Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ հունիսի 10-12-ն ընթացող եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։
Նախարարների կոմիտեն ընդունել է 25 երկրներին վերաբերող 40 որոշումներ։ «Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» և «Նամազովն՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործերով ընդունել է միջանկյալ միջոցի վերաբերյալ բանաձևեր։
«Չիրագովն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի» գործով նախարարների կոմիտեն որոշել է վերսկսել գործի քննարկումը ոչ ուշ քան 2026-ի մարտին կայանալիք Մարդու իրավունքների նիստի ժամանակ։
Նախարարների կոմիտեն, հիշեցնելով, որ 2017թ․ դեկտեմբերի 12-ի՝ արդար փոխհատուցման մասին վճռով որոշում է կայացրել, որ Հայաստանը պետք է երեք ամսվա ընթացքում գանգատը բերողներին կամ նրանց իրավահաջորդներին վճարի որոշ գումարներ՝ որպես գույքային և ոչ գույքային վնաս, ինչպես նաև ծախսերի և վարձատրության փոխհատուցում, որոշման մեջ ամրագրել է․ «Նախարարների կոմիտեն ամրագրում է, որ երկրների իշխանությունների հետ խորհրդակցություններից հետո Քարտուղարությունը պատրաստել է փոխըմբռնման հուշագիր՝ հնարավորություն տալու Դատարանի կողմից տրամադրված արդար փոխհատուցման և չվճարման պատճառով կուտակված տույժերի միաժամանակյա վճարում՝ Եվրոպայի խորհրդի բանկային հաշվեհամարի միջոցով, ինչպես սույն գործի, այնպես էլ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում։ Կոմիտեն ողջունում է ՀՀ իշխանությունների կողմից փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրումը, որը հստակ ցույց է տալիս ՀՀ-ի պատրաստակամությունը՝ առաջ շարժվելու այս ճանապարհով»։
Կարդացեք նաև
Նախարարների կոմիտեն ՀՀ իշխանություններին հորդորում է դիտարկել բոլոր վճարման ենթակա գումարների՝ արդար փոխհատուցման ուղղակի վճարումը դիմորդներին կամ նրանց իրավահաջորդներին։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է նաև «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը:
Նախարարների կոմիտեի որոշման մեջ ամրագրված է․ «Նախարարների կոմիտեն, հիշեցնելով Տեր-Պետրոսյանի գործի վերաբերյալ իր նախորդ որոշումը, ըստ որի այլևս անհատական միջոցառումներ անհրաժեշտություն չկա, որոշեց փակել այս գործի վերահսկողությունը և ընդունել Եզրափակիչ բանաձևը՝ CM/ResDH(2025)129»։
Նախարարների կոմիտեն ՀՀ իշխանություններին հորդորում է մինչև 2026-ի հոկտեմբերի 1-ը ներկայացնել թարմացված տեղեկատվություն այս գործի՝ ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքի մասին և նշում․ «Նախարարների կոմիտեն գոհունակությամբ արձանագրում է, որ վերջին տարիներին ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկված կարևոր միջոցառումները՝ հավաքների ազատության իրավունքի պատշաճ իրագործումը ապահովելու նպատակով, ցույց են տալիս նրանց վճռականությունը՝ համապարփակ կերպով լուծելու այս գործերի խմբում բարձրացված խնդիրները։
Միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ենթադրյալ անհամաչափ և ոչ համարժեք ուժի կիրառման վերաբերյալ զեկույցների առիթով և հորդորում իշխանություններին շարունակել իրենց ջանքերը՝ հավաքների ազատության իրավունքի իրագործումը երաշխավորելու ուղղությամբ՝ բացառելով անթույլատրելի և անհամաչափ միջամտությունները, ինչպես նաև ապահովելով խաղաղ հավաքների իրավունքի խախտումների արդյունավետ հետաքննությունը»։
Նախարարների կոմիտեն ՀՀ իշխանություններին առաջարկում է խաղաղ հավաքների նկատմամբ հանդուրժողականության վերաբերյալ բարձր մակարդակի ուղերձներ հնչեցնել, ոստիկանության ծառայության և այլ համապատասխան ստորաբաժանումների համար շարունակական վերապատրաստումներ անցկացնել՝ հավաքների ժամանակ ուժի օրինական և համաչափ կիրառման վերաբերյալ, ապահովել ուժի կիրառման դեպքերում ոստիկանության գործողությունների անհապաղ վերանայման մեխանիզմի ապահովում»։
Նախարարների կոմիտեն նաև ՀՀ իշխանություններին հորդորում է ներկայացնել տեղեկատվություն՝ հավաքներին վերաբերող դատավարությունների ընթացքում ոստիկանության վկայությունների նկատմամբ ներպետական դատարանների կանխակալ մոտեցման խնդիրը (Հոդված 6․1) հաղթահարելու նպատակով ընդունված ընդհանուր միջոցառումների վերաբերյալ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ