«Սկզբնական շրջանում, երբ ստեղծվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, ամեն մեկիս ներգրաված լինելն այդ խորհրդում եղել է ոչ թե նախապայման, այլ յուրաքանչյուրս ճանապարհային շարժման բանաձեւն է ներկայացրել: Քննարկումների սկզբնական շրջանում ինձ հուզող եւ կարեւորություն ունեցող հարցերի հետ կապված ես ստացել եմ բավարար պատասխաններ, ամեն ինչը համընկել է իմ տեսակետի եւ պայքարի ձեւաչափի հետ:
Հիշում եք, որ եղել է մեծ հանրահավաք, որին արցախահայությունից բացի՝ մասնակցում էր հայաստանաբնակ ժողովուրդը, որը նույնպես մտահոգված է եղել թե արցախահայության ճակատագրով, թե մեր՝ այստեղ ապրելու, հայ մնալու իրավունքներով»,-«Հենարան» մամուլի ակումբում նշեց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը, որը դուրս է եկել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից։
Նա հիշեցրեց, որ իշխանություններին ներկայացված է եղել 12 կետերից բաղկացած պահանջագիր, որտեղ ներառված են եղել արցախահայությանը հուզող եւ կարեւորություն ներկայացնող հարցերը. «Դա նախ Հայաստանում արցախահայության կարգավիճակն է՝ թե սոցիալական հարցերի, թե իրավունքների, թե ընդհանրապես Արցախի հիմնախնդրի առումով, որը կապված է արցախցիների վերադարձի, Արցախ վերադառնալու հույս-հավատի, գերիների, անհետ կորածների հարցերի հետ: Բոլորս միասնական կազմակերպված իրականացրել ենք հանրահավաք, հանրության առաջ տվել ենք խոստումներ, որոշել, որ գնալու ենք մինչեւ վերջ՝ մինչեւ այդ հարցերի պատասխանները չստանանք ներկա իշխանությունից, քանի որ այն, որ արցախցիներն այս վիճակում են, դա ներկա իշխանության մեղքն է, թե դիվանագիտական տապալումով, թե մարտի դաշտում, թե մնացած ուղղություններում նրա տապալումը:
Ժողովրդի՝ այս իրավիճակում հայտնվելու պատճառը ներկա իշխանության ղեկավարների որոշ դեպքերում դավաճանական, որոշ դեպքերում հանցագործության հասնող, ոչ հայանպաստ գործողություններն են: Մեր խմբի տեսակետն եղել է, որ գնում ենք վճռական քայլերով, ոչ մի դեպքում հետդարձ չլ լինելու, որովհետեւ սա արցախցիների համար, որոնցից մեկն էլ ես եմ, սա մարտի դաշտ է, իսկ մարտի դաշտում նահանջ չպետք է լինի: Կառավարության կողմից եղան արձագանքներ, պատրաստակամություն քննարկել բոլոր այդ հարցերը: Սկզբնական շրջանում խորհրդի կողմից ընտրված 2-3 ներկայացուցիչ հանդիպման են գնացել, սակայն արդյունքներ չեն գրանցվել: Կառավարության կողմից եղել է նախապայման, թե Ազատության հրապարակում տեղադրված վրանը հանեք, հետո մի ամիս կավելացնենք, հետո երկու ամիս կավելացնենք ու դրա շուրջ են գործողությունները սկսել զարգանալ»:
Կարդացեք նաև
Անաստաս Իսրայելյանի ձեւակերպմամբ, ինքն ի սկզբանե նկատել է մանիպուլացված գործողություններ ու կառավարության կողմից խաբեության պլան, եւ ինքը որպես խորհրդի անդամ՝ միշտ պնդել է, որ արցախցիներին տրվող աջակցությունները պետք է լինեն անժամկետ, իսկ կառավարությունն ի զորու է բոլոր հարցերին 10 օրում, մի ամսում տալ: Նա փաստեց, որ քննարկումներն ու հանդիպումները արդյունք չեն տվել, խորհուրդն էլ խոստման համաձայն 10 օրը մեկ հանրությանը չի իրազեկել գրանցված արդյունքների մասին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ