Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող հայորդյաց տների աշխատակիցներս, ինչպես նաև ծնողները, խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված անընդունելի գրառումներով ու ընդվզումներով։
1993թ.-ից հայորդյաց տները գործում են որպես հոգևոր-մշակութային կենտրոններ` Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և ջանքերով, որի առաքելությունն է սեր սերմանել մեր եկեղեցու, մշակույթի և ազգային արժանապատվության հանդեպ։ Համոզված ենք, որ Եկեղեցին մշտապես եղել և մնում է Հայրենիքը և ազգային ինքնության հիմնաքարը, իսկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայ ժողովրդի հոգևոր առաջնորդը։
Տարիներ շարունակ հազարավոր հայորդիներ կրթվել և դաստիարակվել են այս կրթական համակարգի ներքո, մշտապես գործել են կից բարեգործական ճաշարաններ, երիտասարդաց միություններ և ծնողական լսարաններ:
Հայտնում ենք մեր անվերապահ հավատարմությունը և աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին և կտրականապես մերժում ցանկացած փորձ՝ արժեզրկելու, նսեմացնելու կամ խաթարելու մեր Եկեղեցու խաղաղ գործունեությունը։
Կարդացեք նաև
Հորդորում ենք հայ ժողովրդի զավակներին, միավորվել մեր հոգևոր արժեքների շուրջ, չտրվելով պառակտիչ ու ապակառուցողական հռետորաբանությանը` հանուն մեր հայորդիների,քրիստոնեական արժեքների, հայրենիքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և մեր Վեհափառ Հայրապետի։