«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող ցանկացած հայ մարդու, Իրան-Իսրայել առճակատման պարագայում, հուզում է մեկ հարց՝ տարածաշրջանային այս լարվածությունը կտեղափոխվի՞ Հայաստան, թե՞ ոչ…
Մեզանում կան տեսակներ, որ աշխարհի վերջ են կանխատեսում, իսկ ոմանք էլ, կարծես, ուրախ են, որ վերջապես բայղուշանալու հնարավորություն ստացան։ Ես կարծում եմ, որ չի տեղափոխվի.
1) Իրանը ունի հետևակային ուժի մեծ առավելություն, որը ընդհանուր սահման չունենալու պատճառով չի կարողանում օգտագործել Իսրայելի դեմ, բայց իր ճանապարհը փակելու մղումով Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի դեմ մեծ հաճույքով և հաստատ կօգտագործի, թեկուզ ինքնադրսևորման մղումով և ներքին լսարանի համար։
Կարդացեք նաև
2) ԱՄՆ-ը հիմա փորձում է կանխել մեծ պատերազմի վտանգը և առաջարկում է շարունակել բանակցությունները։ ԱՄՆ-ը կատեգորիկ դեմ է պատերազմի ընդլայնմանը։
3) ԵՄ-ի համար միջազգային աշխարհակարգի պահպանումը և տարածքային ամբողջականության սկզբունքը գերկարևոր ու հիմնական են։ Ուկրաինային աջակցությունը դրա ապացույցն է։
4) Հնդկաստանի, Չինաստանի, Միջին Ասիայի հանրապետությունների համար լոգիստիկ ուղիների կրճատումը ոչ միայն տնտեսական վնասներով է հղի, այլև կախվածությամբ, որ որևէ երկրի ձեռնտու չէ։
5) ՌԴ-ն ցանկանում է Մեղրիով միջանցք, և՝ որ միջանցքը վերահսկի ինքը, ոչ թե Սյունիքը դառնա ազերինը։ Իհարկե ռուսները կարող են խաղի մեջ մտնել, վերցրեք, հետո նոյեմբերի 9-ով տվեք մեզ, բայց ազերիների ինչի՞ն է պետք պատժամիջոցների տակ մտնել ու հետո տալ ՌԴ-ին, առավել ևս, որ Խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է, ապաշրջափակման թեման էլ բանակցային նյութ է։
Համոզված եմ, որ թվարկածս և բազմաթիվ այլ գործոնների Թուրքիան և Ադրբեջանը լավ տեղյակ են ու մինչ այս էլ միջանցքի առումով արկածախնդրության չգնալը` դրանով է պայմանավորված։
Հ.Գ. Տա Աստված, որ Իրան-Իսրայել առճակատումը արագ դադարեցվի, դա նաև մեր շահերից է բխում։