Հակակոռուպցիոն դատարանում Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ շարունակվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի, նրա հետ փոխկապակցվող Ռուբեն Սանոյանի, Սուրեն Ջանոյանի, Սիրական Մկոյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատական նիստը:
Այսօր հարցաքննվեցին մեղադրանքի կողմից դատակոչված Գյումրիի ավագանու անդամ եղած վկաները՝ Արտակ Ադամյանը, Մխիթար Սահակյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Արտյոմ Ղարաղազարյանը, որոնք վիճելի փաստաթղթի՝ 2018 թվականի փետրվարի ավագանու նիստի ժամանակ Ղարսի խճուղու հողակտորը օտարելու վերաբերյալ որոշում կայացնողներն են եղել: Բոլոր չորս վկաներն էլ շեշտեցին, որ որոշում կայացնելիս ամեն մեկը առաջնորդվել է այն համոզմունքով, որ, եթե քաղաքին հողատարածք է տրվում, դա օգուտ է քաղաքին, ուրեմն պետք է ընդունել, որ եթե լինում է մեկը, լինի իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ցանկանում է Գյումրիում «քարի վրա քար դնել», որեւէ բան կառուցել, այդ պարագայում անձնապես որեւէ խանգարող հանգամանք չի կարող լինել:
Պաշտպանական կողմի փաստաբանները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ շարունակում են պնդել այս գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: «Այն ժամանակ վարույթ իրականացնող մարմինը աղմուկ բարձրացրեց, երբ գնացել էր Գյումրի, Գյումրիի կեսին հարցաքննել էր: Չգիտես ինչեր էին կասկածում: Մենք ի սկզբանե ասում էինք. իմաստազուրկ է պետության միջոցները դրա վրա վատնելը: Բայց ամեն դեպքում, հիմա էլ մեղադրանքի կողմը բազմաթիվ վկաներ է ներառել, այդ թվում՝ ավագանու 32-33 անդամի, որոնց մասնակցությունը մենք առհասարակ իմաստազուրկ ենք գտնում, որովհետեւ քրեական վարույթի նյութերը, երբ ուսումնասիրում ես, այդ 33-ն էլ որեւէ բան չեն ասում ոչ մեղադրանքի կողմի համար. ոչ էլ պաշտպանական կողմի համար: Նրանք ընդհանրապես բան չեն ասում: Արդեն իսկ արձանագրված է, որ ավագանին որոշում է կայացրել եւ հողակտորը, այո, օտարել է: Փորձում են այլ ձեւի մեկնաբանություն տալ, բայց դրա հիմքերն էլ չենք տեսնում:
Կարդացեք նաև
Այսօր մենք ականատես եղանք, որ չորս վկաները, որոնք հարցաքննվեցին, հակառակ տվյալ տվեցին: Ավելին, ստացվեց, որ քննիչը հարցաքննությունները իրականացրել է քրեական դատավարությամբ սահմանված կարգի խախտմամբ: Մասնավորապես, վկաներին հարցադրումներ է արել առանց տեսանկարահանող սարքի եւ արդեն հետո է տեսանկարահանել: Տպավորություն է ստացվում, որ նա փորձել է նախապատրաստել: Մենք տպավորություն ենք արձանագրել, որ բոլոր վկաներին, կարելի է ասել, նախնական մի հատ «մշակել» են, հետո նոր են դատավարական ձայնագրությունը միացրել՝ բերելով բացասական ուղղորդված տպավորություններով հարցաքննության»,-ասացին պաշտպանական կողմի փաստաբանները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ