«Անդրանիկ Քոչարյանը եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երբ Հայկ Սարգսյանը նոր ծնվել էր՝ 1992 թվականին»,- խորհրդարանում, լրագրողներին ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նախատելով լրագրողներին՝ «Քնարիկ, ինչի՞ ես էսքան ագրեսիվ»։
Անդրանիկ Քոչարյանը փորձեց հումորով իբրեւ ցրել լրագրողների հարցերը՝ ասելով, որ Հայկ Սարգսյանը ոչ թե իր, այլ միգուցե այլ Քոչարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի մասին էր խոսում։ Իսկ լրագրողների հարցերը վերաբերվում էին Անդրանիկ Քոչարյանի եւ Հայկ Սարգսյանի անհամաձայնություններին՝ «բանակից գումարով ազատվելու» նախագծի վերաբերյալ։
Հանձնաժողովի նիստում ՔՊ-ական երկու պատգամավորները մի քանի անգամ բարձր տոներով խոսեցին միմյանց հետ, մեղադրեցին միմյանց ստախոսության մեջ։
Նա փորձեց խուսափել հարցերից՝ լրագրողների հետ զրույցներ նախաձեռնելով, բայց ի վերջո ասաց, որ այս հարցը քանի որ բացասական եզրակացություն է ստացել հանձնաժողովում, խմբակցությունը հավանաբար եւս մեկ անգամ կքննարկի նախագծերի փաթեթը։ Նախորդ քննարկմանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է մասնակցել, որտեղ բազմաթիվ հարցեր են նրան տվել․ «Եթե խմբակցությունը որոշեց, որ նախագծին պետք է կողմ քվեարկի, բնականաբար, խմբակցությունը կաջակցի այս նախագծին։ Բայց խմբակցության առաջին փակ քննարկումից հետո, Հայկ Սարգսյանը նախաձեռնեց իր հետ հանդիպում՝ ՔՊ պատգամավորների հետ, ինչպես հասկացա, մեկ հոգի է մասնակցել այդ քննարկմանը»։
Կարդացեք նաև
Թե ինչո՞ւ ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը վերջին վայրկյանին որոշեց կողմ քվեարկել նախագծին՝ հարցին էլ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ պատգամավորը հիմնավորեց։
Անդրանիկ Քոչարյանը պնդեց՝ ինքն ի սկզբանե կողմ չի եղել այս նախագծին, կողմ է եղել 27 տարեկանի շեմի փոփոխության առաջարկին, բայց ներկայացված նախագիծը միանգամայն այլ բան է, որը իր ղեկավարած հանձնաժողովում չի քննարկվել ու դա կարող են վկայել հանձնաժողովի անդամները։ Նա իր տեսակետին է մնում, որ Հայկ Սարգսյանը մի բան էր ճիշտ ասում՝ Սուրեն Պապիկյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովը երկու նիստ է գումարել, բայց այն պարտավոր էր վերջնական տեսակետ ձեւավորել, տալ համաձայնություն, որպեսզի Հայկ Սարգսյանը նախագիծը շրջանառության մեջ դնի, որը չի արվել․ «ՔՊ-ն տեղյակ չի, հասարակությունը տեղյակ չի, ՄԻՊ-ը այսքան հիմնավորումներ է բերում, քաղհասարակությունը․․․ այս նախագիծը խնդիր չի լուծում, զորակոչի հարց չի լուծում, ոչ էլ պայմանագրայինների հարցերն է լուծում, սա ավելի շատ հարցեր առաջացնող է»։
Անդրանիկ Քոչարյանը՝ նկատի ունենալով Իրանի վրա հարձակումները եւ Հայաստանի հարավային սահմաններում հնարավոր բարդությունները, կարծում է, որ զինված ուժերը պետք է հստակ խնդիրներ լուծեն։ Կարծում է, որ Իրանի վրա հարձակումներից հետո ինքը՝ Հայկ Սարգսյանը պետք է ետ վերցներ նախագիծը։
Հարցին, որ անկախ ամեն ինչից, մարդիկ խոսում են այն մասին, որ Անդրանիկ Քոչարյանն իր որդուն ազատել է բանակից՝ գիտնական դառնալու հիմքով, նա պատասխանեց․ «Անդրանիկ Քոչարյանը եթե պիտի բանակից ազատեր իր ավագ որդուն, բա փոքրի՞ն ինչի չխնայեց»։
Նա «սուտ» որակեց խոսակցությունները, որ իր փոքր որդին 44-օրյա պատերազմի ժամանակ ապահով տեղում է ծառայել․ «Ասողները՝ գլուխը պատին տալը քիչ է։ Ղուրբան լինեն իմ փոքր տղային, որի մասին Արցախի ղեկավարությունից սկսած․․․Վազգեն Քոչարյանի նկարները դրեցի, որպեսզի մարդիկ հասկանան՝ այս տղան մինչեւ վերջին օրը՝ նոյեմբերի 8-ը կրակել է»։
Նա ներկայացրեց նաեւ իր ավագ որդու գիտական գործունեությունը։
Հիշեցնենք, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, քննարկվեց եւ բացասական եզրակացություն ստացավ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։
Այս փաթեթն իր վերջնական գնահատականին կարժանանա ԱԺ լիագումար նիստում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ