Կուսակրոնության խախտումը ժողովրդային մակարդակով մեծ մեղք չի համարվում մեզանում` ճիշտ, թե սխալ: Կուսակրոնության ուխտը Հայ եկեղեցին շատ պրագմատիկ պատճառներով Աշտիշատի ժողովում ընդունել է, ու եկեղեցին նույն կարգով` ընդհանուր եկեղեցական ժողովով կարող է փոխել այն ուզած պահին, շատ եկեղեցիներ են աստիճանաբար դրանից հրաժարվել: Բոլոր դեպքերում եկեղեցու ներքին խնդիրն է` իր ներսում բարքերը կամ խնդիրները քննել, որոշումներ ընդունել, ու արդեն ասել ենք` ակնկալում ենք, որ մեր բոլորիս սիրելի Հայ առաքելական եկեղեցին ինքն իր խնդիրներն ի վերջո կկարգավորի: Ու վարչապետի ամենօրյա գրառումները հազիվ թե այնքան կողմնակիցներ համախմբեն, որ դրսից բան պարտադրվի հոգեւոր դասին, մեր եկեղեցին էլ հաստատ ավելի ամրացած դուրս կգա այս տուրեւառումներից:
Ուրիշ բան, թե որքան անկեղծ են մեր քաղաքական ուժերը Վեհափառին սատարելու կամ, հակառակը, նրա դեմ խոսելու իրենց մղումներում, կամ` իրականում ի՞նչ է թաքնված այդ սատարման տակ: Ավելի լավ է ասեք` որո՞նք են այս ամենի իրական շարժառիթները, արդյոք նոր, կործանարար պատերազմից առաջ այն աստիճան ջլատել հասարակությանը, որ նա չկարոանա համախմբված դիմակայել նոր ռազմական սպառնալիքը, ու որ կատարվի Հայաստանն այլ պետության կցելու ոմանց երազանքը: Միայն այն, որ Վեհափառին օդնավակայանում դիմավորելու գործողության կոչը հնչեցրել է նախկին ԱԱԾ պետ (նախկին ԱԱԾ-ական չի լինում ընդհանրապես բնության մեջ) Արթուր Վանեցյանը, շատ բան է ասում կատարվողի ենթատեքստերի մասին: Նույն կասկածները կարելի է ունենալ Վեհափառի վերաբերյալ երկրի վարչապետի ամենօրյա հետեւողական գրառումների առումով:
Կարծում եմ` Վեհափառն այն իմաստնությունն ունի, որ ձեռնպահ կմնա քաղաքական պայքարի սուբյեկտ դառնալուց, մաս չի դառնա լավ մտածված, դերաբաշխված (անգամ` լրատվամիջոցներին հատկացված դերաբաշխումով), քաղտեխնոլոգիաների բոլոր կանոններով կառուցված շոուից` հետ քաշելով իր հեղինակավոր հոգեւորականներին, եւ եկեղեցին հեռու կպահի քաղաքականությունից, նախ` հանուն երկրում խժդժություններ թույլ չտալու, հետո` Հայ առաքելական եկեղեցուն ոչ հարիր գործընթացում դերակատարություն չունենալու համար, եւ երրորդ` մտածող մարդկանց ուշադրությունն ազատելով, որ տեսնեն անվտանգային սպառնալիքները:
Նույն բանն ասում ենք վարչապետին. դադարեցրեք այս անիմաստ առճակատումը եւ զբաղվեք Հայաստանի անվտանգային խնդիրներով, եթե չեք ուզում, իրոք, որ Արցախի պատմութունը կրկնվի Հայաստանի, մասնավորապես` Սյունիքի հետ:
Կարդացեք նաև
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում