Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք է արդարանաք, սրան պիտի ճանապարհենք»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական գործիչներին եւ հոգեւորականներին

Հունիս 12,2025 15:15

«Ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե «Հայաստան» խմբակցության մեր գործընկերները միանգամից ասեին՝ չենք ստորագրում։ Եթե ստորագրում եք՝ Մամիջանյանի թղթի տակ ստորագրեք, եթե չեք ստորագրում՝ ասեք՝ չենք ստորագրում։ Հիմա, չեմ ուզում այլ որակում տալ»,- այսօր Կոմիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով իմպիչմենտի գործընթացին վերաբերվող հարցերին։

Լրագրողի դիտարկմանը՝ ասում են՝ ստորագրությունները սենյակում դրված են, ի՞նչ տարբերություն, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Ոնց որ հիմա քեզ 5 հազար դոլար փող պետք լինի, ասեմ՝ հենա գրպանումս դրված է, ի՞նչ տարբերություն։ Որ տարբերություն չլիներ՝ քեռիդ մորաքույրդ կլիներ»։

Մինչ այդ էլ՝ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցին՝ ե՞րբ են սկսելու փողոցային պայքարը, Էդուարդ Շարմազանովը հումորով պատասխանեց․ «Վաղը չէ՝ մյուս օրը»։

Քանի որ այսօր վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է, Էդուարդ Շարմազանովը մի քանի հետաքրքիր դրվագներ հիշեց իր եւ Անդրանիկ Մարգարյանի շփումներից, պատմեց իրենց ծանոթության եւ երկրի համար պատասխանատվություն ստանձնելու՝ Անդրանիկ Մարգարյանի արած առաջարկի մասին, ինչին էլ ճակատագրական եղավ իր կյանքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատասխանելով Եկեղեցու դեմ՝ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավի մասին հարցին էլ, Էդուարդ Շարմազանովը աբսուրդ որակեց, որ մարդը, որն Արցախը հայաթափել է, 5 000 զոհերի պատճառ է դարձել, հրաժարվում է Ցեղասպանության հարցից, հայկական պետականության գոյությունից, դեռ ինքն է հարցեր տալիս, փոխարենը մեր հարցերին պատասխանի․ «Եվ ընդդիմության, եւ հոգեւորականների՝ սա մեր բոլորիս խայտառակությունն է։ Մարդը պետությունը կործանել է․․․ այ տղա ջան, Արցախը որ հանձնել եք, կուսակրոնությո՞ւնն է մեղավոր։ Մենք պիտի քեզ հարցեր տանք, դու ես էս պետությունը կործանել, դու որ եկել ես իշխանության, երկու հայկական պետություն է եղել։ Եթե այս երկրում մեկը պետք է հեռանա՝ դա դու ես։ Ես կոչ եմ անում եւ քաղաքական գործիչներին, եւ հոգեւորականներին՝ հերիք է արդարանաք, սրան պիտի ճանապարհենք։ 5 000 զոհ ոչ նախկիններն են տվել, ոչ ռուսները, ոչ հոգեւորականները, ոչ էլ լրագրողները, 5 000 զոհի պատճառը Նիկոլն է, որը կանգնել՝ ասել է՝ արդյունքը նույնը կլիներ՝ առանց զոհերի։ Սա ասած մարդը իրեն իրավունք է տալիս հարցեր տալ։ Կառավարության շենքը մաքրի՝ նոր։ Ինքը ո՞վ է, որ Եկեղեցուն հարցեր տա։ Հավատավոր մարդ է՝ թող գնա պատարագի մասնակցի։ Ինքը մկրտված էլ չի, իրավունք էլ չունի պատարագի մասնակցի։ Դա նույն բանն է, որ ես գնամ մզկիթում աղոթեմ։ Սաղմոսներ է մեջբերում, բայց Սաղմոսներ թարգմանած Լեւոն Տեր-Պետրոսյանին ինչ ասես՝ ասում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀԿ-ականներն այսօր՝ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, այցելել էին նրա շիրիմին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30