Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթության նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն է ստեղծվել. Ժաննա Անդրեասյան

Հունիս 12,2025 18:30

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Մանկավարժական համալսարանում ներկա է եղել «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնում, ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովին:

2023 թվականին մեկնարկած ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամը։

ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին ծրագրի իրականացման և արդյունքների համար։ Նախարարը ներկայացրել է այս ոլորտում նախատեսված փոփոխությունները՝ ընդգծելով, որ Մանկավարժական համալսարանում ստեղծված կենտրոնն այդ փոփոխությունների կարևոր օղակներից է:

«Բազմիցս խոսել ենք բնագիտական առարկաների դասավանդման, կրթության որակի բարելավման անհրաժեշտության մասին։ Վերջին տարիների հետազոտությունները, այդ թվում՝ միջազգային, ցույց են տալիս, որ բնագիտության ուսուցման ոլորտում խնդիրներ ունենք։ Եթե մաթեմատիկայի ուղղությամբ որոշակի առաջընթաց է գրանցվել, ապա բնագիտության ուղղությամբ ցանկալի առաջընթաց դեռևս չունենք: Բնագիտական առարկաների ուսուցանումը դպրոցներում բարելավելու նպատակով նախարարության կողմից մի շարք քայլեր են ձեռնարկվում, որոնք բխում են Կառավարության գործունեության ծրագրից»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ ամենակարևորը հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն է, որով էապես փոխվել է նաև ուսումնական պլանի կազմակերպման գործընթացը, ստեղծվել են նոր պայմաններ և գործիքակազմեր՝ բնագիտական առարկաների դասավանդումն առավել մատչելի, հասանելի և հետաքրքիր դարձնելու ուղղությամբ։

Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ բնագիտական առարկաների դասավանդումը չի կարող լիարժեք լինել, եթե չկան անհրաժեշտ պայմաններ և ենթակառուցվածքներ․ «648 դպրոց այսօր արդեն ապահովված է ԲՏՃՄ լաբորատորիաներով, որն էական ազդեցություն ունի բնագիտական առարկաների դասավանդման կրթական արդյունքի վրա: Առաջիկայում բոլոր դպրոցները պետք է ապահովվեն նոր լաբորատորիաներով. սա Կառավարության կարևոր թիրախներից մեկն է»։

«Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնում, ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագիրը, ըստ նախարարի, միտված է ամբողջացնելու ԲՏՃՄ առարկաների ուսուցման արդյունավետությունը, բարձրացնելու համակարգային աշխատանքը, քանի որ ուսուցիչ պատրաստող բուհը չի կարող դուրս մնալ այս շղթայից։ Կենտրոնում ստեղծված պայմանները թույլ են տալիս Մանկավարժականի ուսանողին ստանալ պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ՝ հետագայում դպրոցում պատշաճ մակարդակով դասավանդելու համար։

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝  կառույցի շնորհիվ գործող ուսուցիչները կզինվեն նոր գիտելիքներով, կվերապատրաստվեն, որը Մանկավարժականին հնարավորություն կտա իրականացնել իր կարևորագույն առաքելություններից մեկը՝ լինել ոլորտային համակարգողներից և առաջատարներից մեկը դասավանդման նորարարություն և մանկավարժության բնագավառում:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նշմամբ՝ 2 տարի տևած ծրագրում ամփոփված են ԲՏՃՄ ուղղություններով բուհի առաջնահերթությունները․ «Բուհը հաստատակամ է լուծելու ԲՏՃՄ ոլորտում ինտեգրված ուսուցման՝ մաթեմատիկայի, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության միջգիտակարգային խնդիրները: Այդ նպատակով ուսուցման գործընթացում օգտագործվում են թվային տեխնոլոգիաների նորարարական հնարավորությունները, որոնք կնպաստեն վերլուծական, ստեղծագործական կարողությունների, ինչպես նաև 21-րդ դարի ուսուցչին ներկայացվող փափուկ հմտությունների զարգացմանը»։

Ռեկտորը վստահություն է հայտնել, որ կառույցը միաժամանակ կդառնա աշակերտների մասնագիտական կողմնորոշման լավագույն հարթակ, նրանց հետաքրքիր միջավայրում ներգրավվելու, ԲՏՃՄ ինտեգրված դասընթացները բարելավելու, դպրոցներում առկա խնդիրները լուծելու համար։

Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը, բուհի ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ։

Աշխատաժողովին հաջորդել են մասնագիտական մի շարք ուղղություններով վարպետաց դասեր։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30