Դերասանները քեզ տանում են մոտ ու հեռավոր 1980-ականներ։ Չէ։ Չեն տանում, միասին եք գնում։ Իրենք չեն խաղում, իրենք էլ են ապրում։
Աշխարհաքաղաքական զարգացումներ, ԽՍՀՄ փլուզման սկիզբ, աշխարհի փոթորկում, արցախյան շարժում․․․ ու հայաստանյան մի փոքրիկ գյուղում ապրող մարդիկ՝ իրենց երազանքներով, իրենց հույսերով ու հույզերով, իրենց սպասելիքներով, որոնք պարզվում է ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պատճառով ընդհատվելու են կամ այլ ընթացք են ունենալու։ Մարդու մասին այդքան շատ ու բարձր խոսող աշխարհում՝ մարդիկ՝ սովորական, պարզ, աշխարհի ու աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին՝ փոքր, իրականում մեծ ու ճակատագրական իրենց ողբերգությամբ։ Պիեսի հիմքում գյուղատնտես Հարություն Մնացականյանի ընտանիքի իրական պատմությունն է։
Կինն անբուժելի հիվանդություն ունի ու ապրելու քիչ ժամանակ։ Դժվարության դեմ ու կյանքի համար նրա կռիվը հետաքրքիր դրսեւորում է ստանում․ նա ոչ թե ընկրկում ու նվաղում է՝ սպասելով իր հեռանալու ժամանակին, այլ իր կիսատ մնացած երազանքներն ավարտին հասցնելու, իր արած-դրածը ապահովագրելու համար, որոշում է ամուսնում համար կին, երեխաների համար մայր գտնել, որը նաեւ տեգոր ու տեգոր կնոջ «հախից կգա»։ Թեկնածուն գյուղի ամենագրագետ կինն է՝ ֆրանսերենի չամուսնացած ուսուցչուհին։ Այստեղ է, որ բախվում են երկու ուժեղ կանանց ճակատագրերը, երազանքները, հույզերը։ Պատկերն ամբողջանում է ամեն ինչից տեղյակ, ամեն ինչում մասնակից հարեւանուհու ներկայությամբ ու բնականաբար՝ «Խոսում է Երևանը»՝ հաղորդում է «համերգ գյուղի աշխատավորների համար»։
Կարդացեք նաև
ՀանդArt մշակութային այգում «Նռնենիի» պրեմիերան է։ Առհասարակ, ՀանդArt-ի ներկայացումները տարբերվում են բեմականից․ ռեժիսոր Տիգրան Գյուլումյանի մատուցմամբ՝ այստեղ կինոն ու թատրոնը միախառնվում են ու չկա ոչ մի պայմանականություն։ Պիեսի սցենարի հեղինակ և բեմադրիչ Տիգրան Գյուլումյանը պիեսը գրելիս արդեն իսկ պատկերացնում էր դերակատարներին․ ուսուցչուհու՝ Ասյայի կերպարում ի սկզբանե տեսել է Լուիզա Ղամբարյանին։ «Մեռնող կնոջը»՝ Ժենյային մարմնավորում էր Ագնեսա Շահնազարյանը։
«Կերպարս շատ եմ սիրել, բայց շատ բարդ տրվեց այն։ Բեմում չեմ եղել ավելի քան 5 տարի։ Անասելի կարոտով եմ բեմ բարձրացել։ Շատ դժվար էր խաղալ մի կնոջ, որը հաշտվել էր մահվան հետ ու նաև դժվար էր հասկանալ այդ կնոջ հոգեբանությունը»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին՝ անկեղծանալով, որ երբ առաջին անգամ պիեսը կարդացել է՝ ինքն իրեն հարցրել է՝ կկարողանա՞ մարմնավորել կերպարն ու ասելիքը տեղ հասցնել։
Ներկայացման ավարտից հետո հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններն ու «բռավո»-ները վկայում են՝ ասելիքը տեղ է հասցվել։
«Լացը խեղդում էր կոկորդս, դեռ չգիտեի սյուժետային գիծը ինչպես է զարգանալու։ Վախս մեծ էր։ Բայց ռեժիսորը և խաղընկերներս ինձ շատ օգնեցին։ Ամբողջ փորձերի ժամանակ հակասական զգացողություններ էի ունենում։ Ես տեսել եմ իմ տատիկին, որը մահացավ 82 տարեկանում, բայց մինչև վերջ պայքարում էր ապրելու համար։ Իսկ այս կինը ․․․․ ինչքան ուժեղ պիտի լինես, ընտանիքիդ ապագան փորձես կառուցել՝ ուրիշ ուսերի վրա դնելով»,- պատմում է դերասանուհին։
«Իմ կերպարը արժեհամակարգին հավատարիմ մնացող կին է, ինքն իր մեջ վիճում է, ինքը իրեն հաղթում ու իր տեսակի մեջ եզակի պայքար է մղում»,- Լուիզա Ղամբարյանն է պատմում իր կերպարի մասին։
Երբ առաջարկ է լինում՝ խաղալու բացօթյա ներկայացում, Լուիզա Ղամբարյանն ասում է՝ վախը շատ մեծ էր․ «Ես աշխատել եմ այնպես, ինչպես աշխատում եմ ֆիլմում։ Այս մեծ ու ֆանտաստիկ տարածքը իրականում խոշորացույցի տակ ցույց է տալիս ամեն մի էմոցիա։ 30 տարի թատրոնի պայմանականության մեջ աշխատած դերասանուհու համար դժվար էր։ Այստեղ ամեն ինչ բնական է ու հանդիսատեսի ինտերակտիվ շփումով վարակվում ենք բոլորս։ Իսկ հանդիսատեսից միայն ապրեցնող ու մոտվիացնող էներգիա էր գալիս»։
Ջուլիետա Ստեփանյանն ով մարմնավորում ամենահաս հարևանուհուն, ասում է, երբ տարածքը տեսավ պատրաստ էր անգամ էպիզոդիկ դեր խաղալ։ Այդ կերպարներին «գյուղի՝ Բի-Բի-Սի» են ասում՝ իրենց ամենատեղյակության եւ նախաձեռնողականության համար։ Սուրճի գավաթ նայելով՝ գյուղի եւ գյուղացիների բոլոր հարցերն է լուծում․«Իհարկե վախ կար մեջս, մենք սովոր ենք փակ դահլիճներում խաղալ։ Աղջիկներն էլ նույն վախն ունեին, բայց երեքս էլ հաղթահարեցինք։ Ես անմիջապես բռնեցի բնությունը, ստացա էներգիան ու բնության մասնիկ դարձա։ Մերվեցի հանդիսատեսի հետ, դարձա իրենց մասնիկը, նայելով հանդիսատեսի աչքերի մեջ՝ խաղացինք։ Երբ կարդացի պիեսը ինձ թվաց Ժենայի կերպարը իմն է, քանի որ ասելիքը շատ խորն էր, խորը հոգեբանական կերպար էր։ Ագնեսա Շահնազարյանը այդ կերպարում ուղղակի մալադեց, հանդիսատեսին տեղ հասցրեց ամեն ինչ։ Թեման շատ ծանր էր, իսկ իմ կերպարը հետաքրքիր հումորային կսմիթներով կոտրում է ծանր հոգեբանական պահերը։ Թվում է, կոմեդիա խաղալը հեշտ է, բայց շատ դժվար է կոմեդիա խաղալ, չծիծաղել ու ծիծաղեցնել»։
Ներկայացման առանցքային դերակատարներից է Արաբոն․ նրա կերպարը Արծրուն Հարությանն է մարմնավորել։ Արաբոն իր կյանքը նվիրել է հայրենիք ազատագրման գործին, բայց 55 տարեկանում սիրահարվում է դեռահասի նման։ Սիրահարվում է նույն իրեն՝ Ասյային՝ ֆրանսերենի ուսուցչուհուն․ «Այս ներկայացման հիմքում սերն է, ընտանիքը։ Լինելով հասուն մարդ իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին և ընտանիք ժամանակ չի ունեցել։ Ու ինչպես կերպարս է ասում՝ «սիրում է աջակցել մանկավարժներին», նա անզոր է իր զգացմունքի առջև ու այստեղ տալիս է սիրո բաղադրատոմսը՝ սերը գալիս է այն ժամանակ, երբ պետք է»։
Արաբոն նռնենու ճյուղն է տնկում սիրեցյալի այգում․ «Երբ նռնենին ծաղկում է, վերածվում է պտուղի՝ սկսում է բազմանալ շատանալ։ Ներկայացման մեջ մի հատված կա, որտեղ ասում եմ՝ «երբ հավերժության պտուղդ հասնի ու ճաք տա ներսեն պատմիր նրան իմ սիրո մասին»։ Սա իմ կերպարի ամենամեծ խորհուրդների մասին է»։
Բացօթյա ներկայացումների գաղափարը ծնվել է կորոնավիրուսի ժամանակ։ Առաջինը ներկայացումը Սերո Խանզադյանի «Սպիտակ գառը» պատվածքի հիման վրա ստեղծված «Սպիտակ արևներ» ներկայացումն էր։
«Երեւանում թատրոն են փակում, Տիգրանը թատրոն է բացում»,- Արծրուն Հարությունյանը սա էական եւ ուշադրության արժանի հանգամանք է համարում։
«Էքսպերիմենտ արեցինք, որոշեցինք հանդիսատեսը գա գյուղ, նստի ու նայի այն պատմությունը ինչ որ եղել է։ Մի քիչ անհասկանալի էր, մի քիչ ֆանտաստիկ ժանրից էր, բայց ստացվեց ու ծնվեց պահանջարկ, որ պետք է լինի նման վայր, որտեղ հանդիսատեսը կվայելի և ներկայումը, և բնությունը ու հոգեպես բավարարված կվերադառնա մայրաքաղաք ասում է»,- ասում է մշակութային այգու հիմնադիր, բեմադրիչ Տիգրան Գյուլումյանը։
Հուզվեց ու ոգեշնչվեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ