Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ։ Սա պետք է կանխվի՝ ամեն գնով. Տեր Մովսես քահանա Սահակյան

Հունիս 12,2025 14:42

Տեր Մովսես քահանա Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Զգացմունքային պատերազմին՝ հոգևոր դիմադրություն. ՀՀ վարչապետի ուղերձին ի պատասխան

Երբ պետության ղեկավարը փորձում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերածել հասարակական բախումների հարթակի՝ հոգևորականությանը վարկաբեկելով և հասարակությունը պառակտելով, պարզ է՝ տեղի ունեցողը սովորական տարաձայնություն չէ։ Սա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված Հայ Եկեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը։

Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ։ Սա պետք է կանխվի՝ ամեն գնով։

Նման լեզուն և վարքագիծը ոչ թե ուժի, այլ թուլության դրսևորումներ են։ Երբ հոգևորն այլևս դիտարկվում է որպես գործիք, խոսքն այլևս չունի կշիռ, իսկ հնչեցնողը՝ վստահություն։

Ի՞նչ անենք մենք։ Լռե՞նք։ Ձեռք բարձրացնե՞նք։
Ո՛չ։

Մեր պատասխանը պիտի լինի ուժեղ, զգոն և հաստատուն։
Ոչ զգացմունքային պատասխան՝ սադրանքի դիմաց, և ոչ լռություն՝ անարգանքի դիմաց։
Պետք է մերժել ատելությունն ու անպատկառությունը՝ առանց ընկնելու զգացմունքային անհավասարակշռվածության կամ էլ անտարբերության թմրության մեջ։

Հայոց Եկեղեցու սիրելի զավակներ,

Այսօր մեզանից պահանջվում է հոգևոր դիմադրություն։
Դիմադրություն, որ մերժում է հոգին քայքայող զայրույթը, բայց և պահպանում է արժանապատիվ բարկության ձայնը։
Դիմադրություն, որ չի զիջում Եկեղեցու սրբությունն ու առաքելությունը՝ ոչ մի ճնշման տակ։

«Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանզի ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում է ու փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատքի մեջ» (Ա Պետր. 5:8-9):

Այսօր մեզ միայն մեկ բան է պետք՝
մնալ մեր տեղում և դիրքում.
եկեղեցականը՝ իր առաքելության մեջ, հավատացյալը՝ իր հավատքի մեջ, քաղաքացին՝ իր արժանապատվության մեջ։

Ո՛չ խուճապ, ո՛չ բղավոց, ո՛չ վրեժ։
Միայն՝ խաղաղություն, հաստատուն հավատք և անվերապահ վստահություն դեպի Աստված։

Ով Աստծուն է հանձնում իր Եկեղեցին՝ չի ընկնում անմիտ հակազդեցության մեջ։
Ով վստահում է Աստծու նախախնամությանը՝ չի կարող լռել ստի ու սադրանքի առաջ։

Միայն չարն է ուրախանում, երբ պառակտվում են մարդիկ՝ միմյանցից, հավատացյալը՝ հովվից, ժողովուրդը՝ իր Եկեղեցուց։

Եկե՛ք զգոն լինենք։
Սիրով պաշտպանենք սրբությունը, խաղաղությամբ՝ Եկեղեցին, ճշմարտությամբ՝ մեր միասնությունը։

Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս փափկացնի մեր սրտերը Իր սիրով և առաջնորդի դեպի բարին ու խաղաղությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30