«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Երկու օր առաջ մեր հանրային տիրույթում ակտիվորեն քննարկվեց Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի բողոքի նամակը՝ ուղղված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին։ Մեր լրատվադաշտում շատ տարածվեց ու քննարկվեց նամակի այն հատվածները, որտեղ Հայ Առաքելական եկեղեցին մեղադրվում էր «ռևանշիզմի» մեջ։ Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել նամակի երկու, ըստ իս, կարևոր դրվագի վրա, որոնք մեր հանրային տիրություն առանձնապես ուշադրության չարժանացան։
Փաշազադեի նամակում, ի շարս տարբեր հարցերի նաև գրված էր․ «․․․Մենք կանգնած ենք հետևյալ հարցի առաջ․ ինչո՞ւ է փոխվել մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ՝ մի երկրի, որը դարձել է ագրեսիայի զոհ քրիստոնեական եկեղեցական կազմակերպության կողմից, այն դեպքում երբ եկեղեցին պետք է մշտապես առաջնորդվի ողորմության և արդարության սկզբունքներով՝ համաձայն Հիսուս Քրիստոսի ուսմունքների։ Ցավոք, ձեր կողմից արված հայտարարությունները՝ հայկական կողմի ուղղակի ազդեցության ներքո և այն պարագայում, երբ դուք նպատակահարմար եք համարել հասնել մինչև մեր սահման և դիտել մեր հողերը հեռադիտակով, արդարացի դժգոհություն են առաջացրել ադրբեջանական ժողովրդի մոտ՝ օբյեկտիվության բացակայության և կողմնակալության պատճառով։ Մենք մեր այն ժամանակվա հայտարարություններում, ինչպես նաև ձեզ ուղղված նամակներում ընդգծել ենք և շարունակում ենք պնդել, որ կրոնական առաջնորդները պետք է ծառայեն Միակ Արարչին, և ոչ թե որևէ պայմաններում նպաստեն հակամարտությանն ու բախումներին, այլ հակառակը՝ նպաստեն խաղաղությանը, համակեցությանը և փոխըմբռնմանը․․․»։
Այս դրվագում Փաշազադեն փաստացի ընդունում է, որ Ադրբեջանի հանդեպ կա «վերաբերմունքի փոփոխություն», ինչը փաստացի տեղի է ունեցել քրիստոնեական մշակութային ժառանգության ու քրիստոնյա հայերի հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ վարքի հետևանքով։
Կարդացեք նաև
Մեկ այլ դրվագում Փաշազադեն նամակում գրում է․ «Հայտարարությունները, որոնք դուք կատարել եք որպես Գլխավոր քարտուղար՝ բացահայտորեն գտնվելով հայկական կողմի ազդեցության տակ, խաթարում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խաղաղասիրական հեղինակությունն ու արդար դիրքորոշումը, ստվեր են գցում միջկրոնական համագործակցության ոլորտում դրա գործունեության վրա և անդառնալի հարված են հասցնում միջկրոնական երկխոսության ջանքերին։ Ցավոք, հարկ է ընդգծել, որ ԵՀԽ-ի նման միջազգային եկեղեցական կազմակերպության փաստաթղթերը, որոնք հիմնված են հայկական կեղծիքի և զրպարտության վրա, ակնհայտ իսլամաֆոբ բնույթ են կրում և արատավորում են ձեր ղեկավարած կազմակերպության անունը․․․»։
Այստեղ շեշտվում է հայկական կողմի՝ այսինքն Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաև տարբեր այլ խմբերի ջանքերի արդյունքը, որ Ադրբեջանի վարքի հետ կապված որոշակի վերաբերմունք է դրսևորվել միջազգային դերակատարների կողմից։
Հավելեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ տևական ժամանակ փորձում է իրեն ուղղված քննադատությունը որակել որպես «իսլամաֆոբիա», մինչդեռ ասեմ, որ Ալիևը նաև շատ անհանդուրժող է եղել հենց իսլամական տարբեր կազմակերպությունների հանդեպ (այդ մասին ես անգլերենով հրապարակված հետազոտություն ունեմ)։
Փաստացի, նամակն ինքնին բացահայտում է, թե ինչ մտահոգություններ ունի Ադրբեջանը, ովքեր են ստեղծել նման իրավիճակ, որ Ադրբեջանն այսօր քննադատվում է քրիստոնեության հետ կապված իր վտանգավոր վարքի համար։ Հենց սա է Ալիևին լրջորեն անհանգստացրել, իսկ մեր ներքին տիրույթում երկրի ղեկավարի կողմից թելադրվող արհեստական ու վտանգավոր օրակարգը Կաթողիկոսի ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ, ցավոք, շատ փոխկապակցված է Ալիևի ցանկությունների հետ՝ հարված հասցնելու Հայկական եկեղեցուն ու լռեցնելու քրիստոնեության թեման։ Փաշազադեի տխրահռչակ նամակը դրա ևս մեկ ապացույցն է․․․