Չենք ուզում մեզ մոտ հսկա Ղարաբաղ ստեղծվի, որի պատճառով միջուկային պատերազմ սկսվի. Պուտինի օգնականն է ասում
Ինչո՞ւ է իրավիճակը վատթարացել Ուկրաինայի համար։ Որովհետեւ չորս տարածաշրջանում հանրաքվեներ են անցկացվել, իսկ դա Ռուսաստանի պաշտոնական մասն է, եւ Ռուսաստանն այլեւս չի կարող այնտեղից հեռանալ։ Հակառակ դեպքում կդավաճաներ մարդկանց, դա անհնար է։ RT-ին տված հարցազրույցում օրերս հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական եւ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Բայց եթե հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով դադարեցվի եւ իրական խաղաղության շուրջ համաձայնություն չլինի, ապա դա կլինի… Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդպիսի վիճելի տարածաշրջան կար՝ Ղարաբաղը։ Այդ տարածաշրջանը հսկայական Ղարաբաղի կվերածվի, որոշ ժամանակ անց Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի վերադարձնել այն, եւ դա կլինի մոլորակի վերջը, եւ կվերջանա միջուկային պատերազմով։ Մենք չենք ուզում ունենալ պատրվակ ստեղծել՝ հսկայական Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սանձազերծվել։ Մենք դա չենք ուզում, ուստի ուզում ենք դադարեցնել դա, լիակատար հաշտություն կնքել եւ ճանաչել նոր տարածքները»,- նշել է ՌԴ նախագահի օգնականը։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճելի տարածաշրջան՝ Ղարաբաղ» արտահայտությանն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես արձագանքեց, ՌԴ պաշտոնյային խորհուրդ տալով` «չվնասել միջպետական հարաբերությունները՝ կեղծ հայտարարություններով»։
Կարդացեք նաև
ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, որում նա Ղարաբաղը ներկայացնում էր որպես վիճելի տարածք եւ խեղաթյուրում հայ-ադրբեջանական նախկին հակամարտության հետ կապված փաստերը, ափսոսանք եւ զարմանք են առաջացնում, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնական եւ Պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երեւույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել: Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է: Ավելին, Ռուսաստանը ինքը ճանաչում եւ միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Մեկ օր անց Մոսկվան «սրբագրել» է Մեդինսկու գնահատականը: «Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք: Պետք չէ կոնտեքստից կտրել գոյություն չունեցող թեզերը եւ բառերի տեղերը փոխել՝ դրանց բոլորովին այլ նշանակություն տալով»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը:
Ռուսաստանի նախագահի օգնական, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու գնահատականը միանգամայն տրամաբանական գնահատական է, որը չի կարող զարմանք առաջացնել` հիմք ընդունելով դեռ մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմը` ՌԴ-ի պետական քաղաքականությունը: Մեդինսկին ոչ այնքան խոստովանություն է արել, այլ ասել է այն, ինչ Մոսկվայում համարում են իրողություն: Իսկ իրականությունն այն է, որ ՌԴ-ն Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններից ավելի բարձր է գնահատել Ալիեւի ու Էրդողանի հետ հարաբերությունները ու դրա հիմքով` աշխարհաքաղաքական, տնտեսական շահն է առաջնահերթ համարել: Մինչդեռ դա Արցախում ոչ 2020-ին, նույնիսկ հիմա` շատերը ընդունակ չեն գիտակցել ու խոստովանել:
Մոսկվան իրականում չի հավատացել, որ Արցախը կարող է ինքնորոշվել, այդ իսկ պատճառով նախընտրել է գործարքը` Արցախի հանձնման հարցում: Ըստ երեւույթին, ինքնորոշված Արցախը վտանգ կներկայացներ ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմին, այլեւ` հենց Մոսկվային, հետեւաբար, նրանք չէին էլ կարող թույլ տալ ինքնորոշվող Արցախի գոյությունը:
Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը որեւէ ստվեր թողե՞ց Պուտին-Ալիեւի հարաբերությունների վրա… Ամենեւին: 2006-2024թթ. ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն օրեր առաջ միասին պարում էին Լաչինում, կադրերը պտտվում էին ադրբեջանական լրատվականների էջերում:
Իսկ Հայաստանում ադրբեջանական մամուլին համակ ուշադրությամբ հետեւող փորձագետներին ու բլոգերներին, սակայն, նման մանր-մունր «իրադարձությունները» չեն հետաքրքրում, Մոսկվայի քաղաքականության բոլոր դրվագներն ընդունված չէ տեսնել ու բարձրաձայնել:
Ահա, հունիսի 3-ին Լաչինում կայացել է «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2025» ծրագրի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել էին ԱՊՀ անդամ 6 երկրներից մոտ 100 պաշտոնական ներկայացուցիչներ եւ հյուրեր։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես էր եկել Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քերիմլին։ Միջոցառմանը ելույթ էին ունեցել ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեիտիմովը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի խորհրդի համանախագահ Փոլադ Բյուլբյուլօղլուն, Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը, ինչպես նաեւ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն։
Մասիմ Մամեդովն իր ելույթում, ոչ ավել, ոչ պակաս, նշել է. «Լաչինում եւ այլ տարածքներում պատմական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի գործողություններ են իրականացվել։ Ավերվել են 217 մշակութային, 101 կրթական եւ 142 բժշկական հաստատություններ, 462 առեւտրային օբյեկտներ, 30 կապի օբյեկտներ եւ բազմաթիվ արդյունաբերական օբյեկտներ։ Զգալիորեն վնասվել են համաշխարհային նշանակության 54 պատմական հուշարձաններ եւ տեղական նշանակության 200 հուշարձաններ»։
Ահա ադրբեջանցի պաշտոնյայի վերոնշյալ ելույթից հետո ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն Մամեդովին է հանձնել` «Համագործակցության մշակութային մայրաքաղաք» վկայականը։ Միխայիլ Շվիդկոն, ի դեպ, ապրիլի սկզբին Հայաստանում էր, հանդիպել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:
Դուգինը Ալիեւին կրկին հիշեցրել է, թե ով է օգնել նրան` Արցախը գրավելու հարցում
Ռուսաստանցի փիլիսոփա, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի ուսերին է «ծանրացած» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «հիշողությունը» մերթընդմերթ թարմացնելու բարդ գործը: Նա պարբերաբար որոշ հիշեցումներ է անում Ղարաբաղի հարցով Ադրբեջանին ցուցաբերած Մոսկվայի աջակցության թեմայով:
Դուգինը վերջերս հերթական ուղերձով է հանդես եկել:
«Ինչի՞ համար են այդքան խիստ պատժում դժբախտ մարդկանց, որոնք ընդամենը ցանկանում էին Ռուսաստանի եւ Ադրբեջանի մերձեցում։ Ինձ թվում է, որ Ադրբեջանում ինչ-որ բան բոլորովին այնպես չի ընթանում, ինչպես պետք է լիներ», իր սոցիալական էջում գրել է Դուգինը: «Եվրասիականները կազմակերպել էին «Մոսկվա-Բաքու առանցք» համաժողովը, դրանում ակտիվ դերակատարում ուներ Դաշա Դուգինան։ Եվրասիականները սատարում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ամեն կերպ օգնում էին ռուս-ադրբեջանական երկխոսությանը։ Ինչո՞ւ են այսքան խիստ ժամկետներ` անմեղ ու անկեղծ մարդկանց համար։ Չեմ հասկանում։ Եվ շատ ընկճված եմ։ Եվրասիականները՝ ե՛ւ ռուսաստանցի, ե՛ւ ադրբեջանցի, անփոփոխ կերպով սատարել են Իլհամ Ալիեւին, հարգել են Հեյդար Ալիեւի հիշատակը»,- գրել է Դուգինը։
Այնուհետեւ Կրեմլի քարոզիչը շարունակել է. «Անձամբ ես հիանալի հարաբերություններ եմ ունեցել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, պատգամավորների եւ մտավորականների հետ։ Մենք՝ եվրասիականներս, կազմակերպել ենք մեր մեծ ռուսաստանցի գրող Ալեքսանդր Անդրեեւիչ Պրոխանովի կարեւոր հանդիպումը Իլհամ Ալիեւի հետ։ Կարծում եք՝ Բաքվին այդքան հեշտ հաջողվե՞ց հետ վերցնել Ղարաբաղը։ Մենք առաջ էինք քաշում ավելի խաղաղ ու սահուն անցման նախագիծ, պաշտպանում էինք այն։ Բայց երբ պատերազմը սկսվեց, ձեր կարծիքով ո՞վ էր կանգնած ադրբեջանական սցենարի հետեւում։ Հարգելի՛ Իլհամ Հեյդարովիչ։ Հուսով եմ՝ սա պարզապես թյուրիմացություն է, եւ ամեն ինչ շուտով կլուծվի։ Մոսկվա-Բաքու առանցքը լուրջ բան է, պետք չէ այն կասկածի տակ դնել նման տարօրինակ ու բոլորովին չարդարացված քայլերով։ Ինչպես որ ես բացարձակապես չեմ հասկանում նաեւ Sputnik-ի եւ ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի փակումը Բաքվում։ Ի՞նչ է կատարվում»,- գրել է Դուգինը։
Ուղիղ 3 տարի առաջ նույն Դուգինն անկեղծացել էր` «զոհաբերեցինք մեր դաշնակցին, Ադրբեջանին վերադարձրեցինք Ղարաբաղը», «մենք աջակցել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, հիմա Բաքվի հերթն է, սպասում ենք Ադրբեջանի հաջորդ քայլին»…
2022թ. հունվարին ադրբեջանական մի լրատվամիջոց հարցազրույց էր վարել Դուգինի հետ, որն ասել էր. «…Ռուսաստանը, եթե կուզեք, ինչ-որ իմաստով աջակցեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Տեսեք, մենք Բաքվի հետ ընկերներ ենք, օգնել եւ աջակցել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ 90-ականներին Ելցինի կառավարումը՝ օկուպացիոն իշխանություն էր։ Եվ երբ Պուտինն աստիճանաբար իր մեջ ուժ զգաց՝ սկսեց վարել այն քաղաքականությունը, որը բխում է Ռուսաստանի շահերից՝ աջակցելով ընկերներին եւ պատժելով հակառակորդներին։ Եվ, փաստորեն, ընկերների աջակցությունն արտահայտվեց՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման։ Տատանվողների պատիժը՝ ի դեմս Փաշինյանի, նույնն էր: Վրաստանը պատժվել է 2008-ին, Ուկրաինան՝ 2014-ին…»:
Նույն հարցազրույցում լրագրողը Դուգինին հարցրել էր, այսինքն՝ Ռուսաստանը համառորեն Ադրբեջանին հրավիրո՞ւմ է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ… «Այո: Այս մասին վաղուց է խոսվում։ Սրա խոչընդոտը, ինչպես բազմիցս նշվել է ռուս-ադրբեջանական գագաթաժողովներում, Ղարաբաղի խնդիրն էր։ Հիմա այս խնդիրը լուծված է, եւ մեր ղեկավարներն իրենք պետք է որոշեն, թե երբ եւ ինչ ձեւով, ինչ ժամանակահատվածում եւ ինչ պայմաններում է լինելու հետագա մերձեցման գործընթացը։ Շատերը վախենում էին, մենք էլ, երեւի Ադրբեջանն էլ էր վախենում, որ Հայաստանը կկանխի դա։ Բայց հիմա հայերը, իմ կարծիքով, ամեն ինչ հասկացել են Ղարաբաղի հետ կապված ուսանելի պատմությունից հետո։ Հասկացել են, որ Ռուսաստանը պարզապես այն երկիրը չէ, որին կարող ես ենթարկվել, կամ ոչ։ Ռուսաստանին չենթարկվել, դա քեզ ավելի թանկ կարժենա: Փաշինյանը սրանից եզրահանգումներ է արել եւ հետեւաբար գործելու է ռացիոնալ, մանավանդ որ, Հայաստանի դեմ որեւէ մեկը՝ ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչինչ չունեն։ Եթե Հայաստանն իրեն ճիշտ պահի, ապա դա միայն մեր ու ձեր շահերից է բխում»,- պատասխանել էր Դուգինը։
2021թ. ապրիլին Դուգինը մեկ այլ հարցազրույցում նկատել էր, թե Բաքուն պետք է շատ զգույշ լինի, եւ «տեսնի, թե որքանով է այժմ Ադրբեջանը պատրաստ ինտեգրվել Ռուսաստանին»։ Այսինքն` «Մոսկվան արեց այն ամենը, ինչ պահանջվում էր», կատարեց իր խոստումները: «Մենք նպաստեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը, մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Բայց կարգավիճակը պետք է լինի, հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում. մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, իսկ դրան ի պատասխան՝ ստանում ենք մի ուժի ամրապնդում, որն ըստ որեւէ փաստաթղթի մեր դաշնակցային չէ՞։ Մի՞թե այդ նպատակով էր իրագործվում Մոսկվա-Բաքու հեռանկարային ռազմավարական առանցքը՝ Ադրբեջանի, որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր ռազմավարական դաշնակցի դիրքավորումը։ Ոչ: Մենք կատարել ենք մեր խնդիրը, սպասում ենք Ադրբեջանի հաջորդ քայլին: Հիմա Բաքվի հերթն է»:
Հավելենք, որ Դուգինի վերոնշյալ 2 հարցազրույցների գնահատականները 2022թ. փետրվարին կայացած «պատմական» մի իրադարձությունից առաջ էին: Ռուս-ադրբեջանական ռազմավարական բազմամյա սերտ համագործակցությունը՝ քաղաքականից, տնտեսականից եւ ռազմականից թեւակոխեց տրամաբանական փուլ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ դարձան: Այդ տարի փետրվարի 22-ին Պուտինն ու Ալիեւը դաշնակցային համագործակցության մասին 43 կետանոց հռչակագիր ստորագրեցին:
Հետաքրքրական փաստ է այն, որ Ռուսաստանից հիմա ստիպված են ընդամենը Դուգինի մակարդակով Ալիեւին երբեմն-երբեմն ինչ-որ հիշեցումներ անել:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.06.2025