Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իշխանական պատգամավորն ասում է՝ «մեկ է՝ մարդիկ գումարը տալիս են, ազատվում են», ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվում է՝ ինչո՞ւ 7 տարի իշխող ուժը չի փակել այդ խողովակները

Հունիս 13,2025 12:55

«Այն մարդիկ, ովքեր 100 հազար դրամ են ստանում, կարողանալո՞ւ են օգտվել նախագծից։ Հողի վրա իրականությանը նայե՞նք, թե նախագծում գրված չի՝ այս մարդը կարող է օգտվել, նա՝ չի կարող։ Չեն կարողանալու բոլորն օգտվել եւ օբյեկտիվորեն, սա դառնալու է հակասահմանադրական՝ ելնելով մարդու կարողություններից, գույքային դրությունից։ Մի մասն էլ ընկնելու է վարկերի տակ»,- Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ դիմելով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Ու եթե իշխանական պատգամավորն ասում է՝ «մեկ է՝ մարդիկ գումարը տալիս են, ազատվում են», ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվում է՝ ինչո՞ւ 7 տարի իշխող ուժը չի փակել այդ խողովակները։

Հայկ Սարգսյանը պարզաբանեց՝ «խողովակները փակելու» արդյունքում է, որ 4,2 տոկոս ավել զորակոչ ենք ունեցել տարեսկզբին՝ 2025-ին, բայց անգամ այս դեպքում ունեցել ենք զորակոչից խուսափելու կրկնակի աճ․ «Մենք չենք կարող երկիրը փակել եւ թույլ չտալ, որ ՀՀ քաղաքացիները դուրս գան Հայաստանից, ինչպես անում է մի երկիր․ անունը չտամ»։

Ըստ նրա, այս փոփոխությունները նաեւ նրա համար են, որ բարեխիղճ ծառայության գնացողները հնարավորություն ունենան 6 ամիս շուտ վերադառնալու տուն։

Աննա Գրիգորյանը նաեւ տարակուսեց՝ ունե՞նք մարդկային ռեսուրս, կան պայմանագրային այդքան ծառայողներ, եթե խոսում ենք այն մասին, որ մի մասից գումարը վերցնենք՝ տանք նրանց, ովքեր ծառայելու են։ Աննա Գրիգորյանը նաեւ նկատեց, որ նախագծում պայմանագրային զինծառայողների բազային աշխատավարձի մասին ոչինչ չկա, մինչդեռ պարեկներն այս պահին ավելի բարձր են վճարվում։

Ի դեպ, Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ ունենք 18-45 տարեկան՝ զինծառայությանը պիտանի տարիքի, 30 հազարից ավել քաղաքացիներ, աշխատունակ, ովքեր ընտանեկան նպաստ են ստանում․ «Պետք է մեր այդ սիրելի քաղաքացիներին հրավիրել պայմանագրային զինծառայության՝ ստանալով նպաստից 10 անգամ ավել աշխատավարձ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։

Հիմնական զեկուցողը ՔՊ-ական Հայկ Սարգսյանն է, իսկ հարակից զեկուցողը պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը։ Քննարկմանը հրավիրված էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բայց չէր մասնակցում․ ինչպես փոխանցեց փոխնախարարը՝ առողջական խնդիրների պատճառով։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30