Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիհ Ֆոնթոբելը (Erich Vontobel), որ «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախմբի համանախագահն է, հունիսի 4-ին հարցում էր ուղղել Շվեյցարիայի գործադիրին՝ ԼՂ-ի խաղաղության ֆորումի վերաբերյալ: «24.4259 բանաձեւը պարտավորեցնում է Շվեյցարիային խաղաղության ֆորում հրավիրել՝ տեղահանված հայերի անտանգ վերադարձը դյուրին դարձնելու համար: Հանրությունը կարիք ունի պարբերաբար իրազեկման՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել գործադիրը մարտ ամսվանից ի վեր, ի՞նչ ճանապարհային քարտեզ է նախատեսում, ինչպե՞ս է ապահովում հակամարտության բոլոր կողմերի արդար մասնակցությունը»:
Հունիսի 10-ին Շվեյցարիայի արտգործնախարարությունն ի պատասխան հարցման ծանուցել էր, որ «Շվեյցարիայի իշխանությունները հաղորդակցվում են Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ, մարտից ի վեր ԱԳՆ-ն սկսել է երկու երկրների հետ քաղաքական խորհրդակցությունները, նրանք ընդգծել են խաղաղության համաձայնագրին, հարաբերությունների կարգավորմանը հասնելու նպատակը: Ադրբեջանի իշխանությունները ընդգծել են նաեւ, որ չեն ճանաչում ԼՂ-ն՝ որպես կազմավորում, հետեւաբար բանաձեւով նախատեսված ֆորումին իրենց մասնակցությունը բացառում են: Հաշվի առնելով վերոբերյալ դիրքորոշումները, ԱԳՆ-ն ներկայում չի կարող ծրագրել ֆորումի կազմակերպումը, շարունակում է ուշադիր հետեւել իրավիճակին, առաջարկում իր բարի ծառայությունները, եթե երկու երկրները ցանկանան»:
ԱԳՆ-ի պատասխանի վերաբերյալ հարցրինք Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի (լուսանկարում) կարծիքը: Նա նկատել տվեց, որ Շվեյցարիան, կարծես «ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի՝ խնդիրը լուծված տեսնելու պատճառաբանությանը, որ հակասում է ինքզինքն՝ որպես երկու երկրների, պետություններու միջեւ խաղաղության, հավասարակշռության հասնելու միջնորդի դերին»:
Շահինյանը ընդգծում է ԱԳՆ պատասխանի մեջ այն շեշտադրումը, որ «Ադրբեջանը չի ճանաչում ԼՂ-ն՝ որպես կազմավորում»: «Իր ճանաչել-չճանաչելով չէ՝ ԽՍՀՄ ժամանակ էլ ԼՂԻՄ-ն արդեն կազմավորում էր, իսկ դրանից հետո՝ դե ֆակտո պետական միավոր: Հետեւաբար միշտ եղել է կազմավորում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե ի՞նչ պիտի անի, ինչպե՞ս պիտի հակազդի պառլամենտական խումբը, Շահինյանը մատնացույց է անում միջազգային իրավունքին հղում անելու կարեւորությունը: «Շվեյցարիայի ԱԳՆ չի պատասխանում հարցի բովանդակությանը: Իր մեկնաբանությունն է տալիս, թե որոնք են իր համար միջազգային հարաբերվող սուբյեկտները: Բայց հայցի մեջ շատ հստակ է ձեւակերպված, թե իրականում ո՛ւմ հետ պետք է Ադրբեջանը խոսի: Միջազգային իրավունքի տեսակետից հստակ ճանաչված է, թե ԼՂ-ի նման ինքնորոշված մի պետություն կարող է ունենալ այդ դերը: Շվեյցարիայի գործադիրը գիտակցված եւ կամավոր հրաժարվում է կատարել իր աշխատանքային պարտավորությունները»:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում