարզպետի պաշտոնից համայնքի ղեկավարի պաշտոն տեղափոխվելը պաշտոնի իջեցում չէ։ Ըստ նրա՝ ցանկացած քաղաքական գործիչ պետք է երազի այդպիսի պատվի արժանանալու, երբ համայնքի բնակիչներն իրեն հնարավորություն կտան։ «Պարոն Մեխակյան արդեն իսկ այդպիսի հնարավորություն ստացել է Խոյում, հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնց մասին կփաստեն բնակիչները։ Համայնքի տեղակալի պաշտոնում ծառայել է էջմիածնեցիներին։ Եվ համայնքների միավորման պայմաններում, ես վստահ եմ, որ ավելի լավ ընտրություն, քան պարոն Մեխակյանն է, հնարավոր չէ ուղղակի կայացնել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Արգիշտի Մեխակյանի ընտրվելու համա՞ր են Խոյ համայնքը միավորում Վաղարշապատին՝ հաշվի առնելով այն, որ Մեխակյանը ծնունդով Խոյ համայնքից է։ Նախարարը պատասխանեց՝ «ոչ»՝ նշելով, որ կառավարչական նպատակով է որոշվել գնալ խոշորացմանը՝ նկատի ունենալով բնակիչների շահերը։
Հարցին, թե հաշվի առնելով ՏԻՄ նախորդ ընտրությունները՝ ՔՊ-ն ի՞նչ հույս ունի, Վաղարշապատում կկարողանա՞ն հաղթանակ ունենալ, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Համայնքի ղեկավարի ընտրությունները դրանք առաջին հերթին թեկնածուների անձով պայմանավորված ընտրություններ են։ Եվ մենք մտահոգություն չունենք Վաղարշապատի հետ կապված, պարոն Մեխակյանի եւ անձը, եւ անցած ճանապարհը, եւ ՔՊ կուսակցության կառավարման արդյունքում մարզում, Վաղարշապատում եւ Խոյում իրականացված աշխատանքները մեզ տալիս են այն վստահությունը, որ պարոն Մեխակյանն ընտրվելու է»։
Անդրադառնալով ՔՊ վարկանիշի մասին հարցին՝ նա ասաց․ «Կլինեն ընտրություններ, կտեսնենք՝ ինչքան է ՔՊ-ի վարկանիշը։ Այս խոսակցություններն ինձ հիշեցնում են ոչ այնքան հեռավոր 2021-ի ընտրությունները, երբ ընդդիմությունը եւ ոչ միայն ընդդիմությունը բարձրաձայնում էին, որ ՔՊ-ի վարկանիշն իջել է։ Եվ դրանից հետո իմ ղեկավարած Արմավիր համայնքում ՔՊ-ն 4,5 տոկոս ավելի ձայն ստացավ, քան ստացել էր 2018-ին»։
Լրագրողները հիշեցրին, որ Գյումրիում ու Փարաքարում էլ ՔՊ-ն վերջերս պարտվեց։ Խուդաթյանն ասաց, որ Վաղարշապատի հարցով նման մտահոգություն չունեն։ «Մեր թեկնածուն առաջիկա ընտրություններին շատ մեծ հավանականություն ունի հաղթելու»,- հավելեց նա։
Անդրադառնալով Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի մասին հարցին եւ այն տեղեկություններ, որ նրա անունը տարբեր չարաշահումների հետ է կապվում, բայց մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել, ՏԿԵ նախարարն ասաց․ «Այդ հարցի հասցեատերը ես չեմ, տիկին Գասպարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից, ինքը մեկնաբանել է իր հրաժարականը, մենք հարգում ենք տիկին Գասպարյանի որոշումը, եւ ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ