Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակից գումարով ազատվելու» նախագծով 2025-ին 2 հազարով ավել մարդ կունենանք զորակոչված․ Հայկ Սարգսյան

Հունիս 13,2025 18:02

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ «բանակից գումարով ազատվելու» իր նախագծի մասին մնացյալ ասելիքն ինքը կասի ԱԺ լիագումար նիստում ու կփորձի համոզել իր գործընկերներին՝ կողմ քվեարկել նախագծին՝ կանխելու ՀՀ ԶՈՒ-ում առկա անհանգստացնող իրավիճակը։

Հիշեցնենք, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, քննարկվեց եւ բացասական եզրակացություն ստացավ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։

Այս փաթեթն իր վերջնական գնահատականին կարժանանա ԱԺ լիագումար նիստում։

Նա տեղեկացրեց, որ իր խնդրանքով Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հարցում իրականացնել, ինչի արդյունքներով քաղաքացիները դրական են արտահայտվել նախագծի վերաբերյալ ու ինքը շրջանառել է նախագիծը։

Լրագրողների հարցերին՝ ինչո՞ւ փոխնախարարը չկարողացավ պատասխանել կառավարության կողմից քվոտավորման մասին պատգամավորների հարցերին, ինչո՞ւ այդ պատասխանները չկան, Հայկ Սարգսյանը նման պատասխան տվեց, որ նախագիծն ընդգրկուն է․ «Մենք պետք է ունենանք + 10 տոկոս զորակոչ, քան ունեինք մինչեւ նախագծի շրջանառվելը։ Մասամբ դա իրականացվել է․ մենք ունենք 4 տոկոս ավել զորակոչ, քանի որ կատարվել էին մի քանի փոփոխություններ, որոնք կառավարության տիրույթում էին։ Եվս ավել զորակոչ կունենանք, երբ օրենքը կմտնի ուժի մեջ»։

Ըստ նրա, արդյունքում մեր բանակը կդառնա ավելի հզոր եւ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր գտնվում են արտերկրում եւ խուսափել են պարտադիր զինծառայությունից, ոգեւորված են․ ինքը բազմաթիվ զանգեր է ստացել՝ մարդիկ խնդրում են այլընտրանքային տարբերակներով իրենց հնարավորություն տան մասնակցել ՀՀ պաշտպանությանը եւ չկտրվել Հայաստանից։ Իսկ եթե անվտանգային խնդիր լինի, Հայկ Սարգսյանը պնդում է՝ 10 տոկոս ավել զինծառայողներ եւ պայմանագրային զինծառայողներ կունենանք եւ կլուծենք մեր խնդիրները։ Նա նկատեց՝ եղել են տարիներ, երբ 7-8 հազար է զորակոչը կազմել։ Այս նախագծի ընդունման պարագայում, ակնկալվում է, որ 2 հազարով ավել մարդ կունենանք զորակոչված։

Բանակից խուսափածների մասով իր պատկերացմամբ, նպատակը չպետք է լինի բոլորին 1-3 տարով ազատազրկելը, մանավանդ, որ շատ չնչին մասն է ազատազրկվում, ուստի այլ տարբերակներ պետք է մտածել։ Նա տեղեկացրեց, որ հինգ աշխատանքային խմբեր են ստեղծվել, որոնք աշխատում են կեղծ բժշկական տեղեկանքների ուսումնասիրության հարցերով։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Muka says:

    Ղումարբազի բերած օրինագիծը իրական դիսկրիմինացիա ու սեգրեգացիա է ենթադրում։ Հետո բանակում ծառայող աղքատների ընտանիքները կտեղափոխեն ռեզերվացիաներ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30