Մինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի Բեռն քաղաքում բարձրաձայնում էր Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից հետո շարունակվող հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացման մասին, հակահայկական հերթական հիստերիան բարձրացավ Բաքվում։
Ադրբեջանի իշխանություններից բացի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեն նույնպես զերծ չմնաց կեղծիքի տարածումից ու հայտարարեց, որ իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը, անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում», և հայերը իբր «յուրացրել են» այդ տարածքները։
Ադրբեջանի կողմից բազմիցս նմանատիպ հարվածների սովոր լինելով՝ այս ամենը զավեշտ կանվանեինք ու կարհամարհեինք, եթե հերթական հարվածը չլիներ արդեն մեր երկրի ներսից՝ թիկունքից, մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից: Փաշազադեի անհեթեթ մտքերն անուղղակի կրկնվեցին ամենազազրելի բառամթերքով պիտակավորելով Հայ Առաքելական Եկեղեցին և նրա հոգևոր սպասավորներին:
Ինչ նպատակ է հետապնդում մեկ շաբաթից ավելի հրապարակային հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա, Ամենայն Հայոց Կաթողիկոսին թիրախավորելը։
Կարդացեք նաև
Ո՞րն է Հայ ժողովրդի գոյության ու ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հավատքի հիմքերը խարխլելու, մարդկանց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տրամադրելու իրական նպատակը:
Պատասխանը թերևս պարզ է: Օրեցօր անկում ապրող վարկանիշ, հանրային վստահության կորուստ, կառավարման ձախողում, արտաքին հրահանգներ և այս շարքը կարելի է շարունակել:
«Բաժանիր, որ տիրես» սկզբունքով էլ իշխանությունը շարունակում է սերմանել ատելություն, ծայրահեղականություն, ստի ու կեղծիքի մեծ չափաբաժին՝ առանց որևէ փաստի ու ապացույցի:
Ի՞նչ պետք է անենք մենք, ես, դուք, յուրաքանչյուրս… Չդառնանք այս կեղտոտ խաղի մասնակիցը, չտրվենք սադրանքների ու չընկնենք այն հորձանուտը, որտեղից փրկվելու շանսեր չեն լինելու:
Փոխարենը լինենք միասնական, համախմբված մեր Եկեղեցու, մեր Հավատքի, մեր Ամենայն Հայոց Հայրապետի կողքին:
Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն և Վեհափառ հորը․․․
Մենք Հայ Առաքելական եկեղեցու և մեր Վեհափառ հոր զավակն ենք․․․
Աստված պահապան բոլորիս…
Իզմիրլյան բժշկական կենտրոն