Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽ-ն չունի ռազմական ուժ, բայց ունի այլ ուժ՝ ապահովելու, որ ագրեսիան չհաղթի, օրենքը գերակայի բռնությանը». Ալեն Բերսե

Հունիս 12,2025 19:00

ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն: Նա ներկայացրեց ԵԽ-ի դերակատարումը պատերազմական գործողությունները զսպելու և իրավունքի ուժով արդարադատության հասնելու հարցում, ինչպես նաև ընդգծեց երիտասարդներին տարատեսակ քննարկումներում ներգրավելու անհրաժեշտությունը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով նմանօրինակ հանդիպումները, նշեց. «Խորհրդանշական է, որ այս ավանդույթը շարունակվում է, և մենք տարբեր դեսպանների հետ հանդիպումներ ենք ունենում հատկապես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որտեղ կրթվում են նաև ապագա դիվանագետներ: Քննական շրջանը գրեթե ավարտված է, բայց ուսանողները շատ հետաքրքրված են հանդիպելու դեսպանների, արտերկրի դիվանագետների, միջազգային ասպարեզում քաղաքական դերակատարում ունեցող գործիչների հետ»:

Ռեկտորն ընդգծեց, որ ուսանողներն ազատ են իրենց հետաքրքրող հարցերը բանախոսին ուղղելու հարցում:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն նշեց, որ երկիրը լավագույնս ճանաչելու և հասկանալու միջոցը ուսանողներին լսելն է՝ շեշտելով, որ անհամբեր սպասում է նրանց հարցերին, որոնք կհանգեցնեն նաև մտքերի փոխանակման։

«Դուք Հայաստանի առաջին սերունդն եք, որն ապրում է եվրոպական գաղափարի հենքով կառուցված իրականությունում: Դա արդարության հիմքով խաղաղության, իրավունքի վրա հիմնված անվտանգության և համերաշխության միջոցով հաստատված բարեկեցության խոստում է։ Իսկ 2025 թվականը այդ խոստման համար մարտահրավերային է։ ԵԽ-ն չունի ռազմական ուժ, բայց ունի այլ ուժ՝ ապահովելու, որ ագրեսիան չհաղթի, օրենքը գերակայի բռնությանը, և որ պատասխանատվությունը ճանապարհ հարթի դեպի խաղաղություն»,- ասաց Ալեն Բերսեն՝ ընդգծելով, որ ԵԽ-ի նպատակը արդարադատության բացը ոչ թե ուժի, այլ իրավունքի միջոցով լրացնելն է։

Դասախոսության ավարտին ներկաները հարցեր ուղղեցին Ալեն Բերսին՝ մասնավորապես հետաքրքրվելով Եվրոպայի խորհրդում երիտասարդների դերակատարմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմամբ՝ որպես քրիստոնեական աշխարհի անբաժանելի մաս:

Ալեն Բերսեն նշեց, որ երիտասարդներին աշխարհաքաղաքական քննարկումներում ներգրավելու, նրանց տեսակետը լսելու համար Ստրասբուրգում հիմնվել է երիտասարդական երկու կենտրոն, որի գլխավոր նպատակներից մեկը ԵԽ-ի կողմից երիտասարդ սերնդի համար զարգացման առաջընթաց ապահովելն է: Նա շեշտեց, որ իրենց դերակատարումն է ամրապնդել ժողովրդական արժեքները, պաշտպանել մարդու իրավունքները՝ ունենալու կայուն, խաղաղ հարաբերություններ, ինչը միակ ճանապարհն է հեռանկարային ապագա ունենալու համար:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցին, նա նշեց, որ հնարավոր չէ հաստատել ժողովրդավարություն, օրենքի գերակայություն կամ մարդու իրավունքների պաշտպանություն՝ մոռանալով մշակութային ժառանգության, արմատների և ավանդույթների մեծ կարևորության և ինքնության մասին. «Կայունության, խաղաղության և երկխոսության ուղղությամբ տարվող աշխատանքները մեծապես խթանում են մշակութային զարգացումը։ ԵԽ-ի կազմում գործում է փոքր-ինչ քիչ հայտնի, բայց կարևոր մի կառույց՝ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, որի գործունեությունն ուղղված է հենց մշակութային ժառանգության հարցերին։ Այս կառույցի միջոցով կարող է ձեր խնդիրը լուծվել, ինչպես նաև այն կարող է հարթակ հանդիսանալ՝ խթանելու երկխոսությունն ու քննարկումները այդ խնդրի վերաբերյալ»։

Այս համատեքստում նա հավելեց, որ խաղաղությունն ու կայունությունը մշակութային ժառանգության վերաբերյալ բովանդակային քննարկումների կարևոր նախապայմաններ են. «Ես խրախուսում եմ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ նախագծերի քննարկումը, քանի որ տեղական և տարածաշրջանային իշխանությունները անմիջականորեն մասնակցություն ունեն այդ գործում և կարող են դրական ազդեցություն ունենալ մշակութային ժառանգության պահպանման հարցում»։

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ այլ բուհերից ու արտերկրից:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն մասնակիցներին նվիրեց իր հեղինակած զեկույցը՝ Եվրոպայի համար «Նոր ժողովրդավարական պակտ» վերտառությամբ:

 

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30