Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ հայ ժողովուրդը չհասկացավ, թե ի՞նչ է կատարվում իր եւ հայրենիքի հետ

Հունիս 13,2025 13:00

2020թ. 44-օրյա պատերազմից հետո սկսվել է Արցախի հայաթափումն ու կորուստը, ինչպես նաեւ Հայաստան պետության աստիճանական կորուստը, որի դեմը հայ ժողովուրդը ոչ մի կերպ չի ցանկանում առնել: Իհարկե, դա անելը շատ դժվար է, սակայն ոչ այն պատճառով, որ հայ ժողովուրդն ամեն ինչ ներդրել է ու չի կարողանում, այլեւ այն պատճառով, որ նա այդպես էլ չի հասկանում իրավիճակի լրջությունը՝ ստեղծված ողբերգական վիճակը, որի հետեւանքով՝ ոչ ավելի, ոչ պակաս, շատ արագ կարող ենք կորցնել մեր պետականությունը եւ պետությունը ու աստիճանաբար կվերանանք այս հողագնդի վրայից, որն Ադրբեջանի եւ Թուրքիայի ամենամեծ երազանքն է: Տեսնենք, թե ինչու այսպես ընթացան իրադարձությունները եւ հիմնականում ինչ պատճառներով եղավ այս ամենը:

Այս ամենի հիմնական իրադարձությունները դրսեւորվեցին 90-ականների սկզբից, երբ մենք տոնեցինք արցախյան առաջին պատերազմի հաղթանակը: Դրանից հետո, մենք լրիվ հանգստացանք եւ մեզ թվաց, որ այդ հաղթանակը վերջնական է ու անդառնալի, որից հետո հեշտորեն կշարունակենք Արցախի մնացած տարածքների եւ Ադրբեջանի այլ հայաբնակ շրջանների ազատագրումն ու կունենանք Արցախի լիարժեք ազատագրված երկրորդ հայկական պետություն, սակայն այդ ուղղությամբ մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմը ոչ մի լուրջ քայլ չարվեց՝ հատկապես պաշտպանության եւ բանակաշինության բնագավառում, այլեւ մինչեւ այդ ժամանակահատվածը բոլոր կողմերից մեծ թափով սկսվեց թալանվել Արցախի բանակը: Ով ինչքան կարողանում էր, լիովին թալանում էր բանակը, իսկ հակառակի մասին՝ ուժեղացնել Արցախի պաշտպանական հզորությունները, արդիականացնելով բանակը՝ նոր զինտեխնիկայի եւ ժամանակակից զենքերի ձեռքբերմամբ, բացարձակապես ոչինչ չէր արվում, քանզի թշնամին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, լրջորեն լծված էր դրան, մոբիլիզացնելով ողջ իսլամական աշխարհը:

2016թ. անսպասելի՝ ապրիլյան քառօրյա պատերազմը բացահայտորեն ապացուցեց վերն ասվածը, որին եւս լուրջ չվերաբերվեցինք՝ տալով մարդկային եւ տարածքային լուրջ կորուստներ: Միայն հրաշքով, աշխարհի միջամտությամբ այդ պատերազմը դադարեցվեց, այն տեւեց 4 օր, քանզի այդ պահին այն ձեռնտու չէր նույն աշխարհին, քանի որ այդ անսպասելի պատերազմը դուրս էր նրանց հաշվարկներից, հետեւապես որոշակիորեն խախտում էր նրանց ծրագրերը, չնայած հենց այդ ժամանակահատվածում խոշոր երկրները փոխում էին իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը փոքր երկրների նկատմամբ՝ հիմքում դնելով միմիայն իրենց երկրների շահերը, մնացած ամեն ինչը համարելով երկրորդական: Աշխարհում ընթանում էր խոշոր տերությունների բլոկներ ձեւավորելու գործընթաց, ավելի մեծ ու կոնկրետ նպատակների հասնելու համար: Գնալով, օր օրի փոխվում էին խոշոր՝ եղանակ ստեղծող երկրների նպատակները եւ միայն մեծ շահերն էին առաջնորդում նրանց, մնացած ամեն ինչին վերաբերվելով ավելի իմիջիայլոց, չմոռանալով զուտ առաջ տանել իրենց դիվանագիտական հարաբերությունները, փորձելով անջրպետ չառաջացնել դրանցում: Թուրքիան եւ Ադրբեջանն այդ ընթացքում ջանք չէին խնայում խոշորների հետ ավելի ջերմացնելու հարաբերությունները, չմոռանալով մշտապես արթուն պահել այն իրողությունը, թե իբր 90-ական թվերի սկզբից հայերը նենգաբար «խլել են» Լեռնային Ղարաբաղի իրենց պատկանող տարածքները, որոնք դեռեւս պահում են իրենց տիրապետության տակ, խախտելով արդարացիության բոլոր կանոնները: Նրանք շարունակաբար աշխատում էին, որ օտարների ուղեղներում եւս միշտ արթուն պահեն այն հանգամանքը, որ հայերը ագրեսոր են, հանիրավի տիրում են իրենց պատմական տարածքներին եւ նրանք պարտավոր են օր առաջ Ադրբեջանին ետ վերադարձնել իրենց պատմական տարածքները եւ այդ հարցում աշխարհը եւս պետք է միջամտի, որպեսզի հաղթի պատմական արդարությունն ու Ադրբեջանին ետ վերադարձվեն այդ զավթած տարածքները, քանզի այդ նպատակին հասնելու համար, Ադրբեջանը ոչնչի առջեւ կանգ չի առնելու:

Մինչեւ 44-օրյա պատերազմը եւ հատկապես դրանից հետո, Ադրբեջանը ոչինչ չէր խնայում աշխարհով մեկ տարածելու, որ Հայաստան պետություն չի եղել, դա իրականում Արեւմտյան Ադրբեջանն է, որը 19-րդ դարի սկզբներին զավթել են ոճրագործ հայերը եւ իրենց համար սարքել, այսպես կոչված՝ Հայաստան պետություն ու միչեւ այժմ դեռեւս շարունակում են ապրել այնտեղ: Միայն մեկ օրինակի վրա ներկայացնեմ, թե Ադրբեջանն ինչպիսի մեծագույն ջանքեր էր գործադրում աշխարհով մեկ տարածել, որ Հայաստան երկիրը հորինովի է, այն Արեւմտյան Ադրբեջանն է, զավթված հայերի կողմից: Մոտ երկու տարի առաջ, թուրք-ադրբեջանական տանդեմը Հռոմի Գրիգորյան Համալսարանում թաքուն կազմակերպեց իսլամական երկրների համաժողով, պաշտոնապես չհրավիրելով անգամ նույն Համալսարանի աշխատակազմին մասնակցելու այդ միջոցառմանը եւ համարյա թաքուն անցկացրեց այդ գիտաժողովը, որի հիմնական օրակարգն այն էր, որ Հայաստանն արհեստականորեն սարքած երկիր է, կառուցվել ու կազմավորվել է Արեւմտյան Ադրբեջանից զավթած տարածքի վրա, որը մեծ հաջողությամբ ընդունվեց ժողովականների կողմից եւ արձանագրվեց որպես պատմական իրողություն …Իհարկե, այդ ժամանակահատվածում, նրանց կողմից նմանատիպ միջոցառումներ շատ են կազմակերպվել, որոնք նույնպես իրենց հետքն են թողել շատերի հիշողության մեջ:

Այս ամենը հայերին պարզորոշ հուշում էր, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է ետ բերելու այդ տարածքները, որի ամենակարճ ուղին նոր պատերազմի սանձազերծումն է, որը չպետք է լիներ հերթականը, նախորդ պատերազմների նմանակը, այլեւ պետք է լիներ հերթական հզոր էսկալացիան, որը հայերին պետք է լրջորեն զգոնացներ, եւ դառնար պատերազմի հաջորդ պտույտը՝ հայերի համար լուրջ դասերով ու ասելիքով: Արդյունքում, առաջին պատերազմում որպես հանգստացնող հանգամանք, որը դարձավ նաեւ համատարած թալանի համար պարարտ հող, ագահությունների եւ դավաճանությունների միջավայրի ձեւավորում, անվտանգության համակարգի ձեւավորման իսպառ բացակայություն, անպատասխանատվության միջավայրի ձեւավորում եւ նման բազում այլ հանգամանքներ, որոնք հստակ բերեցին 44-օրյա պատերազմին, որի ընթացքում Թուրքիայի հայրությամբ, Ադրբեջանը ջախջախիչ ձեւով պարտության մատնեց հայերին, որի հետեւանքով կնքվեց նոյեմբերի 9-ի եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան- Ռուսաստան խայտառակ՝ կապիտուլացիոն պայմանագիրը, որը նաեւ սկիզբ դրեց Հայաստանի գործող իշխանության վախկոտ եւ պարտվողական քաղաքականության հիմնադրմանը, որը հստակորեն՝ անշեղորեն շարունակվում է մինչեւ այսօր …

Դրանից հետո, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները փոխադարձ պայմանավորվածությամբ, մոգոնեցին՝ հրապարակ նետեցին, կեղծ «խաղաղության համաձայնագիր» կոչված փաստաթղթի մի տարբերակ, որն իբր ժամանակի ընթացքում պետք է «բարեփոխվեր» եւ հասցվեր իր վերջնական տարբերակին, ստորագրվեր, կյանքի կոչվեր ու կողմերի միջեւ թեւածեր հավիտենական «խաղաղությունը»: Սակայն, շատ արագ պարզվեց, որ դա ընդամենը մի փաստաթուղթ է, որի բոլոր կետերը թելադրվում է Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանի իշխանությունները հոժարակամ, առանց ընդդիմանալու, անխտիր ընդունում են դրանք, որը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի անվերապահ քայքայում՝ կործանում եւ նրա հանձնումն Ադրբեջանին: Փաստացի, այսքանից հետո անգամ, ողջ հայ ժողովուրդը՝ ներառյալ սփյուռքը, ուխտի ականջում քնած են, ոչ մի քայլ չեն ձեռնարկում, սպասում են այդ «համաձայնագրի» ստորագրմանը, որից հետո ամեն բան հիմնովին կվերջանա ու Հայաստան երկիրը վերջնականապես կկործանվի …

Փաստորեն, միմիայն հայ ժողովրդի մի մեծ հատվածի նման դավաճանական պահվածքի հետեւանքով, Հայաստանը վերջնականապես կկործանվի ու նրանից կմնան միայն ողբերգական հիշողությունները …

Ահա, թե ինչ արեց հայ ժողովուրդը հայրենիքի եւ իր հետագա ճակատագրի հետ …

Հետեւաբար, կլինի այն, ինչին արժանի էր հայ ժողովուրդը… Ցուցադրական քայլերով երբեք հայրենիք չեն փրկում…

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30