Բանկային համակարգի զեղծարարություններից տուժած 20 քաղաքացի եւ նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող «Հանրային վերահսկողություն» հ/կ ղեկավար Մհեր Կարագյոզյանն այսօր ԱԺ-ում հանդիպել են ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի եւ Հայաստանի բանկերի միության ղեկավարի հետ:
Պարոն Կարագյոզյանը Aravot.am-ին հայտնեց, որ այսօրվա հանդիպմանը անդրադարձել են ԿԲ նախագահի՝ հունիսի 10-ին կատարած հայտարարությանը: Ըստ որի՝ 230 քաղաքացու վարկերը 3-5 տարով սառեցվել են, սպասում են դատարանի որոշմանը, ըստ այդմ կորոշվի մնացած քաղաքացիների կարգավիճակը:
Մեր զրուցակցի խոսքով, ԿԲ նախագահի այդ հայտարարությունը, ըստ էության, իրենց պահանջի տրամաբանությամբ էր, բայց հայտարարությունը որպես այդպիսին լղոզված էր. «Մենք պահանջում էինք վարկային պահանջները հետաձգել, քանի դեռ քրեական դատարանում վերջնական վճիռ չի հրապարակվել: Ինչը ենթադրում է չեղարկել վարկային պահանջները քաղաքացու նկատմամբ: Այսօր քննարկեցինք նաեւ բանկերի մանեւրելու հնարավորությունները, ինչը ԿԲ ներկայացուցիչը եւ բանկերի միության ղեկավարը բացառեցին:
Ստացվում է՝ հաղթել ենք, բայց մեր ձեռքին հաղթաթուղթ չկա: Այս ամեն ինչը օդի մեջ է. ուղղակի խոստումներ, խոստումներ: Չկան շոշափելի արդյունքներ եւ փաստաթղթեր: Այսօր մեր շահառուներից՝ Եվգինեն, Արմանը, Կարենը, Մարտիրոսը բանկերից ստացել են պահանջներ: Կուզեինք՝ այս ամենը համապատասխաներ իրականությանը, բայց արդյո՞ք կհամապատասխանի… ես ասում եմ՝ սրանք հարցի լուծման իմիտացիա են ստեղծել:
Լավ հասկացանք՝ հաղթանակի հոտը գալիս է, բայց հաղթանակը չի գալիս, մենք ունենք օդում հնչած խոսքեր: Մենք մի քանի օր էլ կսպասենք, որ այդ հայտարարությունները վերջապես կփաստաթղթավորվեն, վարկային ապօրինի պահանջները կսառեցվեն: Բայց դրանից հետո մեր գործողությունները լինելու են Սահմանադրությունից բխող ու ինքնուրույն, հետո թող չգան մեզ ասեն՝ անօրինական գործողություններ եք անում, մենք գնալու ենք բանկերը փակելու ճանապարհով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ