Պատասխանող արդարադատության նախարարության գրավոր պատասխանի համաձայն, «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիան չի սահմանում որեւէ պարտավորություն փոխանցման վերաբերյալ դրական որոշում կայացնելու, ինչպես նաեւ որոշման հիմքում ընկած պատճառների ներկայացման մասով: Ինչպես նաեւ կոնվենցիան չի ամրագրում դատապարտյալի փոխանցումը մերժելու հիմքերը՝ այն թողնելով պետությունների հայեցողության, նպատակահարմարության եւ ազատ դիրքորոշման վրա, արդարադատության նախարարության «հայեցողություն», «նպատակահարմարություն» եւ «ազատ դիքորոշում» հասկացություններն օգտագործում է միայն հօգուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ Հայաստանի Հանրապետության պետական շահի, չշահարկելով իրեն տրված այդ հնարավորությունները:
Արդարադատության նախարարությունը նպատակահարմար չի գտել դատապարտյալի փոխանցումն այն հիմնավորմամբ, որ առկա է մեծ վտանգ մի քանի անգամ հանցագործություն կատարած անձի կողմից կրկին հանցագործության կատարման, որն էլ իր հերթին կարող է նպաստել Հայաստանում հանցավորության աճին:
Ալեքսանդր Խ.-ն 2024 թ. օգոստոսի 19-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ արդարադատության նախարարության: Նա պահաջել էր վերացնել Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող իր՝ ՀՀ քաղաքացու Հայաստանի Հանրապետություն փոխանցումը մերժելու վերաբերյալ արդարադատության նախարարի թիվ Ն/11.1/13161-2024 որոշումը եւ պարտավորեցնել արդարադատության նախարարությանը՝ կազմակերպել իրեն՝ Ռուսաստանից Հայաստան փոխանցման գործընթացը՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար:
Դատարանի 2024 թ. օգոստոսի 27-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, թե «հայցապահանջի ձեւակերպումը չի համապատասխանում ՎԴ օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցատեսակին եւ չի բխում հայցադիմումով ներկայացված հիմնավորումներից»:
Կարդացեք նաև
Հայցվորը կրկին դիմել էր վարչական դատարան, գործն ընդունվել էր դատավոր Կարեն Զարիկյանի վարույթ: Դատարանը պահանջել էր ապացույցներ, հայցվորը եւ պատասխանողը ներկայացրել էին լրացուցիչ ապացույցներ:
2025թ. փետրվարի 19-ին հրապարակման օրը դատարանը որոշել է վերսկսել վարչական գործի քննությունը եւ դատավարությունում որպես երրորդ անձ ներգրավել Ազգային անվտանգության ծառայությանը: Գործի դատաքննությունն ավարտվում է 2025թ. մարտի 26-ին:
Դատարանը մերժել է հայցապահանջը:
Դատարանը վկայակոչել էր ՀՀ ՆԳՆ երեք գրությունները, համաձայն որոնց՝ դատապարտյալի մայրը մահացել է, իսկ հայրը բնակվում է ՌԴ-ում, «Ուստի արդարադատության նախարարությունը հանգում է պատճառաբանված հետեւության, որ դատապարտյալի սոցիալական կապերը Հայաստանում բացակայում են, քանի որ դատապարտյալի մերձավոր ազգականները Հայաստանում մշտապես չեն բնակվում»:
Դատարանը վկայակոչել էր նաեւ ՀՀ ԱՆ-ի պատճառաբանությունը, այն է՝ նախորդ երկու տարիների համեմատ 2023 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի հատկանիշներով հանցագործության դեպքերը աճել են 24-ով կամ 75%-ով, ուստի արդարադատության նախարարությունը պատճառաբանված հետեւության է հանգել, որ դատապարտյալի կողմից կատարված հանցագործության հատկանիշներով Հայաստանում ներկայումս պատիժը կրող անձանց քանակով պայմանավորված՝ Ա. Խ.-ի փոխանցումը գնահատվում է ոչ նպատակահարմար:
Ըստ ԱՆ-ի՝ «Դատապարտյալի փոխանցումը անթույլատրելի է համարում, եթե դա կարող է վնասել Հայաստանի Հանրապետության շահերը, ինքնիշխանությունը կամ հասարակական կարգը»:
ՀՀ քաղաքացին դիմել է վարչական վերաքննիչ դատարան:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.06.2025