Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եթե հիմա «Հայաստան» խմբակցությունը չի առաջադրում Ռոբերտ Քոչարյանին, կարող է խմբակցության պատգամավորների վստահությունն է պակասել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, չգիտեմ»

Հունիս 13,2025 12:44

«Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը անհասկանալի ցուցակ է համարում ԱԺ «Հայաստան» խմբակցության հրապարակած՝ իմփիչմենթին վերաբերող ցուցակը:

«28-ով ավարտվող ցուցակ ու հնարավորություն էլ չկա իրենց ցուցակում նոր ստորագրության: Ընդ որում՝ չեն հայտարարել, որ առանձին անվստահության գործընթաց են սկսում: Առանձին թեկնածուով, այսինքն՝ դա առանձին ցուցակ է: Չգիտեմ՝ կարող է օգնություն, բան են բաժանել, ստորագրել, ստացել են, էդ ցուցակն է, բայց դա անվստահության գործընթացի հետ բացարձակ կապ չունի: Այսինքն՝ նրանք ո՛չ սեփական նախաձեռնություն են սկսել, ո՛չ էլ այս պահի դրությամբ միացել «Պատիվ ունեմ» խմբակցությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ «Հայաստան» խմբակցությունը չի միանում «Պատիվ ունեմ»-ին, ի պատասխան՝ Էդգար Ղազարյանն ասաց՝ չեն ուզում. «Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ չեն ուզում հայտնել: Ի սկզբանե, հայտարարել են, որ այդ անվստահության գործընթացն այս փուլում իրատեսական չեն համարում, չեն նախաձեռնելու, քանի չկա երկիշխանություն, փողոցային պայքար: Ասել են՝ մենք դրան չենք միանա»:

Էդգար Ղազարյանին հարց ուղղվեց՝ ինչո՞ւ «Հայաստան» խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանին չի առաջադրում վարչապետի թեկնածու, ինչին նա այսպես արձագանքեց. «Չեմ զգում դրա տրամաբանությունը, որովհետեւ 2021-ին Ռոբերտ Քոչարյանը գլխավորել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակը: Այսինքն՝ վարչապետի թեկնածու է եղել: Եթե հիմա «Հայաստան» խմբակցությունը չի առաջադրում Ռոբերտ Քոչարյանին, կարող է խմբակցության պատգամավորների վստահությունն է պակասել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, չգիտեմ»:

Լրագրողներից մեկն էլ նկատեց, որ արդեն կեսօր է, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ սոցցանցերում եկեղեցու վերաբերյալ գրառումներ չի արել, հնարավո՞ր է մտահոգված է իսրայելաիրանական հակամարտությամբ ու ինչ-որ հարցեր է փորձում հօգուտ Հայաստանի լուծել, ի պատասխան պարոն Ղազարյանն ասաց. «Իրան-Իսրայել պատերազմից մի քանի ժամ հետո Նիկոլ Փաշինյանը կայացրել է ստրատեգիական որոշում ու փախել է Հայաստանից: Նա հիմա Հայաստանում չի գտնվում, գտնվում է Չեխիայում, որտեղ պիտի մասնակցի Հայաստանը հարեւան երկրների հետ հարաբերություններում թեմայով կոնֆերանսի: Պատկերացնո՞ւմ եք հարեւան երկրում լայնամասշտաբ պատերազմ է, Իրանի հարեւան բոլոր երկրների օդուժը օդ է բարձրացրել իրենց մարտական ինքնաթիռները, այդ թվում եւ Ադրբեջանը: Դեռ պարզ չէ՝ այս զարգացումներից Իրանին ինչ նոր բան է սպասվում, Հայաստանին ինչ է սպասվում, Հայաստանի վարչապետը գնացել է Չեխիա: Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը Քրիստինե Գրիգորյանն է, բնականաբար, տեղեկություն տվել է, չէ՞ ու վարչապետին նախապես տեղեկացրել են, որ գիշերը սպասվում են Իրանի դեմ ռազմական գործողություններ: Փաստորեն ՝ այդ տեղեկությունները ունեցող վարչապետը մեկնել է Չեխիա՝ կոնֆերանսի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30