Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին

Հունիս 12,2025 15:43

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը:

2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժների համար։ Հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի 4-րդ եռամսյակում, որի արդյունքում, ըստ կանխատեսումների, ատեստավորում կանցնի ավելի քան 60 մասնագետ:

Ոլորտի մասնագետների մասնագիտական աճի և կատարելագործման ձգտման խթանման, ինչպես նաև ոլորտում լավագույն մասնագետների ներգրավման նպատակով մշակվել և ներկայացվել է մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող մասնագետների կամավոր ատեստավորման կարգը, որը հնարավորություն կտա բարձրացնելու մասնագետների աշխատավարձը` սահմանելով համապատասխան հավելավճար:

Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրամադրվի ըստ ցուցաբերած արդյունքի՝ հաշվարկը կատարելով դրույքային ծանրաբեռնվածության նկատմամբ.

  • 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 300 դրամ
  • 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 500 դրամ
  • 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 600 դրամ

Կամավոր ատեստավորման ընթացքում, ըստ մասնագետի ցուցաբերած արդյունքի, հավելավճարը սահմանվում է հինգ տարի ժամկետով: Աշխատանքի վայրի փոփոխության դեպքում հավելավճարը պահպանվում է։

Ատեստավորմանը կարող են մասնակցել նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի  (ՀՄԿ), Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների (ՏՄԱԿ) և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագետները:

Ատեստավորումն իրականացվելու է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով:

Ըստ նախագծի հիմնավորման՝ կամավոր ատեստավորումը կնպաստի հանրակրթության ոլորտում նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագիտությունների գրավչության բարձրացմանը և մասնագիտական զարգացմանը: Այս ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ մասնագիտական ծառայություններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30