Լրահոս
Օրվա լրահոսը

«Զուտ թվաբանական, հաշվապահական մուխլյոժ է եղել․ տնտեսական աճը նկարված է»․ Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանի ներկայացրած ցուցանիշների մասին

Հունիս 13,2025 17:34

«Պետական պարտքը 2024-ի արդյունքում աճել է 6,2 տոկոսով և կազմել 5 տրիլիոն 92 միլիարդ դրամ, իսկ դոլարով արտահայտված աճել է 8,4 տոկոսով և կազմել 12 միլիարդ 842 միլիոն դոլար։ Աճ է արձանագրվել պարտքի սպասարկման վճարներում թե′ ծախսերի, թե′ եկամուտների և թե′ ՀՆԱ-ի նկատմամբ»,- ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

Խոսելով տնտեսական աճի ցուցանիշների մասին՝ նա ասաց․ «Մենք ունեցել ենք եկամուտների կայուն մակարդակ՝ 25,5 տոկոս։ Ընդհանուր առմամբ մենք ունենք տնտեսական աճի դանդաղումներ գործընկեր երկրներում, նավթի գների նվազում և պղնձի գնի աճ։ Մեր արտահանումը աճել է 53,1 տոկոսով 2024-ին, հայկական ծագման արտահանումը աճել է 18,6 տոկոսով առանց թանկարժեք մետաղների արտահանման։ Ունենք զբոսաշրջիկների 4,7 տոկոս նվազում։ Տնտեսական աճը մեր վերջին կանխատեսումից բարձր է եղել։ Մեր կանխատեսումը 5,8 տոկոս էր, և իրական տնտեսական աճը եղել է 5,9 տոկոս, թեև երբ պլանավորում էինք 2024-ի բյուջեն, թիրախավորել էինք 7 տոկոս տնտեսական աճ»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց․ «Տնտեսության աճը դանդաղել է, արտահանումները նվազել են, զուտ տեղական արտահանումներն աճել են 2,6 տոկոսով, այս պայմաններում ուզում եմ հասկանալ՝ եկամուտների աճն ինչպե՞ս ավելի շատ եղավ, քան նախորդ տարվա ընթացքում»։

Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Արդյունաբերության աճը դանդաղ է եղել, փոքր աճ ենք ունեցել, դա պայմանավորված է վերջին երկու տարիներին արդյունաբերության մեծ աճով։ Բնական է, որ արդյունաբերությունը որոշակի ժամանակ է պահանջում իր հզորություններն ավելացնելու համար։ Երբ խոսենք 2025-ի առաջին եռամսյակի մասին, կտեսնենք, որ այստեղ տեղական արտադրության զգալի աճ ունենք։ Տեսնում ենք, որ տնտեսությունը կամ մշակվող արդյունաբերությունը մեծ վարկեր է ներգրավում»։

Արթուր Խաչատրյանն արձագանքեց՝ նշվում է հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճ, դա ո՞նց եղավ, ինչի՞ հիման վրա, չունենք նոր արտադրական հզորություններ, նոր գործարաններ․ «Եթե նայում ենք առաջին կիսամյակի վիճակագրությունը, տարեկանը դեռ չկա կայքում, այսինքն՝ միլիարդի կարգի եկել է ոսկի, 4,1-ի կարգի դուրս է եկել, թանկարժեք մետաղների հանքարդյունաբերությունը կես միլիարդի կարգի է։ Թանկ մտել, էժան դուրս է եկել, բայց դա չի նշանակում, որ մնացած մասը տեղական արտադրություն է։ Զուտ թվաբանական հաշվապահական մուխլյոժ է եղել։ 2,3 միլիարդ հավելյալ արժեքը ավտոմատ գալիս է արդյունաբերության մեջ, որ դա հանենք, տակը բան չի մնա։ Տնտեսական աճն իրականում պարզ թվաբանական և հաշվապահական գործողությունների արդյունքում նկարված աճ է։ Մենք չունենք այդ կարողությունները։ 2023-ին 26,3 անգամ ոսկերչական արտադրության աճ է ներկայացվել։ Ոսկերչությունը պոնչիկ թխել չէ, պետք են կարողություններ, հաստոցներ»։

Վահե Հովհաննիսյանն արձագանքեց․ «Մի պահ ինձ թվաց՝ իմ կողմից եք խոսում։ Ես էլ էի նույն բանն ասում։ Ես ասում էի՝ թեև 84 տոկոս է կապիտալ ծախսերի կատարողականը։ Դա վատ չէ, որովհետև այդ կանխիկը, որ նոյեմբեր- դեկտեմբերին պետք է տրամադրվեր, չէին տրամադրել։ Դա արժեքը չի փոխում։ Դրա համար բյուջետային համակարգում հնարավորություն ենք ստեղծել նախորդ տարվա չծախսած գումարն այս տարի ծախսել, քանի որ պրոյեկտի արժեքը դրանից չի փոխվելու։ Երբ սովորաբար խոսում ենք կապիտալ ծախսերի ցածր կատարողականի մասին, դա արձանագրում ենք՝ որպես վատ երևույթ, և ես համաձայն եմ։ Տվյալ դեպքում ուզում եմ ասել, որ այս դրվագով դա վատ երևույթ չէ։ Կան կարևոր այլ գործողություններ, որոնք թերակատարվել են, և դա առանձին քննարկման առարկա դարձել է այս քննարկումների ժամանակ։ Ինչ վերաբերում է մյուս ասածներին, մասամբ համաձայն եմ, և դա է այն պատճառը, որ ասացի՝ արտահանումն աճել է 53 տոկոսով և մենք դրանից զտում ենք այն մասը, որը իրականում վերաբերվում է մեր տնտեսական աճին և ՀՀ-ում արտադրված ապրանքների աճին, միջից հանում ենք ոսկու արտադրությունը և վերամշակումը, որովհետև չենք ուզում, որ մեզ մոտ թյուր տպավորություններ ստեղծվեն։ Մի կողմից, երբ մենք ունենք 53 տոկոս աճ, չենք ուզում թյուր տպավորություն լինի, որ 53 տոկոս ավել արտադրություն ունենք, երբ ունենք 53 տոկոսով նվազում, չենք ուզում, որ թյուր տպավորություն լինի, որ ՀՀ տնտեսությունը կործանվում է, ինչպես անում են տարբեր վերլուծաբաններ, որոնք 53 տոկոս աճի դեպքում ասում են՝ իրական չէ, բայց երբ նվազում է, ասում են՝ կոլապսի ենք ենթարկվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30