«Դեռ հասկանալի չէ իրավիճակը։ Այս գիշերվա հարվածի առանձնահատկությունն այն էր, որ անօդաչու սարքեր օգտագործվեցին Իրանի տարածքից Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցչության ու նրանց ընտանիքների անդամների դեմ, ինչի հետեւանքով կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հիմա հարցերն ավելի շատ են, քան պատասխանները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակմանը։
Իսրայելը Իրանի վրա հարվածների երկրորդ փուլն է սկսել։ «Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իրենք իրենց ռազմական օպերացիան շարունակելու են՝ մինչեւ չվերացնեն սպառնալիքը։ Պետք է ենթադրել, որ խոսքը Իրանում պետությունը հսկող հոգեւոր բաղադրիչի վերացման մասին է։ Հավանաբար նման քաղաքական նպատակ ունեն, որին հասնելու համար ընտրել են հենց ռազմական ճանապարհը։ Եվ մենք դեռ չգիտենք ժողովրդի արձագանքը Իրանի ներսում։ Բայց որ այստեղ նաեւ ներքին քաղաքական բաղադրիչ կա, դա, իմ կարծիքով, տեսանելի է»,- հավելեց Ղուկասյանը։
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի համար ի՞նչ վտանգներ կան այս պայմաններում, մասնավորապես, Սյունիքի հարցով ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ, մեր զրուցակիցն ասաց․ «Ես տեսում եմ, որ այդ թելերը, այն, որ Իսրայելի գործակալական ցանց է գործում Իրանում, որն այդ հարվածներին մասնակից է եղել ու կազմակերպիչ, այսպես թե այնպես տանելու են Ադրբեջան։ Այսինքն՝ Ադրբեջանի խնդիրը կարծես թե զուգահեռ հիմա կա։ Իրանի քաղաքական վերնախավը չի ցուցադրում իր պատասխան ռազմավարությունը, թե ինչ է լինելու, բայց ավելի շատ հիմա պետք է իրեն վտանգված զգա Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը, եթե խոսքը Իրանի արձագանքի մասին է»։
Ինչ վերաբերում է հավանականությանը, թե Թուրքիան ու Ադրբեջանը կարո՞ղ են զուգահեռ ագրեսիա իրականացնել Հայաստանի վրա, Անդրիաս Ղուկասյանն ասաց՝ ոչ։ Ըստ նրա՝ դրա համար ոչ մի առիթ չկա հիմա։ «Ենթադրել, որ մոլորակի վրա բարդակ է սկսվել, եւ ով ում ուզի, կարող է խփել, այդպիսի նախադրյալներ չկան։ Իրանի վրա Իսրայելի ագրեսիան չի նշանակում, որ մյուս բոլոր ագրեսիվ պետությունները հիմա կստանան «ֆաս» հրամանը՝ հարձակվելու իրենց ընտրած զոհերի վրա։ Մեր մամուլում հաճախ այդպիսի միտք արտահայտում են տարբեր գործիչներ ու մեկնաբաններ, բայց, իմ կարծիքով, դա սխալ միտք է։ Ամեն ուժի գործադրումն ունի իր տրամաբանությունը, իր քաղաքական նպատակն ու իր կարողությունը։ Ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանն այս պահին Հայաստանի վրա հարձակվելու կարողություն չունեն»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ