Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորներն առաջարկում են արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների, բարձրախոսների, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը

Հունիս 13,2025 16:58

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանն ու Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում են լրացում կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ փոփոխություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Օրենսդրական փաթեթը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի նիստում քննարկման է ներկայացել Սերգեյ Բագրատյանը: Զեկուցողը նշել է, որ մեքենաներում հնչող երաժշտությանն ու խլացուցիչների բարձր ձայնին առնչվող հարցերը չեն կարգավորվում որեւէ օրենքով: Շատ հաճախ մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը եւ խլացուցիչների ձայնը խանգարում են հասարակական անդորրը եւ բարձրացնում աղմուկային աղտոտումը: Օրենսդրական փաթեթի ընդունումը, ըստ զեկուցողի, ուղղված է այդ խնդրի լուծմանը: Պատգամավորներն առաջարկում են արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը:

Առաջարկվում է նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել վարչական տույժ, եւ այն կիրառել օրենքը խախտող քաղաքացիների նկատմամբ: Տուգանքն առաջարկվում է նշանակել սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաեւ կիրառել տուգանային երկու միավոր:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում օրենսդրական փաթեթը, սակայն կան որոշ խնդիրներ առաջարկվող ձեւակերպումների հստակեցման առումով: Փոխնախարարն առաջարկել է մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատել հեղինակների հետ՝ նախագծերն իրագործելիության տեսանկյունից լավարկելու եւ ձեւակերպումներն առավել որոշակի դարձնելու համար:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հանձնաժողովն առաջարկել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30