Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պատմության մեջ երբեք չենք ունեցել պետության հարատևությունն առաջիկա 100-ամյակների համար ապահովելու այսպիսի շանս. Նիկոլ Փաշինյան

Հունիս 12,2025 16:47

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Firebird և NVIDIA ընկերությունների հայտարարությանը, որ Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ Firebird-ը նոր է հիմնադրվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ: Ըստ նախարարի՝ NVIDIA ընկերությունը 3,5 տրիլիոն կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական հսկաներից է աշխարհում. «Firebird ընկերությունը դառնում է NVIDIA-ի՝ եվրոպական տարածաշրջանում գլխավոր գործընկերներից մեկը: Հայաստանում այս մեծ նախագիծն իրականացնելու նպատակով նախատեսում են 2026 թվականից սկսել ծրագրի իրագործումը: Firebird-ի հայտարարության մեջ նշված է, որ շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է նախատեսվում իրականացնել, որը նաև ենթադրում է մինչև 100 մեգավատ էլեկտրաէներգիայի սպառում: Նմանօրինակ ենթակառուցվածքները շահագործելու նպատակով ընդհանրապես էներգիան և ռեսուրսները չափազանց կարևոր են, և այստեղ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է, ունի այդ հզորությունները տրամադրելու: Խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի NVIDIA ընկերությունից, որն այս պահին աշխարհում ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում, պրոցեսորներ, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով: Սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների Claud ծառայություններ մատուցել և՛ հայաստանյան տնտեսությանը, և՛ աշխարհի տարատեսակ տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում: Այսինքն՝ հետազոտողները, գիտնականները, մասնավոր բիզնես հատվածը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն, վարձակալեն Firebird-ի կողմից արտադրված արհեստական բանականության ռեսուրսը և իրենց հետազոտություններում կիրառեն»:

Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է նաև, որ որոշ հատված Կառավարությունը նախատեսում է հասանելի դարձնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի, ԱԲ մասնագետների, հետազոտողների համար. «Բայց հասկանալի է, որ մենք խոսում ենք մեծածավալ ռեսուրսների մասին, այսինքն՝ հիմնական մասը, բնականաբար, ընկերությունը Cloud ծառայությունների միջոցով պետք է հասանելի դարձնի և վաճառի աշխարհի տարբեր ընկերություններին»:

Վարչապետն առաջարկել է նախագծի գործարկումն իրականացվել Ակադեմիական քաղաքի տարածքում, ինչը կստեղծի կրթական և տեխնոլոգիական սիներգիա. «Առաջարկել եմ, որ մեր գործընկերները քննարկեն նաև այս ներդրումային ծրագիրն իրականացնել Ակադեմիական քաղաքի տարածքում, որտեղ մենք բավականին մեծ տարածքներ և հնարավորություններ ունենք, և նաև ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարիք է ունենալու»:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքի մեր հայրենակիցներին՝ նման ջերմեռանդություն և վճռականություն ցուցաբերելու համար: «Երբ մենք խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բանաձևերի մասին, հենց նման գործունեությունը նկատի ունենք, որը շատ կոնկրետ է և հասցեական, և որի ռազմավարական բնույթի հետ կապված որևէ կասկած կամ քննարկում ընդհանրապես չի կարող լինել»,-ասել է վարչապետը և անդրադարձել նաև տեխնոլոգիական ոլորտում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին:

Երկրի ղեկավարն այդ հարցերը դիտարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության տեսանկյունից. «Շատ կարևոր է գնահատել մեր երկրի ընթացիկ իրավիճակը՝ որտեղ է գտնվում մեր երկիրը: Այստեղ նաև շատ կարևոր գաղափարախոսական հարց էլ կա, որովհետև կապված է, թե ինչ գաղափարախոսության դիտանկյունից ես դիտարկում հարցերը: Երբ հարցերը դիտարկում ենք Իրական Հայաստանի գաղափարախոսության տեսանկյունից, տեսնում ենք, որ մեր երկիրն այսօր բավականին լավ և հեռանկարային վիճակում է: Իմ գնահատականն այն է, որ մենք, դժոխային իրադարձությունների միջով անցնելով, հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են հնարավորություններ: Թույլ տվեք ասել (չեմ ուզում տարածական բան ասել), բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունն առաջիկա 100-ամյակների համար, երբեք չենք ունեցել»:

Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքները եղել են միշտ, սակայն այսօր Հայաստանը դրանց կառավարելու թե՛ տեսական, թե՛ գործնական կարողություն ունի. «Տարբերությունն այն է, որ այսօրվա սպառնալիքներին որպես հակակշիռ՝ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ՝ բոլոր առումներով»:

Վարչապետն ընդգծել է, որ եթե Հայաստանն ունենար անվտանգության խնդիր, ապա նմանատիպ ներդրումներ ՀՀ-ում չէին արվի:

Թեմայի առնչությամբ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորել է սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը և նշել, որ նման նախաձեռնությունները լավագույն պատասխանն են այն թյուրընկալումներին, թե սփյուռքի դերը սահմանափակվում է միայն բարեգործությամբ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ընդդիմության այն հայտարարություններին, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից յուրացվել են: «Ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով էր ձևավորվել, և այն ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը: Պետք է արձանագրել՝ ո՞ւր է այդ քննիչ հանձնաժողովը, ո՞ւր է իր եզրակացությունը: Ինչու չի կազմակերպվում, չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը, թող հանրությանը պարզաբանում տան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ո՞ւր է իրենց զեկույցը, թող գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ կիմանանք՝ ինչ անենք: Կդիմենք դատարան և նրանց կստիպենք հակառակը պնդել: Ոչ թե կստիպենք, այլ դե յուրե, որովհետև մենք գիտենք ինչ է տեղի ունեցել՝ իրենց ասածը տեղի չի ունեցել»:

Արձագանքելով՝ Զարեհ Սինանյանը նշել է՝ թեմայի վերաբերյալ ոչինչ չկա զեկուցելու, որովհետև այն եղել է կեղծ օրակարգ. «Ի վերջո, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ներկայացված են համարյա բոլոր այն ուժերը, որոնք հարցը բարձրաձայնել են: Իրենք խորհրդի մեջ են, կառավարող մարմնի անդամ են»:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է՝ հիմնադրամի խորհուրդը հարցը քննարկել է և եկել եզրակացության, որ նման թեմա չկա:

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունին: Ինչպես նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, նախնական պարզվել է, որ գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազի պայթյուն է տեղի ունեցել և շենքի փլուզում: Դեպքի հետևանքով գրանցվել է 5 զոհ, 12 մարդ հոսպիտալացվել է։ Վերջիններիս առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանցից մեկն արդեն դուրս է գրվել։

Ըստ փոխնախարարի՝ նախնական սեյսմիկ գնահատում է իրականացվել շենքում, սակայն այն ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու: «Ըստ նախնական գնահատման՝ ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել, բայց, հաշվի առնելով որոշ ռիսկեր, բնակիչները դեռևս չեն բնակվում»,- ասել է Արմեն Մկրտչյանը:

Նախարարի տեղակալը նշել է նաև, որ ՏԿԵ նախարարությունը, մարզպետարանը, համայնքն իրականացրել են աշխատանքներ՝ բնակիչներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և անհրաժեշտ աջակցություն տրամադրելու նպատակով, մեծամասնությունը կացարաններից հրաժարվել է, բարեկամների տանն են բնակվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Տեղի է ունենում ամբողջական վնասների գնահատում, և հնարավոր փոխհատուցումների հարցը կքննարկվի փաստերի հստակեցումից հետո։

Վարչապետը ցավակցություն է հայտնել բոլորին և զոհվածների հարազատներին՝ տեղի ունեցված ողբերգական դեպքի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է անվտանգության և տեխնիկական ստանդարտների ապահովման կարևորությունը. «Ստանդարտների առկայությունն ու դրանց իրականացումն է, որ մեզ թույլ կտա խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը։ Պետք է շարունակաբար աշխատել այդ ուղղությամբ»:

Կառավարությունը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիրը: Շահառուների կայուն զբաղվածության ապահովման նպատակով՝որոշմամբ առաջարկվում է աջակցել շահառուին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ և աշխատանքային փորձ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։ Ըստ այդմ, առաջարկվում է շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղություն՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, աշխատանքի տեղավորում՝ գործատուին մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով։

Աջակցության 1-ին ուղղությունը՝ մինչև 5 ամիս տևողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածում, շահառուի ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան, գործատուին վճարվում է ուսման վարձի փոխհատուցում, ընդ որում ուսուցման դասընթացի համար ուսման վարձի փոխհատուցման ընդհանուր գումարի չափը չի կարող գերազանցել 250000 դրամը։ Ոչ լրիվ ուսումնական ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա համար նախատեսված ուսուցման օրերի թվի վրա և բազմապատկելով ուսուցմանը մասնակցած օրերի թվով։ Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին տրամադրվում է աջակցություն՝ առավելագույնն ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը փոխհատուցելու համար։ Ուսուցումն ավարտելուց հետո աշխատանքային պայմանագիր չկնքելու, կամ կնքված պայմանագիրը մինչև 6 ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ հատուցել ուսուցման ընթացքում տրամադրված գումարը՝ բացառությամբ մի շարք դեպքերի: Շահառուն պարտավորվում է որպես ուսման վարձի փոխհատուցում գործատուին տրամադրված գումարն ամբողջությամբ վերադարձնել, եթե շահառուն ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ, կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ հեռացվել է ուսուցման դասընթացից երեք անգամ անհարգելի պատճառով դասընթացի չներկայանալու հիմքով կամ լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև ծրագրով սահմանված ժամկետի ավարտը:

Աջակցության 2-րդ ուղղությունը՝ գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165000 դրամ՝ ներառյալ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը: Նախատեսվում է՝ գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։ Ծրագրի շրջանակներում շահառուի աշխատավարձի վճարման համար գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները, առանց շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի գումարի, ենթակա են վերադարձման շահառուի կողմից, եթե շահառուն ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները կամ լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև ծրագրով սահմանված ժամկետի ավարտը:

Աջակցության 3-րդ ուղղության համար առաջարկվում է մասնակի փոխհատուցում տրամադրել է այն գործատուին, որն առնվազն վեց ամիս ժամկետով, նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր կկնքի իր պահանջներին համապատասխանող շահառուի հետ: Աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ ամսական կտրվածքով, վեց ամիս ժամկետով, գործատուին առաջարկվում է տրամադրել փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը, իսկ աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ ամսական կտրվածքով, 12 ամիս ժամկետով, տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող շահառուներով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անապահովության գնահատման նոր համակարգի ռազմավարական նպատակն է աջակցել մարդուն, որ հաղթահարի աղքատությունը: «Աղքատությունը հաղթահարելու գործիքը, ինչպես խոսել ենք, աշխատանքն է: Եվ մենք հիմա հետևյալ տրամաբանությամբ ենք գնում՝ անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք և դրա միջոցով աղքատության հաղթահարում: Դա լինելու է մեր միասնական սոցիալական ծառայությունների՝ այս ուղղությամբ հիմնական գործունեությունը», -ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս ամենի համար անհրաժեշտ է քաղաքացուն տալ ուսուցման հնարավորություն:

Կիրականացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը: Որոշման նպատակն է ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։ Ծրագիրը կիրականացվի 2025-2026 թթ.՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում։ Ծրագրի շահառուներ կհանդիսանան՝ առնվազն 100 քմ և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։ Միաժամանակ, Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շահառու հանդիսացած Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերի տնտեսավարողները նույն հողամասի համար կարող են մասնակցել ծրագրին (բացառությամբ այգեհիմնված տարածքի)՝ նույն պտղատեսակով այգեհիմնում կատարելու պայմանով, բացառությամբ այգեհիմնված տարածքի։ Տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացնելու նպատակով համայնքի ղեկավարը հայտարարում է մրցութային գործընթաց՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ծրագրի ավարտական մոնիթորինգի իրականացումը կվերապահվի համայնքին, որում պարտադիր կներգրավվեն մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ Էկոնոմիկայի նախարարություն՝ 95 տոկոս, համայնք կամ շահառու՝ 5 տոկոս։ Ծրագրի իրականացումից ակնկալվում է 4 բնակավայրերի տնամերձ հողամասերում հավաստագրված տնկիներով և ոռոգման կաթիլային համակարգերով ապահովված այգետնկման իրականացում, ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործում։ Ծրագրի շրջանակում 1000 քմ տնամերձ հողամասի հաշվով գնահատման և այգեհիմնման ծախսը գնահատվում է շուրջ 2.0-2.2 մլն դրամ: Շահառուները 1000 քմ տնամերձ հողամասի հաշվով այգեհիմնումից հետո լիարժեք բերքատվության անցնելուց դեպքում կստանան տարեկան շուրջ 3 տ համախառն բերք՝ շուրջ 2 մլն դրամ հասույթով։

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Չափազանցություն չեմ համարի, եթե ասեմ՝ սա հեղափոխական ծրագիր է և այն հիմնված է ակնհայտ դիտարկումների վրա, որ Հայաստանը տնամերձ հողամասերի գոնե կեսը չի տալիս ցանկալի արդյունք: Եվ սա խնդիր է թե՛ տնամերձերի տերերի, թե՛ երկրի տնտեսության տեսակետից»:

Վարչապետը հավելել է. «Սա, ըստ էության, ռազմավարական ներդրում է՝ թե՛ բնակավայրերի, թե՛ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտի փոփոխության համար, որովհետև ակնհայտ է, որ այն գյուղատնտեսությունը, որը մենք իմացել ենք 20 կամ 30 տարի առաջ, այլևս գոյություն չունի»:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև ծրագիրը որակով իրականացնելու և դրա նկատմամբ պատշաճ հսկողությունն ապահովելու անհրաժեշտությունը. «Այդպես՝ մոտավորապես կամ տնայնագործական իրադրություններ պետք է թույլ չտանք՝ ծրագիրն ինչպես նախագծված է, հստակ, այդպես էլ ճշգրիտ պետք է իրագործվի, և իմ ակնկալիքն այն է, որ նախարարությունը և համապատասխան մարմինները հետևեն»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ծրագրի ուսուցողական կամ կրթական կարևոր նշանակությանը. «Օրինակ, 87 պայմանագիր՝ 6 հեկտար կամ նոր 305 պայմանագիր, 18 հեկտար, սա եթե արդյունքի տեսանկյունից գնահատենք, գուցե քանակային տեսանկյունից շատ մեծ ազդեցություն չունենա, բայց այն, որ մոտ 400 ընտանիքներ կարող են տեսնել տարբերությունը, թե ինչ է նշանակում ժամանակակից տեխնոլոգիաներով գյուղատնտեսության իրականացում, և իրենց այդ գիտելիքն ու փորձառությունը տեղափոխեն իրենց իսկ սեփականության իրավունքով պատկանող այլ հողամասեր, սա այն հաջորդ զարգացումն է, որը տեղի կունենա»:

Կսահմանվի բողոքների քննության գրավոր ընթացակարգ. ակնկալվում է թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը

Հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Այլ կերպ՝ ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով ինչպես այդ մասին վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը, այնպես էլ՝ վերաքննիչ բողոքարկման ընթացքում ապացույցներ հետազոտելու միջնորդություն և վերաքննիչ բողոքի քննության ընթացքում բողոքի սահմաններից ի շահ մեղադրյալի դուրս գալու դեպքերում բանավոր ընթացակարգով բողոքների քննության առանձնահատկությունները։ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ, դատական ակտերի պատշաճ ծանուցումների ապահովման տեսանկյունից ապահովել իրական և օբյեկտիվ հնարավորություն օրենսգրքով սահմանված ժամկետներում իրականացնել դատավճիռը կողմերին ուղարկելու պահանջը։ Նախագծով առաջարկվում է նաև վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետներ սահմանել, որպիսի կարգավորումը վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգի հետ զուգորդմամբ կնպաստի բողոքների քննության արագությանը, հետևաբար նաև, գործերի ողջամիտ ժամկետներում քննության պահպանմանը: Նախագծով առաջարկվում է նաև դատավճռին ներկայացվող պահանջների փոփոխություն։

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, քրեական դատավարության գրավոր ընթացակարգը նորություն չէ. «Այժմ էլ կան որոշ վարույթներ, որոնք քննվում են գրավոր ընթացակարգով: Եվ նախագծով այդ վարույթների ցանկին ավելանում է վերաքննության վարույթն ամբողջությամբ: Բացառություն են լինելու այն դեպքերը, երբ կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննությունն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով կամ երբ վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու կամ ապացույցներ հետազոտելու կողմի միջնորդությունը»:

Նախարարի խոսքով՝ դատարանը չի կարող կամայականորեն կիրառել այս կարգավորումը. յուրաքանչյուր դեպքում դատարանը նման որոշում կայացնելիս պետք է պատճառաբանի այդ որոշումը և հիմնավորի, թե ինչու է շեղվել այդ կանոնից: «Սա հանգեցնելու է դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը և բողոքների՝ ավելի արդյունավետ քննությանը, հետևաբար, որպես հաջորդ քայլ, նախագծով սահմանվում է, որ վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս: Այսինքն՝ սահմանվում է բողոքների քննության 6-ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ՝ 4 ամիս ժամկետով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այս կարգավորումը կնպաստի արդարադատության որակի և արդյունավետության բարձրացմանը, կերաշխավորի գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը՝ բացառելով բանավոր քննության ժամանակ թույլ տևվող դատավարական չարաշահումներն ու գործերի անհարկի ձգձգումները:

Հավանության է արժանացել ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2024 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2024 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ֆինանսների նախարարը ՀՀ Կառավարություն է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում նախարարության կողմից իրականացված հսկողության արդյունքների ու այդ կապակցությամբ նախարարության ու այլ պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցների մասին հաշվետվություն: Փաստաթուղթը պարունակում է տեղեկություններ հաշվետու տարում իրականացված ստուգումների, դրանց արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների, թերությունների և խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցների, հսկողության ընթացքում հայտնաբերված` պետությանը պատճառված վնասների փաստացի չափի, դրանց վերականգնման համար իրականացված միջոցառումների մասին, ինչպես նաև առաջարկություններ՝ անհամապատասխանությունների, թերությունների և խախտումների հետագա կանխարգելման վերաբերյալ:

Հաստատվել է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Երևանի Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը, 260 մետրանոց կամուրջ, ինչպես նաև՝ վերականգնել Կոմիտասի անվան այգու մի հատվածը՝ կիրառելով բնահեն լուծումներ: Ճանապարհը կապահովի անմիջական երթուղային կապ Երևանի 3 վարչական շրջանների (Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ) միջև՝ նպաստելով տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանը: Շինարարական աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով պետք է շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում իրականացվեն հողի օտարման և տարաբնակեցման (ՀՕՏ) աշխատանքներ: ՀՕՏ-ի արդյունքում ազդեցության ենթակա են 50 տնային տնտեսություններ, որոնց ընդհանուր կորուստները կկազմեն՝ 59 հողակտոր, 80 բնակելի և ոչ բնակելի շենք և շինություն, կդադարեցվի 3 ձեռնարկատիրական գործունեություն, ինչի արդյունքում 4 անձ կկորցնի մշտական աշխատանքը:

Սահմանվել է բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության մեկ միասնական ձև

Կառավարությունը սահմանել է ՀՀ բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության մեկ միասնական ձև: Միաժամանակ, թույլտվությունների հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված, կհեշտացվի նաև հսկողությունը դրանց նկատմամբ, ինչպես նաև՝ հնարավորություն կընձեռնվի դիմումները Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով ստանալու և դիմումներին դիմողի էլեկտրոնային փոստի միջոցով պատասխանելու համար։

Կիրականացվեն արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրեր

Վարչապետի հանձնարարականի կատարմամբ պայմանավորված՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության և դրա կատարմանն ուղղված 2020-2022, 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրում։ Առաջարկվող փոփոխության նպատակն է երկու հիմնական (լոկոմոտիվ) ուղղություններով հստակ սահմանել միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման համար ֆինանսավորման աղբյուրներն ու ակնկալվող արդյունքները։ Միջոցառումների ծրագրում ավելացվել են մի շարք նոր միջոցառումներ՝ ուղղված արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանը: Միջոցառումների իրականացումը կնպաստի սահմանված ուղղությունների զարգացմանը, ինչպես նաև ռազմավարությամբ նախանշված հիմնական ցուցանիշների ապահովմանը։

Սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ իրականացնող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի օգտվելու բյուջետային երաշխիքի գործիքից

Հաստատվել է Սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը: Հիմնավորման համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության և վերահսկման նվազագույն կանոնների պահպանման տեսանկյունից, կարևորվում է սպանդանոցներում խոշոր եղջերավոր կենդանիների մորթի իրականացումը: Սպանդանոցային գործունությամբ զբաղվող տնտեսավարողները կատարել են մեծ ներդրումներ՝ ներգրավելով վարկային միջոցներ, ակնկալելով, որ գործընթացի մեկնարկի արդյունքում կստանան բավարար եկամուտ և դրանով իսկ կսպասարկեն վարկային պարտավորությունները: Սակայն պարտադիր սպանդանոցային սպանդ իրականացնելու մասին պահանջի ապահովման նկատմամբ ոչ հետևողական վերահսկողության արդյունքում վարկային պարտավորությունները չեն կատարվել, տնտեսավարողները հայտնվել են ֆինանսական դժվար կացության մեջ և ազատ գրավի առարկայի անբավարարության պատճառով հնարավորություն չեն ունեցել ներգրավել վարկային միջոցներ խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ իրականացնելու համար: Որոշմամբ առաջարկվում է սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել բյուջետային երաշխիք՝ վարկի գումարի 70%-ի չափով: Ընդ որում՝ յուրաքանչյուր շահառուին բյուջետային երաշխիք տրամադրվում է մեկ անգամ՝ առավելագույնը 14.0 մլն դրամ գումարի չափով։ Բյուջետային երաշխիքներն առանց ապահովման միջոցի կարող են տրամադրվել յուրաքանչյուր վարկառուի առավելագույնը 15 ամիս մարման ժամկետով՝ շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնահերթ բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով։ Միաժամանակ, շահառուներին բյուջետային երաշխիքի տրամադրման պարտադիր նախապայման է հանդիսանում՝ ծրագրի շրջանակում ձեռք բերվող խոշոր եղջերավոր կենդանիների համարակալված լինելը և խոշոր եղջերավոր կենդանիների գնման գործընթացից հետո դրանց ապահովագրումը։

Կառավարությունն ընդունել է որոշում, որով «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման միջոցառումների իրականացում» միջոցառման շրջանակում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել ծրագրի չափանիշները բավարարող կազմակերպություններին, ներկայացված եռամսյակային հաշվետվությունների հիման վրա իրականացված կովերի արհեստական սերմնավորման ծառայությունների դիմաց գումարի փոխանցումն ապահովել։ Ըստ այդմ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամփոփելով հաշվետվությունները և ուսումնասիրությունների արդյունքները տալիս է եզրակացություն մարզպետի աշխատակազմին՝ նախատեսված գումարները կազմակերպություններին փոխանցելու վերաբերյալ։

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճար

Կառավարությունը հաստատել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին: Ըստ հիմնավորման՝ կամավոր ատեստավորումը կնպաստի հանրակրթության ոլորտում նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագիտությունների գրավչության բարձրացմանը և մասնագիտական զարգացմանը: Այս ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ մասնագիտական ծառայություններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին:

2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժների համար։ Հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի 4-րդ եռամսյակում, որի արդյունքում, ըստ կանխատեսումների, ատեստավորում կանցնի ավելի քան 60 մասնագետ: Ոլորտի մասնագետների մասնագիտական աճի և կատարելագործման ձգտման խթանման, ինչպես նաև ոլորտում լավագույն մասնագետների ներգրավման նպատակով մշակվել և ներկայացվել է մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող մասնագետների կամավոր ատեստավորման կարգը, որը հնարավորություն կտա բարձրացնելու մասնագետների աշխատավարձը` սահմանելով համապատասխան հավելավճար:

Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրամադրվի ըստ ցուցաբերած արդյունքի՝ հաշվարկը կատարելով դրույքային ծանրաբեռնվածության նկատմամբ.

  • 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 300 դրամ
  • 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 500 դրամ
  • 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 600 դրամ:

Կամավոր ատեստավորման ընթացքում, ըստ մասնագետի ցուցաբերած արդյունքի, հավելավճարը սահմանվում է հինգ տարի ժամկետով: Աշխատանքի վայրի փոփոխության դեպքում հավելավճարը պահպանվում է։ Ատեստավորմանը կարող են մասնակցել նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների (ՏՄԱԿ) և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագետները: Ատեստավորումն իրականացվելու է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով:

Կապահովվի «Անձնական օգնականի ծառայություն» միջոցառման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Անձնական օգնականի ծառայություն» միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման, հաշմանդամություն ունեցող անձանց՝ համայնքում ապրելու իրավունքն ապահովելու նպատակով 2024 թ. ներդրվել է անձնական օգնականի ծառայությունը։ Միջոցառման շրջանակում ծառայություն են ստանում հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձինք, որոնք սովորում կամ աշխատում են։ Անձնական օգնականները նախապես անցնում են վերապատրաստում և ստանում հավաստագիր։ Ծրագրի շրջանակում ծառայություն է ստանում 2024 թ. ծառայություն է ստացել 101 շահառու։ Անձնական օգնականի ծառայության շարունակականությունը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 91,539.0 հազար դրամի՝ 2025 թ. հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ևս 114 շահառուի անձնական օգնականի ծառայություն մատուցելու նպատակով։

Կազմակերպման պայմանների ճկունություն՝ գնման ընթացակարգերում

Գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների ճկունության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման, գործող կարգավորմամբ պատվիրատուն կարող է գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից մեկ անձ գնման ձևով (հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով) ձեռք բերել գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունները, այդ թվում՝ սպասարկման համար անհրաժեշտ պարագաները: Սակայն գործնականում հանդիպում են դեպքեր, երբ պատվիրատուները ներկայացնում են հիմնավորումներ, որ գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից անհրաժեշտ է ձեռք բերել միայն սպասարկման համար անհրաժեշտ պարագաները՝ առանց նույն անձից տեխնիկական սպասարկման ծառայությունների գնման, քանի որ սպասարկումը կարող են իրականացնել իրենց իսկ աշխատակիցների միջոցով, որի արդյունքում գործընթացը կկազմակերպվի ավելի արագ և կտնտեսվեն պատվիրատուի ֆինանսական միջոցները: Որոշման ընդունմամբ պատվիրատուները կունենան հնարավորություն գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից մեկ անձից գնման ձևով ձեռք բերել՝ գնման առարկայի տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ պարագաները՝ առանց նույն անձից տեխնիկական սպասարկման ծառայությունների գնման, գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունները՝ առանց նույն անձից այդ ծառայությունների համար անհրաժեշտ պարագաների գնման, գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունները, այդ թվում՝ սպասարկման համար անհրաժեշտ պարագաները:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռնի խթանել նշված ոլորտներում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը։ Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի ահաբեկչության և դրա ֆինանսավորման, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, երեխաների նկատմամբ սեռական բռնության, անօրինական ներգաղթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։ Համագործակցություն կիրականացվի նաև վիճակագրական տվյալների և կողմերի իրավական ակտերի, համատեղ գիտական փորձերի փոխանակման, այդ թվում՝ որակավորման բարձրացման դասընթացների, խորհրդակցությունների և սեմինարների միջոցով։

Գործադիրը հավանություն է տվել Ասիական զարգացման հիմնադրամի տասներեքերորդ և տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի ութերորդ կանոնավոր համալրման շրջանակում ՀՀ ներդրման գործիքին: Այն կնպաստի Ասիական զարգացման բանկի հետ գործընկերության հետագա ընդլայնմանն ու և խորացմանը։ Ըստ հիմնավորման՝ Ասիական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 1974թ.՝ որպես Ասիական զարգացման բանկի արտոնյալ վարկավորման մեխանիզմ, որն առաջարկում է շատ ցածր տոկոսադրույքներով վարկեր բանկի ամենաաղքատ անդամներին: Այն միտված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի աղքատ երկրներում աղքատության կրճատմանը և կյանքի որակի բարելավմանը:

Այլ որոշումներ. կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի Օրբելի եղբայրների թանգարան մասնաճյուղ

Կառավարության որոշել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի պատմության թանգարանին: Արդյունքում՝ կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի «Օրբելի եղբայրների տուն- թանգարան» մասնաճյուղ։ Նման որոշման ընդունումը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Թանգարանում առկա է 2823 թանգարանային առարկա։ Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 8 հաստիքներից, վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։ Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանը արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել, ինչպես նաև ներգրավել ներդրումներ և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Վերակազմակերպման արդյունքում ընդամենը տեղի է ունենալու կառավարման և անվան փոփոխություն ու թանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղի կարգավիճակով։

Գործադիրը սահմանել է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի տևողությունը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար սահմանել ուսումնառության ընդհանուր նվազագույն ժամկետից (մեկ տարի տասն ամիս) ավելի կարճ նվազագույն ժամկետ՝ մեկ տարի վեց ամիսը: Արդյունքում՝ հնարավորություն կընձեռնի՝ սահմանել ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի ավելի կարճ տևողություն և ապահովել ոստիկանության և փրկարար ծառայության համապատասխան պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու հնարավորությունը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30